Դատական վեճ տեղեկատվության հարցման խնդրով
ՀՀ վարչական դատարանը Գյումրու նստավայրում, դատավոր Էդիկ Նահապետյանի նախագահությամբ երեկ ձեռնամուխ եղավ «Առավոտ» օրաթերթի խմբագրությունն ընդդեմ Շիրակի մարզպետարանի» հայցով վարչական գործի դատական վարույթին` տեղեկատվության հարցման հետ կապված խնդրով:
Հայցի առարկան, ինչպես կայացած առաջին նախնական դատական նիստի ժամանակ ներկայացրեց հայցվորի ներկայացուցիչը, տեղեկատվություն ստանալու խախտված իրավունքի, մասնավորապես` խմբագրության լրագրողի այդ իրավունքի վերականգնումն է: Խոսքը վերաբերում է «Առավոտի» լրագրող Արամ Զաքարյանի կողմից անցյալ տարվա օգոստոսի 19-ին ՀՀ մարզպետարաններին, տվյալ դեպքում` Շիրակի մարզպետարանին էլեկտրոնային փոստի միջոցով ուղղված պաշտոնական հարցմանը, թե ինչ նպատակներով են ծախսվել նրանց 2006-2007 թթ. տրամադրված 10-ական մլն եւ 2008-2009 թթ. տրամադրված 20-ական մլն դրամ ֆինանսական միջոցները: Այդ հարցմանը լրագրողը Շիրակի մարզպետարանից պատասխան չի ստացել: Տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման վերացման հետ մեկտեղ հայցվոր կողմը դատարանից պահանջում է նաեւ անդրադառնալ այդ խախտման համար վարչական պատասխանատվության հարցին: Հայցի քննության համար որպես կիրարկման ենթակա իրավադրույթներ հայցվորի ներկայացուցչի կողմից նշվեցին սահմանադրության, ՀՀ «Զանգվածային լրատվության միջոցների մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների համապատասխան հոդվածները:
Պատասխանող կողմի` Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներն առարկեցին, թե հայցվոր կողմը բավարար հիմնավորում չներկայացրեց, որ նշված էլեկտրոնային հարցումը սահմանված կարգով ուղարկվել է: Նրանց հավաստմամբ` հիշյալ գումարների ծախսի վերաբերյալ տեղեկատվություն «Առավոտ» թերթի խմբագրության աշխատակցի կողմից տարածվել է, իսկ ինչ մնում է խնդրո առարկա էլեկտրոնային հարցմանը, մարզպետարանն այդ հարցումը չի ստացել, այն էլեկտրոնային հասցեն, որով, ըստ հայցվորի, հարցումն ուղարկվել է, չի գործել, այլ գործել են մարզպետարանի այլ էլեկտրոնային հասցեներ:
Երկու կողմերի դիրքորոշումները պարզելուց հետո առաջին նախնական դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստի օրը դեռ նշանակված չէ:
Գ. Մ.