Հայտարարել է Էրդողանը թուրքական հանրային հեռուստատեսությամբ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՀՀ Սահմանադրական դատարանի հայ-թուրքական Արձանագրությունների մասին որոշումը Թուրքիայում վերստին օրակարգի խնդիր դարձրեց Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը: Խնդրի անընդմեջ արծարծումները, Անկարայի ձեռնարկումներն ու Թուրքիայի ղեկավարների հայտարարությունները բոլոր հիմքերը տալիս են պնդելու, որ Անկարայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը չէ, այլ նորմալացման գործընթացում կատարած հետքայլի արդարացումը, որպեսզի գործընթացի ձախողման դեպքում պատասխանատվությունն ընկնի հայկական կողմի վրա:
Այդ առումով բացառություն չէր կիրակի օրը թուրքական հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված քաղաքական ծրագիրը, որտեղ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք մեծապես առնչվում են, այսպես կոչված, Հայաստանի խնդրին:
Էրդողանը նախ նշել է, որ Թուրքիան ցյուրխիյան Արձանագրություններից նահանջ չի կատարի, սահմանների բացման հարցում ընդամենը մի բան է պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբից, եւ ինքն այդ մասին խնդրանքով ԱՄՆ-ում դիմել է նախագահ Բարաք Օբամային, իսկ Ռուսաստանումՙ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմի Պուտինին: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, ապա վերջինին դեռեւս հանդիպելու առիթ չի ունեցել:
Այնուհետեւ Թուրքիայի վարչապետը շարունակել է. «Մինսկի եռյակը լուրջ թերացումներ ունի, չկարողացավ 20 տարի շարունակ որեւէ հանգրվանի հասցնել (ղարաբաղյան հակամարտության կարգավորման) գործընթացը: Եթե 20 տարում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆանսիան հետամուտ լինեին գործին, ապա այս խնդիրներից ոչ մեկը չէր առաջանա: Ո՛չ մենք Հայաստանի հետ որեւէ խնդիր կունենայինք, ո՛չ էլ Հայաստանըՙ Ադրբեջանի: Եթե նրանք ասած լինեին, թե ինչպես վարվել, ապա Հայաստանը վերջ կտար օկուպացիային: Հայաստանը տարածք է օկուպացրել, եւ դա հաստատել է ՄԱԿ-ը: Եթե օկուպացումը վերանա, դրա հետ կվերանան բոլոր խնդիրները: Սակայն Ռուսաստանը, Ամերիկան եւ Ֆրանսիան անհրաժեշտ կամքը չդրսեւորեցին: Ապրիլը մոտենում է, իրենց ասել ենք. «Ինչպես դուք խորհրդարան ունեք, այնպես էլ ՙ մենք, եւ չենք կարող որեւէ բան պարտադրել մեր խորհրդարանին, կհամակերպվենք այն որոշմանը, ինչ կընդունի խորհրդարանը»:
Էրդողանը հիշեցրել է, որ իրենք ցյուրիխյան Արձանագրությունները ներկայացրել են խորհրդարան, իսկ Հայաստանըՙ Սահմանադրական դատարան, որը բանավեճերի տեղի է տալու Մեջլիսում եւ բարդացնելու դրանց վավերացումը: Ապա նա ընդգծել է. «Այս ամենը, հատկապես Կովկասում մեր կատարած քայլը, սերտորեն առնչվում է այս գործընթացին: Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, ինչպես նաեւ Վրաստանը, որը ներգրավված չէ գործընթացում, կարող են համատեղ քայլով նպաստել գործընթացին: Մենք հետամուտ ենք լինելու գործընթացին (ղարաբաղյան հակամարտության կարգավորման), առանց որեւէ արդյունքի չենք կարող ԱՄՆ-ի պահանջով ասելՙ շատ բարի, մենք այս քայլը (Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման) կատարում ենք, եւ հարցը լուծված է»:
Վերջում Էրդողանը նշել է, որ Թուրքիայում 170 հազար հայ կա: Հայերի 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, մնացածներըՙ Հայաստանի, ապա եւ ավելացրել. «Մենք աչք են փակում դրա վրա, որովհետեւ լարվածություն չենք ուզում: Քանի որ եկել են մեր երկիր, ուրեմն խնդիրներ ունեն: Սակայն մեր կատարած քայլերը դրական համարժեք արձագանքի չեն արժանանում»: