«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2010-01-30 | #16, 2010-02-02 | #17, 2010-02-03


ԴԱՐՉԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԲՐԱՀԱՄԸ ՆՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ ՈՒՆԵՆ

Հայտնի է դարձել Վախթանգ Դարչինյանի նոր մրցակիցը, որը մարտի 6-ին ԱՄՆ-ի Ռանչո Միրաժ քաղաքում կմենամարտի հայ բռնցքամարտիկի հետ: Այդ օրն առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC-ի եւ WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսները Դարչինյանը պետք է պաշտպանի մեքսիկացի Ռոդրիգո Գեռերոյի հետ մենամարտում: Հիշեցնենք, որ նախապես որոշված էր, որ Դարչինյանի մրցակիցը լինելու է Ռաուլ Մարտինեսը, սակայն կողմերը համաձայնության չէին եկել պարգեւավճարի հարցում:

Մեքսիկացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 15 մենամարտ է անցկացրել, որոնցից 13-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտվել է:

Վախթանգ Դարչինյանը շարունակում է աշխատել իր հարվածի ուժը հզորացնելու վրա: Ներկայումս նա մարզումներ է անցկացնում, որոնց նպատակն է բարելավել ոտքերի մկանների արագաուժային հատկանիշները: Այդ գործում հայ բռնցքամարտիկին օգնում են սկավառակի նետման աշխարհի չեմպիոն Դենի Սեմյուելսը, ինչպես նաեւ ռեգբիստների ֆիզպատրաստության մարզիչներ Հեյդեն Նոուլսը եւ Կրեյգ Կետերիկը: Մարզիչների համոզմամբ, ոտքերի մկանների ուժի ավելացումը կնպաստի նրա հարվածների էլ ավելի հզորացմանը:

Ինչպես հայտնի է, մարտի 6-ին նույն Ռանչո Միրաժ քաղաքում ռինգ դուրս կգա նաեւ Արթուր Աբրահամը, որը երկրորդ միջին քաշային կարգի 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարում 2-րդ մենամարտը կանցկացնի ամերիկացի Անդրե Դիրելի հետ: Այդ մենամարտին նախապատրաստվելու նպատակով Արթուրը մարզումային մենամարտ կանցկացնի 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 43-ամյա գերմանացի բռնցքամարտիկ Սվեն Օտկեի հետ: Վերջինս հնգամյա ընդմիջումից հետո վերադարձել է ռինգ: Նա շաբաթը 5 անգամ հաղթահարում է 11 կմ մրցատարածությունը, տարին մեկ անգամ մարզում է Մալյորկայում հանգստացողներին: Օտկեն 82 կգ է եւ իր հավաստմամբ, նախկինի պես դեռեւս արագաշարժ է ու չի վախենում Արթուրի ուժգին հարվածներից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նկար 1. Արթուր Աբրահամն ու Սվեն Օտկեն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4