Ադրբեջանական հասարակությունը դեռ ուշքի չէր եկել զորամասերից մեկում կայացած փոխհրաձգությունից, որից վեց զինվոր էր մահացել, երկուսը ստացել մարմնական ծանր վնասվածքներ, երբ լսվեց հերթական վայրագ սպանության մասին: Այս անգամ միմյանց չէին հասկացել ադրբեջանցի հոգեւորականները:
Նախիջեւանի Շարուրի շրջանի Գարխուն գյուղի մոլլա Գասըմ Մամիեւը մսագործի դանակով սպանել է Շարուրի ախունդ Հաջի Աքբարին եւ Սիյագութ գյուղի մոլլա Գազանֆիր Գուլիեւին: Yeni Musavat-ի փոխանցմամբՙ Շարուրի գլխավոր մզկիթի ախունդ Աքբարը շրջանի գյուղերի 40 մոլլաների գործունեությունը օրինական համարող փաստաթղթեր բաժանելու ժամանակ Գարխուն գյուղի մոլլա Մամիեւին ասել է, որ նրան փաստաթուղթ չի հասնում: Մամիեւն էլ Շարուրի շուկայում մսագործի դանակով սպանել է նախ Աքբարին, հետո նրա տեղակալ Գուլիեւին ու ինքնակամ հանձնվել ոստիկանություն:
Ըստ թերթի, մոլլա Մամիեւը կրոնական կրթությունը ստացել է Ադրբեջանում: «Նա հայտնի է որպես ճշմարտության կողմնակից, ինչի համար էլ ախունդը զրկել է նրան արտոնագրից»:
Դեպքի կապակցությամբ Ադրբեջանի կրոնական համոզմունքների եւ խղճի ազատության պաշտպանության կենտրոնի ղեկավար Իլգար Իբրահիմօղլուն ասել է. «Իրադարձությունը միանգամայն ներդաշնակ է կրոնի բնագավառում առկա իրավիճակին: Ադրբեջանի բանակում եւ հասարակության մեջ առկա անօրինականությունները փոխանցվել են նաեւ հոգեւոր բնագավառ: Զարմանալի չէ, որ բանակում տեղի ունեցող իրադարձությունները մզկիթներում էլ են լինում: Ո՛չ սպաներն են օրինակելի բանակում, ո՛չ էլ մանկավարժները` դպրոցներում: Մզկիթներն էլ հասարակության բաղկացուցիչ մասն են: Այստեղ նույնպես իրավիճակը բավարար չէ»:
Ադրբեջանի մի շարք գերատեսչություններ երեկ հրաժարվում էին որեւէ մեկնաբանություն տալՙ ադրբեջանցի լրագրողներին հորդորելով մի փոքր սպասել ու շուտափույթ եզրահանգումներ չկատարել: Ըստ ադրբեջանական մամուլի, առողջապահության նախարարությունից պետք է քննեն մարդասպանինՙ նրա հոգեկան վիճակը պարզելու համար:
Մինչ ադրբեջանական իշխանությունները փորձում են որեւէ բնորոշում տալ կատարվածին, ադրբեջանական հասարակությունը կրկին ահաբեկված է: Համացանցում նրանք իրենց բողոքն են արտահայտել իշխանության, նախագահի հասցեին, դժգոհելով, որ Ալիեւը չի կարողանում կառավարել պետությունը: Մասնավորապես 600min.az էլեկտրոնային պարբերականում մի շարք ադրբեջանցիներ իրենց վրդովմունքն ու վախն են արտահայտել:
«...Հետո էլ զարմանում ու զայրանում են, որ փակում են մզկիթներ, իսկ այստեղ ի՞նչ է կատարվում, հոգեւոր առաջնորդներն իրար են սպանում: Երեկ էլ բանակում էին սպաներն իրար սպանել, հիմա մոլլաներն են սպանում: Ե՞րբ է այս ամենին վերջ դրվելու», գրում է Մամա Սլիշկի ծածկանունուվ ադրբեջանուհին:
Մարինա անունով երիտասարդ ուսանողուհին էլ կեսկատակ-կեսլուրջ կարծիք է հայտնում, որ եթե այսպես շարունակվի, ապա շուտով երկրում ոչ սպաներ կլինեն, ոչ էլ մոլլաներ: «Այս ամենից հետո դժվար է հանգիստ ապրել, առանց վախի փողոց դուրս գալ: Վերջին շրջանում ոչ միայն երկրի ծայրամասում, այլեւ հենց Բաքվում են շատացել սպանությունները, բայց դա կարծես չի մտահոգում մեր իշխանություններին...»
«...Սպաների առումով բան չունեմ ասելու, դե, հարցեր ունենք լուծելու (երեւի նկատի ունի ղարաբաղյան հակամարտությունը-Հ.Հ.), բայց ի՞նչ ենք անում այսքան մոլլա, մեր երկում բոլորն էլ գիտեն աղոթել, նրանց դերն անիմաստ է», գրում է Հենրիխ Մյուլլեր կեղծանվան տերը:
«...Շուտով իմ որդին պետք է զորակոչվի բանակ, ես սարսափում եմ, երբ լսում եմ, որ բանակում զինվորներն ինքնասպան են լինում կամ իրար վրա կրակում: Որ հոգեւորականը դանակով մորթել է երկու այլ հոգեւորականների, մտածելու տեղիք է տալիս: Բայց մեր իշխանություններն այդ ամենը կոծկում են, տան կեղտոտ լվացքը չեն լվանում, ու դրանից գարշահոտություն է փչում», գրում է Լեյլան:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ