«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-01-29 | #15, 2010-01-30 | #16, 2010-02-02


ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ «ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ» ՍԿՍՈՒՄԸ ԿՈՎԿԱՍԻՑ

Անդրկովկասում վերջին ժամանակներում ընթացող գործընթացները բեւեռում են ամբողջ քաղաքական աշխարհի ուշադրությունը: Ռուսաստան-Վրաստան, ղարաբաղյան հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ, Թուրքիայի կշռի աճ, Իրան. սա հարցերի այն շարքն է, որոնց մեծ ուշադրությամբ հետեւում են գերտերությունները (եթե չասենքՙ ակտիվորեն մասնակցում են բոլոր գործընթացներին - Հ.Ա.):

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ, ամերիկյան «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնի փորձագետները, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, նկատել են, որ բացառված չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դուրս գա գերտերությունների վերահսկումից: Սա, ըստ ամերիկյան փորձագետների, հնարավոր է այն պատճառով, որ տարածաշրջանում հաճախակի են դարձել պատերազմը վերսկսելու կոչերը. «Ընդ որում, եթե նախկինում այդ կոչերը հնչում էին միայն Ադրբեջանից, ապա այժմ Հայաստանը նույնպես «հետ չի մնում»», նկատել է ամերիկյան վերլուծական կենտրոնը: Իսկ կենտրոնի փորձագետ Մարկո Պապիչը նշում է. «Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը մի գեղեցիկ օր կարող են հայտնաբերել, որ խնդիրը դուրս է եկել իրենց վերահսկման դաշտից: Այնինչ այն երկրների բախտը, օրինակՙ Թուրքիայի, որոնք ուզում են դառնալ տարածաշրջանային գերտերություն, շատ բաներով կախված է հենց ղարաբաղյան զարգացումներից»: Ամերիկացի փորձագետները նաեւ շեշտում են, որ Ղարաբաղի հարցով բանակցությունների մեջ կան մի շարք գործոններ, որոնք անհնար է չնկատել, նախՙ Թուրքիայի ցանկությունը` վերածվելու տարածաշրջանային լուրջ ուժի, հետոՙ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ ստեղծված պատմական միությունը: Ընդ որում, ըստ Պապիչի, Ռուսաստանի համար շահեկան է Թուրքիայի դերի բարձրացումը տարածաշրջանում. «Սա ամենեւին չի նշանակում, որ Ռուսաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Ավելին, հստակ տեսանելի է, որ Բաքուն աստիճանաբար թեքվում է դեպի Մոսկվա` Թուրքիայի` Հայաստանի հետ հարաբերություններ սկսելու պատճառով: Ուստի ամենեւին բացառված չէ, որ տարածաշրջանում իրադրությունը կարող է անվերահսկելի դառնալ: Պետք է ընդունել, որ այն ինչ-որ բանով հիշեցնում է 1914-ի Բոսնիան, երբ տարածաշրջանային հակամարտությունը վերածվեց համաշխարհային պատերազմի», հոռետեսորեն եզրափակում է Պապիչը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4