«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2010-01-28 | #14, 2010-01-29 | #15, 2010-01-30


ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԺԱՄԿԵՏԻՑ ՇՈՒՏ ԳՐԱՆՑԵՑ ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅՈՒՆԸ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության նախավերջին` 8-րդ տուրն անվանեց հանրապետության նոր չեմպիոնին: Վերելքով հանդես եկող գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը հաղթելով Դավիթ Քալաշյանին, վաստակեց 6,5 միավոր ու ժամկետից շուտ, իր կարիերայում առաջին անգամ հռչակվեց ՀՀ չեմպիոն: Առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրները հայտնի կդառնան այսօր կայանալիք ավարտական տուրում:

5-ական միավորով 2-3-րդ տեղերն են բաժանում Տիգրան Պետրոսյանը եւ Զավեն Անդրեասյանը: Զավենը ոչ-ոքի խաղաց Տիգրան Քոթանջյանի հետ, Տիգրանը հաղթեց Դավիթ Պետրոսյանին: Մրցանակակիր դառնալու հնարավորություն ունեն նաեւ 4,5 միավոր վաստակած Արտաշես Մինասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Արթուր Չիբուխչյանին եւ Հրանտ Մելքումյանին:

Կանանց մրցաշարում ավարտական տուրից առաջ բավական խճճված իրավիճակ է: Սիրանուշ Անդրեասյանն ու Լիա Մարտիրոսյանը 5,5 միավորով գլխավորում են աղյուսակը: Անդրեասյանը հաղթեց Մարիանա Գասպարյանին, Մարտիրոսյանը պարտության մատնեց Վարդուհի Քալաշյանին: Առաջատարներին կես միավոր է զիջում Անահիտ Խառատյանը, որն առավելության հասավ Նարինե Գասպարյանի նկատմամբ: Նաիրա Մովսիսյանը եւս մոտեցավ առաջատարներին` հաղթելով Անի Խանամիրյանին: Նաիրան վաստակեց 4,5 միավոր: Աննա Հայրապետյանն էլ հաղթեց Լուսինե Կարապետյանին:

Չեմպիոնության համար մղվող պայքարում վճռորոշ կլինեն ավարտական տուրում կայանալիք Անդրեասյան-Խառատյան, Հայրապետյան-Մարտիրոսյան, Մովսիսյան-Մարիանա Գասպարյան պարտիաները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4