«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2010-01-29 | #15, 2010-01-30 | #16, 2010-02-02


ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 90-ԱԿԱՆՆԵՐԻՆ

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ցինիզմին կնախանձեին անգամ այդ հատկությամբ փայլող ՀՀՇ-ական կարկառուն գործիչներից շատերը: Վերջերս նա, բացի տնտեսական խնդիրներից, սկսել է խոսել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ մասնավորապեսՙ ցեղասպանության մասին: Թվում է, թե դրանում զարմանալի ոչինչ չկա, եթե չլիներ այն ակնհայտ հակադրությունը, որ առաջանում է Հրանտ Բագրատյանի վարչապետության ժամանակ այս մասին արած արտահայտությունը ներկայիս ասածների հետ համեմատելիս:

Վերոնշյալի մասին ուշագրավ մի դրվագ է 90-ականներին ԱԺ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանի այսպիսի մի գնահատականը այն ժամանակվա վարչապետին. «Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիսում, փորձելով գնահատական տալ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությանը, կասկածի տակ դրեց այդ հրեշավոր գործողություննների նախադրյալներն ու պատճառները եւ դրանով իսկ պաշտպան կանգնեց նրանց, ովքեր կազմակերպել եւ իրականացրել են ցեղասպանությունը... Պետության տնտեսության ծրագիրը ձախողելով` նա հիմա փորձում է ներխուժել հայ ազգի պատմության նուրբ ու զգայուն շերտեր` այդպիսով թույլ տալով կոպիտ եւ վտանգավոր սխալներ, անելով տհաս եւ վնասակար եզրակացություններ: Հայ ժողովրդի պայքարը ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում երբեք չի թուլանում ու չի թուլանա: Եվ այս ամենի ֆոնի վրա վարչապետի վերը նշված կարծիքն ընկալվում է որպես կոշտ աններդաշնակություն, որպես արհամարհանք հայ ժողովրդի շահերին: Ժողովրդի ցավերով ու շահերով անհանգստացած վարչապետը երբեք իրեն նման արտահայտություններ թույլ չէր տա: Ակամա հարց է առաջանում. արդյո՞ք սիրում է նա իր ժողովրդին»: Բնական հարց կարող է առաջանալ, թե ի՞նչն էր այդպես վրդովվեցրել այն ժամանակվա ընդդիմության ներկայացուցչին եւ ի՞նչ էր ասել Բագրատյանը:

Պատասխանը գտանք մամուլում: Խոսելով ցեղասպանության մասին` Հայաստանի այն ժամանակվա վարչապետը մասնավորապես ասել էր. «Հնարավոր է, որ մենք էլ մի բան չենք... Չի լինում, չէ՞, որ վերցնեն ու հենց այնպես թրատեն ինչ-որ ազգի»: Թերեւս մեկնաբանությունների կարիք այստեղ չկա: Մնում է միայն ավելացնել, թե Բագրատյանն ու նրա նմաններն իրավունք ունե՞ն խոսելու այդ թեմայից, առավել եւսՙ դասեր տալ:

Թեպետ, եթե անկեղծ լինենք, արտառոց ոչինչ չկա, որ նման արտահայտություն է անում նախկին վարչապետը, որի «շեֆը» ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա էր անվանում: Ինչ վերաբերում է Լեոնիդ Հակոբյանի հարցադրմանը, թե «արդյո՞ք սիրում է նա իր ժողովրդին», ապա դրա պատասխանը Բագրատյանը իր գործունեությամբ ու խոսքերով լիուլի ցույց տվեց 90-ականներին: Այդ նա էր խորհուրդ տալիս` «պանիր էլ մի կերեք, որովհետեւ հո բոլորը չէ, որ սեւ խավիար են ուտում», կամ «չհաշվել ուրիշի փողերը» (այսինքնՙ իրենց): Այդ նույն Հրանտ Բագրատյանն էր, որ 24-ժամյա էներգամատակարարման հնարավորության պայմաններում բնակչությանը հազիվ 1-2 ժամ հոսանքով էին տալիս, իսկ վթարված ենթակայաններով կամ կաբելներով շենքերի բնակիչները դրանից էլ էին զրկված: Փոխարենը բոլորիս հաշվին հարստանում էին նրա թիմակիցներն ու հարազատները` թքած ունենալով ժողովրդի վրա, երկրի վրա, ազգային արժեքների վրա: Պատահական չէ, որ բագրատյանական «հանճարեղ» գնահատականներն այժմ առաջին հերթին ու մեծ հաճույքով տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հ.Գ. Ի դեպ, վերջին ասուլիսներից հետո Հրանտ Բագրատյանը նաեւ անլուրջ մարդու տպավորություն թողեց: Իրեն տնտեսագետ համարող այս անձնավորությունը ավելի շատ գործածում էր վիրավորական եւ ընդհանրական ձեւակերպումներ` «մաքուր անհեթեթություն», «բացարձակ հիմարություն», «նյարդային անկման հետեւանք», «կիսագրագետներ», «լկտի», «ծույլ», «անբան» եւ այլն: Տպավորությունն այն էր, որ նա ինքնաբնութագրմամբ էր զբաղված:

ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4