Կիրակի օրը Թուրքիայի վարչապետ Էրդողանը կրկին խոսել էր այն մասին, որ իբր Հայաստանը հողեր է «բռնազավթել», ու այդ առիթով խոսել էր իբր այդ մասին վկայող ՄԱԿ-ի 4 բանաձեւերից, եւ այն բանից, որ 20 տարվա ընթացքում Ղարաբաղի հարցը տեղից չի շարժվել, ու այս ոգով հաթաթա էր տվել, թե հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ որոշում ընդունելու հետ կապված իրենք ճնշում չեն գործադրելու թուրքական խորհրդարանի վրա, ինչ որոշում էլ ընդունի, այն էլ ի գիտություն են ընդունելու: Մի խոսքով` կրկին Արձանագրությունները կապել էր ղարաբաղյան հարցի հետ:
Երեկ մեր խորհրդարանականներն արձագանքեցին այս հայտարարությանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այս կերպ պատասխանեց Թուրքիայի վարչապետին. «Հայկական կողմը մշտապես կատարել է իր միջազգային պայմանավորվածությունները, որովհետեւ մենք ենք նախաձեռնել գործընթացը: Ցավոք` նույն բանը չեմ կարող ասել Թուրքիայի մասին: Եկել է Թուրքիայի գործելու ժամանակը եւ այդ երկիրը պետք է ապացուցի, որ ուզում է հայ-թուրքական Արձանագրությունները վավերացնել, եւ ոչ թե իմիտացիա է անում` մեղքն ուրիշի վրա բարդելով: Իմ խորին համոզմամբ` այն կողմը, որը Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ պրոբլեմներ կտեսնի կամ այդ որոշմամբ պայմանավորված պատճառաբանություններ կանի` հենց նրա վրա կընկնի գործընթացի հետագա պատասխանատվությունը: Հայաստանն ամբողջ աշխարհին վերջին ամիսներին երեւացել է որպես ավելի հուսալի գործընկեր, ի տարբերություն Թուրքիայի, որն ամիսներ շարունակ սառեցնում եւ փտեցնում է Արձանագրությունները, մինչդեռ Հայաստանի Սահմանադրական դատարանը ամիսուկես ժամանակ ուներ ձգձգելու իր որոշումը, բայց չձգձգեց, կամք ցուցաբերելով, որ մենք պատրաստ ենք այդ գործընթացին ընթացք տալ: Իսկ որ Էրդողանը հայտնագործել է ՄԱԿ-ի 4 բանաձեւ, որտեղ Հայաստանն «օկուպանտ» է, դա զարմանալի եւ անհեթեթ է պարզապես»:
«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ՙ իր հերթին հիշեց, որ լինելով կառավարության եւ դրանից հետո ընդդիմության մեջ` ինքը կողմ է եղել առանց նախապայմանների Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, բայց թուրքական դիրքորոշումը բերեց նրան, որ Հայաստանը պետք է վերանայի իր պաշտոնական դիրքորոշումը` ըստ պատգամավորիՙ Հայաստանը պետք է նախապայմանային հարաբերություններ կիրարկի, սիմետրիան վերականգնի. «Եթե Թուրքիան պետք է Հայաստանի հետ խոսի նախապայմանային եզրաբանությամբ, ապա Հայաստանը, թեկուզ ուշացած, իր նախապայմանները պետք է դնի, որովհետեւ քաղաքականության ու դիվանագիտության այս անհավասարությունը ապակառուցողական է եւ կբերի նրան, որ մեր ազգային շահը չենք կարողանա պաշտպանել: Ես կարծում եմ` մենք արդեն հասել ենք սահմանագծին, որ փորձելով 2 տասնամյակ գրեթե առանց նախապայմանների կառուցել այդ հարաբերությունները, մենք ընդունենք մարտակոչը` ողջունելով Թուրքիայի վարչապետի անկեղծությունն ու ինքներս նախապայմաններ դնելով»:
Մ. Խ.