«Եվրոնյուզ», «Պրավդա», Ուկրաինա, Համայն Ռուսիո պատրիարքարան, Եգիպտոս, իսկ հիմա էլՙ Ավստրիա: Սա այն երկրների ու մարմինների ցանկն է, որտեղ Բաքուն բողոքի նոտաներ է ուղարկել: Ինչո՞ւ, որովհետեւ բոլոր վերոնշյալ երկրներն ու կառույցները Ղարաբաղը համարել են հայկական:
«Ազգ» -ը հունվարի 23-ինՙ Եգիպտոսում հրապարակված հայկական Ղարաբաղի քարտեզից հետո, գրել էր, թե հետաքրքրական է, թե ո՞վ կլինի հաջորդը, որ կունենա համարձակություն Ղարաբաղը հայկական համարելու: Եվ ահա, Ավստրիայի կրթության եւ սպորտի նախարարության պաշտոնական կայքում զետեղված է քարտեզ, որտեղ Ղարաբաղը, բնականաբար, հայկական է:
Բնականաբար Բաքուն հիմա նախապատրաստում է իր հերթական բողոքի նոտան, որն այս անգամ կուղեւորվի Վիեննա: Այս փաստի առիթով արդեն աղմուկ են բարձրացրել «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսում» (հետաքրքական է, այդ ե՞րբ ադրբեջանցիները ցրվեցին աշխարհով մեկ, որ նման կոնգրես ունեցան-Հ.Ա.): Բնականաբար հնարավոր է, որ պաշտոնական Վիեննան փոխի իր դիրքորոշումը, հանի քարտեզը կամ փոփոխության ենթարկի, սակայն փաստը մնում է փաստ. Ղարաբաղի իրական տերերին «շփոթվելով» սկսում են ճանաչել շատերը` աշխարհի տարբեր անկյուններում:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ