Մոտ 8000 դոլար կստանա ապահովագրական ավանդների յուրաքանչյուր ժառանգորդ
Նկատի ունենալով AXA ապահովագրական ընկերության կողմից Հայոց ցեղասպանության զոհ ավանդատուների իրավահաջորդներին վճարվելիք գումարներին վերաբերող «Օրեր» ամսագրում ստացվող հեռախոսազանգերը, կրկին պարզաբանման խնդրանքով դիմեցինք ամերիկահայ փաստաբան Վարդգես Եղիայանին :
Ըստ ստացված տեղեկությունների, «AXA-ի համաձայնության պահանջատիրական հիմնադրամի» խորհրդի ընդունած որոշումը հաստատել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի կենտրոնական շրջանի շրջանային դատարանը: Քանի որ այդ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ վերանայման, խորհուրդը փակել է իր աշխատանքային գրասենյակը:
Այսպիսով, հիմնադրամը ստացել էր 13 790 դիմում, որից ընդունվել է 996-ը, մերժվելՙ 12 794-ը:
Յուրաքանչյուր դիմումի համար տրվող գումարը 8000 ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի է: Հասցեատերերի անուններն ըստ երկրների դեռեւս ենթակա չեն հրապարակման, սակայն 2 շաբաթվա ընթացքում բոլորին նամակներ կուղարկվեն:
Ավելացնենք, որ «AXA-ի համաձայնության պահանջատիրական հիմնադրամը» միավորում էր Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող երեք ամերիկահայ փաստաբաններիՙ Վարդգես Եղիայանի, Բրայն Քաբատեկի եւ Մարկ Կիրակոսի գրասենյակները, իսկ ներկայացված դիմումների վերաբերյալ որոշում է կայացրել հիմնադրամի խորհուրդըՙ Սամուել Շնորոքյանի (Փարիզ), Հիլդա Չոբոյանի (Լիոն), Զավեն Գաբրիելյանի (Մարսել) մասնակցությամբ եւ Բարսեղ Քարթալյանի (Լոս Անջելես) տնօրենությամբ: Որոշումները պատրաստ էին դեռեւս 2009-ի հուլիս-օգոստոսից, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվեց միայն 2010-ի հունվարի վերջին:
AXA-ից ստացված 17.6 միլիոն ԱՄՆ դոլարից 11 միլիոն դոլարը պետք է բաժանվի ժառանգորդներին: Մնացյալը տրվել է փաստաբաններին ու հայկական համայնքային եւ բարեգործական կազմակերպություններին:
«ՕՐԵՐ» եվրոպական ամսագիր, Պրահա, http://www.orer.am