Հենց այսպես են անվանել Նախիջեւանը նորվեգական, հելսինկյան միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Հիշեցնենք, որ վերջին ժամանակներս Նախիջեւանում իրավիճակը բավական լարված է (այս մասին «Ազգը» գրել է մի քանի անգամ): Եվ ահա, «Ադրբեջանի սեւ կղզին. մարդու իրավունքների խախտում Նախիջեւանում» վերնագրով նշված միջազգային կազմակերպությունը հատուկ զեկույց է պատրաստել, որը ներկայացվել է Ստրասբուրգում` ԵԽԽՎ-ի նստաշրջանում, նորվեգական «Ռաֆտո» հիմնադրամի կազմակերպած հատուկ պատվիրակության կողմից: Հիշեցնենք, որ հենց նորվեգացի եւ ամերիկացի դիվանագետներին Նախիջեւանի իշխանությունները թույլ չէին տվել մտնել Նախիջեւան:
Իսկ վերոնշյալ զեկույցում անդրադարձ է արվել Նախիջեւանի քաղաքական համակարգին: Միեւնույն ժամանակ եվրոպացիները նշել են Նախիջեւանի ինքնավար հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի եւ նախագահ Իլհամ Ալիեւի ազգակցական կապի մասին: Նախիջեւանում տիրող բռնապետական ռեժիմը համեմատվել է Թուրքմենստանում` նախկին նախագահ Սամարմուրադ Նիյազովի ստեղծած ռեժիմի հետ: Զեկույցում նշվել է նաեւ, որ Թալիբովին են պատկանում ինքնավար հանրապետության երկու գլխավոր հոլդինգները` «Ջախանը» եւ «Հեմիհայանը», ինչպես նաեւ Նախիջեւանի բոլոր լրատվամիջոցները:
Հետաքրքական մի անդրադարձ նույնպես տեղ է գտել եվրոպական զեկույցում. «Նախիջեւանյան կլանը լուրջ դերակատարում ունի ոչ միայն ինքնավար հանրապետությունում, այլեւ ամբողջ երկրում. այդ երկրամասից «դուրս եկածները» տեղ են զբաղեցնում երկրի բարձրագույն իշխանական համակարգում», նշված է զեկույցում (ի դեպ, Ալիեւները նույնպես նախիջեւանյան ծագում ունեն - Հ. Ա.):
Զեկույցն անդրադարձել է նաեւ Նախիջեւանում լրագրողների նկատմամբ իրականացված եւ իրականացվող բռնություններին: Իսկ կոնկրետ Բենանյար գյուղի իրադարձությունների հետ կապված եվրոպական զեկույցը կոչ է արել միջազգային հանրությանը մեծ ուշադրություն դարձնել այդ դեպքերին, նույնիսկ անհրաժեշտ է համարվել, որ հատուկ Նախիջեւանի հարցերով զեկուցող լինի ԵԽԽՎ-ում: «Անհրաժեշտ է վերջացնել Նախիջեւանում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, շարքային քաղաքացիներին ահաբեկման ենթարկելը, իրավապաշտպանների աշխատանքին խոչընդոտելը», նշված է զեկույցում:
Հարգարժան եվրոպական կազմակերպություններն ո՞ւր էին, երբ նույն Նախիջեւանում հայկական հուշարձաններ էին ավերվում, մի՞թե սա բարձրաձայնելու կարիք չուներ: Եվ ամենակարեւորըՙ Նախիջեւանը Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն է, եւ ի՞նչ է կատարվում այնտեղ. ա՞յդ ինքնավարության մասին է պատմում Իլհամ Ալիեւը միջազգային հանրությանը` Ղարաբաղ պահանջելիս:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ