Համատեղել տուրիզմն ու խաղամոլությունը
Մեզանում դեռ այն կարծիքն է, որ ով ավելի բարձր է խոսում, նա շահում է: Երեւի նույն մտադրությամբ էին երեկ «Հայելի» մամուլի ակումբ եկել Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը , փորձագետ Կարինե Հակոբյանն ու ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը : Բանախոսները գրեթե միմյանց չէին լսում, չէին թողնում կարծիք հայտնել, անհարկի ռեպլիկներ էին բաց թողնում: Մինչդեռ թեման չափազանց կարեւոր էր:
Նախորդ տարի շրջանառության մեջ է դրվել խաղատների օրենքը, որը ամենայն հավանականությամբ ԱԺ-ում կքննարկվի մյուս շաբաթ: Սակայն օրենքում կան մի շարք վիճահարուց կետեր, որոնք արձանագրել են ԱԺ պատգամավորներն ու անկախ փորձագետները:
Երեք կողմերի դիտարկումները, փաստարկներն ու մտահոգությունները կարեւոր էին, բայց բանախոսները ոչինչ չարեցին թեման քաղաքակիրթ հարթությունում, առանց վիրավորանքի կամ գոռալու քննարկելու համար: Այդ պարագայում գուցե շահեր օրենքի նախագիծը:
Համառոտ ներկայացնենք երեք բանախոսների տեսակետները խաղատների բիզնեսի նոր օրինագծի մասին: Վարդան Այվազյանի դիտարկմամբՙ նախագիծը երեք օրենքի համախումբ է. վերաբերում է ոչ միայն խաղատների գործածությանը, այլեւ կարգավորում է լիցենզավորման ու պետական տուրքի օրենքը: Կառավարման առումով որոշակի հստակություն է մտցվում մասնավորապես պետական տուրքի մասով կարգավորում: Ամենավիճահարույց կետը, որ անընդունելի է ԱԺ-ի համար, պետական տուրքի մասով այն գումարն է, որ կառավարությունն առաջարկում է գանձել խաղատների գործունեության համար: «Առաջարկում են խաղասրահների գործունեության համար 50 մլն դրամ, իսկ խաղատների համար` 400 մլն: ԱԺ-ն առաջարկել է խաղասրահների համար մեկ միլիարդ դրամ: Հստակ դնում ենք նաեւ գոտիականության խնդիրը: Ասենքՙ Երեւանին հարակից գործող խաղատունը պետք է ավելի շատ վճարի, քան հեռավոր գյուղում գործողը: Առաջարկություն կա խաղատներ բացելու սահմանամերձ տարածքներում»:
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն էլ ասում է, որ օրենքի գաղափարախոսությունն այն է, որ 2013-ին խաղատները գտնվեն սահմանված գոտիներում` մասնավորապես տուրիզիմի զարգացման կենտրոններ Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Սեւանում:
«Վերցրել ենք 11 խաղատներից վճարվող գումարների միջինը, հաշվի ենք առել նաեւ այն հանգամանքը, որ 2013-ից խաղատները տեղափոխվելու են այլ գոտիներ: Դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները պարտադրված կլինեն կատարել մեծ ներդրումներ: Չենք ցանկացել մեծ դրույքաչափ սահմանել, որպեսզի ընդհանուր դաշտից այդ բիզնեսը դուրս չգա»:
Կարինե Հակոբյանի մտահոգության առարկան փոքր քաղաքների ճակատագիրն է: «Գաղափարական եւ բարոյական խնդիր կա: Խաղամոլությունը եկամուտ է բերում, բայց թմրամոլությունն էլ է եկամուտ բերում: Եթե երկիրը, ժողովուրդը ապականվելու են, ո՞ւմ համար է այդ եկամուտը: Այս օրինագիծը հաստատում է, որ մենք չունենք երկրի անվտանգ զարգացման հայեցակարգ: Ինձ մտահոգում է Ծաղկաձորի, Ջերմուկի, Սեւանի խնդիրը: Փոքր տարածությունն ավելի հեշտ է հաղթահարվում, Երեւանը մի կերպ կդիմանա: Ոչ թե արգելքների կողմնակից եմ, այլՙ ճիշտ ուղղորդման, որը գուցե Հայաստանին ավելի մեծ եկամուտ կբերի: Նույն վանդակի մեջ առյուծն ու եղնիկը չեն կարող գոյատեւել»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ