Վրաստանը հարեւանության ու մի շարք այլ չափանիշներով Հայաստանի համար բացառիկ երկիր է: Բացառիկ են ոչ միայն դժվար նկատելի ու գրեթե միշտ սնամեջ դուրս եկող հայ-վրացական հարաբերությունները, այլեւ հենց բուն Վրաստանում հայերի հանդեպ այդպես էլ թերարժեքության բարդույթը չհաղթահարած մոտեցումներն ու վերաբերմունքը:
Այն, որ Վրաստանում հայերին առանձնակի չեն սիրում, ապացույցների կարիք չունեցող իրողություն է, որ երբեմն դուրս է պրծնում տպագիր մամուլում ու քաղաքական ասպարեզում ամենաբարձր մակարդակով: Սակայն նախընտրական ու դրա նման պահերը որեւէ երկրի կյանքում կարող են կարեւոր դարձնել նաեւ հայ համայնքի գնահատականը, չնայած, օրինակ, նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հայաբնակ Ջավախքը գրեթե միշտ 100-ից ավելի տոկոսով «քվեարկել է» գործող իշխանությունների օգտին:
Այս դեպքում էլ հարցեր շատ են առաջանում, թե ինչպես է զգալի հայաթափված Ջավախքում ընտրություների մասնակցությունը 90 տոկոսանոց, իսկ իշխանությունների օգտին էլ քվեարկում է այդ չեղած բնակչության 100 տոկոսը:
Մայիսի վերջին տեղի կունենան Թբիլիսիի քաղաքային սաքրեբուլոյի առաջին ընտրությունները: 25 պատգամավոր ընտրվելու է համամասնական, նույնքան էլ մեծամասնական ընտրակարգով: Վրացական ընդդիմության առաջնորդներից մեկը երեկ հանդիպել է Թբիլիսիի հայերի միության ներկայացուցիչներին: Այս կառույցն էլ յուրօրինակ ու բացառիկ է` հայ-վրացական ամեն ինչի նման, քանի որ վրացահայ համայնքում այսօրինակ միություններն այնքան շատ են, որ կարելի է կարծել, թե այս համայնքն ունի եւ ստանում է այն, ինչ ուզում է, մինչդեռ կազմակերպված լինելուց համայնքը բավականին հեռու է:
Ընդդիմադիր «Դաշինք Վրաստանի համար» շարժման առաջնորդ Իրակլի Ալասանիայի ճանաչողական հանդիպումը, Ալասանիայի ներկայացմամբ, ելնում է Թբիլիսիի հայերի մշակույթի եւ ինքնության պահպանման կարեւորությունից: Ուստի քաղաքական գործիչը որոշել է ավելի լավ ծանոթանալ թիֆլիսահայերի խնդիրներին: Ըստ տեղական ընտրությունների պատրաստվող «Դաշինք Վրաստանի համար» կուսակցության, ծանոթանալով հայերի խնդիրներին` հետո ավելի դյուրին կլինի կոնկրետ գաղափարներ առաջադրել, որոնք կուսակցության ղեկավարը մտադիր է իրականացնել քաղաքապետարանի ղեկավարությունը ստանձնելու դեպքում:
«Գրուզիա օնլայն» կայքէջի տեղեկացմամբ, Թբիլիսիի հայերի ասամբլեան մտադիր է ընտրություններում առաջադրել իր թեկնածուներին: Թբիլիսիի հայերը թեկնածուներ են առաջադրելու Վրաստանի մայրաքաղաքի այն չորս հատվածներում, որտեղ հայեր են բնակվումՙ Ներքին Հավլաբարում, Երրորդ զանգվածում, Ութերորդ Լեգիոնում եւ Էլիայում: Միեւնույն ժամանակ, թիֆլիսահայերն ուզում են հանդիպել բոլոր թեկնածուներին, որոնք մասնակցելու են Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններին, եւ ապա միայն որոշել, թե ում կաջակցեն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ