«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2010-01-30 | #16, 2010-02-02 | #17, 2010-02-03


ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԱՄ ՇՓՈԹՎԱԾ Է, ԿԱՄՙ ԱՆՏԵՂՅԱԿ

Թեեւ վարչապետ Հրանտ Բագրատյանը վերջերս սկսել է խոսել նաեւ ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին, ինչի մասին անդրադարձ է եղել մեր թերթի նախորդ համարում, այդուհանդերձ, նախկին վարչապետի մտքերից առավել հետաքրքրական են տնտեսական իրավիճակի մեկնաբանություններն ու գնահատականները: Ծանոթանալով դրանց, դժվար է լինում հավատալ, թե այդ մարդն իսկապես տնտեսագետ է եւ երբեւէ եղել է մեր երկրի վարչապետը: Քանի որ մամուլի ասուլիսներում եւ իր հրապարակումներում վերջինս արտահայտվել է մեր տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության բազմաթիվ հարցերի վերաբերյալ, ապա բոլորին մեկ հրապարակման մեջ անհնար է անդրադառնալ:

Հրանտ Բագրատյանին հատկապես դուր չեն գալիս կառուցապատողներին կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը եւ ընդհանրապես Հայաստանում վերջին տարիներին իրականացվող լայնածավալ շինարարությունը: Դա, թերեւս, հասկանալի է: Նրա վարչապետության տարիներին ամեն ինչ քանդվում էր, ամեն ինչ փակվում: 90-ականների առաջին կեսին, Համաշխարհային բանկի տվյալներով, Հայաստանում փակվեց 600 հազար աշխատատեղ: Այս թիվն այնքան խոսուն է, որ ավելացնել ոչինչ պետք չէ: Այժմՙ մշտապես ինքն իրեն գովաբանող տնտեսագետի տեսակետների մասինՙ ըստ էության:

Հրանտ Բագրատյանը սխալ է համարում կառուցապատողներին խրախուսելը, «20 հազար շքեղ բնակարաններ կառուցելն» ու «ռեսուրսները փոշիացնելը» (ով է խոսում ռեսուրսներ փոշիացնելուց- Ա. Մ.): Նրա մտքի փայլատակումը հասնում է այնտեղ, որ Հյուսիսային պողոտայի կառուցումը համարում է 2009-ին եւ 2010-ին թոշակների եւ աշխատավարձերի սառեցման հիմնական «մեղավորներից մեկը»:

Նախկին վարչապետը դարձյալ շփոթում է իր կառավարման տարիները ներկայիս հետ: Այդ այն տարիներն էին, որ աշխատավարձերն ու թոշակները ոչ թե սառեցվում, այլ ընդհանրապես ամիսներով ու անգամ տարիներով չէին վճարվում: Թե այժմ այդ ի՞նչ աշխատավարձեր ու թոշակներ են սառեցվել, Հրանտ Բագրատյանը չի նշում: Մինչդեռ 2009-ին աշխատավարձերն ու թոշակները, անկախ ճգնաժամից, որոշ չափով աճել են, իսկ 2010 էլ դեռ նոր է սկսվել: Իսկ թե ինչ կապ ունի այդ ամենի հետ Հյուսիսային պողոտան, երեւի միայն Հրանտ Բագրատյանին է հայտնի:

Ինչ վերաբերում է շինարարությանը եւ կառուցապատողներին աջակցելուն: Հայտնի է, որ այս ճյուղում վերջին տարիներին մեծածավալ ներդրումներ են կատարվել (այլ ոչ թե ռեսուրսներ փոշիացվել), տասնյակ հազարավոր աշխատատեղեր ստեղծվել, եւ ճգնաժամի ամենամեծ հարվածը ստացավ հենց այս ճյուղը: Եթե կառավարությունը չփորձեր որեւէ կերպ այս իրավիճակում աջակցել շինարարությանը, նպաստելով, որ գոնե մասամբ պահպանվեին այստեղ ստեղծված աշխատատեղերը, ապա այն ժամանակ արդեն իսկապես արժանի կլիներ արդարացի քննադատության:

Դարձյալ անտեղյակությո՞ւնն է պատճառը, թե՞ նախկին վարչապետն ընկալելու խնդիր ունի, երբ, շարունակելով այս թեման, առաջարկում է կառուցապատողներին աջակցելու փոխարեն վարկավորել գնորդներին, այսինքնՙ խթանել պահանջարկը: Մի՞թե հիպոթեկային ընկերության հիմնադրման, երիտասարդ ընտանիքների համար հիպոթեկային մատչելի վարկավորման ծրագրերի, այդ նպատակով հատկացված միլիարդավոր դրամների մասին նա ոչ մի տեղ չի լսել կամ չի կարդացել: Ինչ է, դա պահանջարկը ֆինանսավորել չի՞ նշանակում: Ինչեւէ:

Մեկ այլՙ փոխարժեքի թեման Հրանտ Բագրատյանի համար մի տեսակ հոբբի է դարձել: Անցյալ տարի նա կանխատեսում էր, որ փոխարժեքը շուտով կգահավիժի եւ տարեվերջին կգտնվի 400-800 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում: Այն, որ նման միջակայքի մասին խոսելն արդեն անգրագիտություն է, առիթ ունեցել ենք ասելու: Հիմա էլ նախկին վարչապերտն ասում է, որ դոլարի իրական փոխարժեքն այսօր պետք է լիներ 470 դրամի սահմաններում: Հավանաբար ինքն էլ է հասկացել, որ 400-800 միջակայքը միայն ծիծաղ է առաջացնում: Սակայն այստեղ ուշադրության է արժանի երկու այլ հանգամանք:

Նախ, եթե անցյալ տարի դրամի փոխարժեքի անկումը Բագրատյանը ներկայացնում էր որպես առնվազն ողբերգական իրադարձություն, ապա այժմ, տեսնելով, որ իր «պայծառատեսությունը» չի իրականացել եւ դոլարի փոխարժեքն անգամ 400 դրամին չի հասել, դրամի արժեզրկումը կարեւորում է որպես անհրաժեշտ միջոցառում:

Երկրորդՙ նա հիմա խոսում է դրամի գերարժեւորման մասին, ասելով, որ եթե շուկային չմիջամտեն, ապա դրամն այդ չափով կարժեզրկվի: Մինչդեռ անցյալ տարվա մարտից առաջ եւ հետո միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներն ու փորձագետները բազմիցս ասել են, որ մինչեւ ԿԲ կողմից լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալը դրամը գերարժեւորված էր 20-30 տոկոսով: Մոտ այդքան էլ արժեզրկվեց մարտի 3-ից հետո եւ շարունակում է գտնվել այդ միջակայքում, երբեմն անգամ հակասելով միջազգային շուկաներում դոլարի արժեզրկման միտմանը: Իսկ թե ինչո՞ւ է «հայտնի» տնտեսագետը սեւեռվել հատկապես 470 թվի վրա, այնքան էլ պարզ չէ: Ինչո՞ւ ոչ 460 կամ 480: Երեւի այս թվերն այդքան էլ նրա սրտով չեն, թե չէ Հրանտ Բագրատյանի նման տնտեսագետի համար առանձնակի տարբերություն չկա, թե փոխարժեքի մասին խոսելիս ինչ թվեր կարելի է «կրակել» եւ ինչպիսի դիպուկությամբՙ հակառակ նախկին կանխատեսումների ահռելի միջակայքի:

Երեւի թե այսքանը բավարար է մոտավոր պատկերացում կազմելու Հրանտ Բագրատյանի տեսակետների մասին եւ հասկանալու, թե ինչու էինք մենք եւ մեր տնտեսությունը հասել աղետի եզրին նրա վարչապետության տարիներին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4