Երեկ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել այնպիսի օրենքների լրացումների փաթեթ, որը թեժ քննարկումների առարկա է դարձել: 2011 թվականի հունվարի 1-ից կառավարությունը նպատակադրվել է ավելացնել հարկային բեռը` նույնիսկ ավելացվելու են նոր հարկատեսակներ:
Կառավարության առաջարկած նոր հարկատեսակներից են, օրինակ, հյուրանոցային հարկը, վաճառքի հարկը, անավարտ շինարարության կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի հարկը, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկը, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկը, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկը, տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը, հանրային տարածքների զբաղեցման հարկը:
«Նմանատիպ օրենքի նախագիծը խիստ վտանգ է ներկայացնում հանրության համար, որովհետեւ նմանատիպ հարկերը` չօգտագործված գյուղատնտեսական հողեր, կիսակառույց շենքեր, որոնք բխում են հենց նրանից, որ մարդիկ չեն կարողացել կիսակառույցը ավարտել կամ չօգտագործված հողերը օգտագործել, ինչի համար մենք այսօր նրա վրա բեռ ենք ուզում դնել 2011 թվականից, ծանրացնելու են էլ ավելի նրա ծանր վիճակը», ասում է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը :
Պատգամավորների մեծ մասն առաջարկում է օրինագիծը վերադարձնել կառավարությանը` լրամշակման: Սակայն, առաջարկն ընդունելի չէ հատկապես Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի համար:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց 15 օրով հետաձգել օրինագծերի փաթեթի քվեարկությունը` ՀՀ ԱԺ հանձնաժողովներում լրացուցիչ քննարկելու, լրամշակելու համար: Այսպիսով` օրինագծերի փաթեթի քննարկումները դեռեւս կշարունակվեն ԱԺ հանձնաժողովներում, որից հետո կրկին կներկայացվեն Ազգային Ժողովին:
Ն. Մ.