Երբ 2009-ի ձմռանը հայտնի դարձավ ֆուտբոլային նոր թիմիՙ Դիլիջանի «Իմպուլսի» կազմավորման մասին, շատերը թերահավատորեն էին վերաբերվում դրան: Պատճառը «Երեւան Յունայթեդի» եւ Իջեւանի «Բենտոնիտի» դառը փորձն էր, որոնք շատ կարճ կենսագրություն ունեցան: Սակայն հաշվի առնելով այն, որ թիմի կազմավորմանը ձեռնամուխ է եղել մեր հանրապետության փորձառու եւ բանիմաց մասնագետներից մեկըՙ Վարուժան Սուքիասյանը, ֆուտբոլասերների մեծամասնությունը հավատում էր ձեռնարկված դժվարին գործի վերջնական հաջողությանը: Արդյունքն արդեն առկա է: Նորաստեղծ ֆուտբոլային կոլեկտիվը հանդես գալով Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարում, գերազանցեց բոլոր մրցակիցներին, վստահ ելույթներով արժանիորեն դարձավ հաղթող եւ իրավունք ստացավ այս տարի մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը:
Բնականաբար, ուժեղագույնների խմբում պայքարն ավելի դժվարին ու թեժ է լինելու, ուստի «Իմպուլսը» լրջորեն է նախապատրաստվում նոր մրցաշրջանին: Թիմի կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել: Անցած տարի ուղեգիր նվաճած ֆուտբոլիստներից թիմում մնացել են Արամ Հակոբյանը, Արման Մինասյանը, Ավետիք Կիրակոսյանը, Վարդան Պետրոսյանը, Ռոմեո Ջենեբյանը, Անդրանիկ Թադեւոսյանը, Գոռ Խաչատրյանը, բրազիլացի Ջուլիանոն:
«Իմպուլսը» նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել է դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերից, հունվարի 10-16-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել Արարատի «Այգ» մարզաբազայում, որտեղ այսօրվանից կրկին մեկ շաբաթյա մարզումներ կանցկացնի: Տրանսֆերային շուկայում «Իմպուլսի» մարզիչները բավական ակտիվ սելեկցիոն աշխատանք են կատարել, որի արդյունքում թիմը լուրջ համալրում է ստացել: Նոր մրցաշրջանում «Իմպուլսի» պատիվը կպաշտպանեն փորձառու դարպասապահներ Մայիս Ազիզյանն ու Ֆելիքս Հակոբյանը: Պաշտպանությունում կխաղան նախկինում «Բանանցում» հանդես եկած Անդրեյ Չերեւկոն, «Գանձասարից» տեղափոխված Միխեիլ Սիմոնյանն ու նախկին արարատցի Արկադի Չիլինգարյանը: Վարուժան Սուքիասյանը թիմ է հրավիրել նաեւ իր նախկին սաներինՙ արարատցիներ Գեւորգ Նռանյանին եւ Արթուր Պետրոսյանին:
Թիմում ընդգրկվել են նաեւ լեգեոնականներ: 2 տարվա պայմանագիր են կնքել Կոնգոյից հրավիրված պաշտպան Մակոսոյի, բելառուսցի կիսապաշտպան Սերգեյ Ռավինայի եւ զամբիացի կիսապաշտպան Սթենլի Նշիմբիի հետ: «Իմպուլսում» փորձաշրջան են անցնում կոտդ՛իվուարցի պաշտպան Օկայը եւ զամբիացի կիսապաշտպան Ռոդրիկ Կաբվեն: Թիմում մարզվում են «Գանձասարի» նախկին խաղացող Զավեն Բադոյանը եւ «Փյունիկի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը:
Դատելով թիմի համալրումից եւ անցկացված ստուգողական հանդիպումների արդյունքնեից, «Իմպուլսը» բարձրագույն խմբի առաջնությունում լուրջ մրցակից կլինի եւ կարող է հավակնել մրցանակային տեղերի: Ինչ խոսք, դա առաջնությունում ավելի կսրի պայքարը, կմեծացնի ինտրիգը: «Իմպուլսը» երկու անգամ հաղթել է «Շիրակին» (2-1, 3-1), «Ուլիսի» հետ խաղում էլ մրցակցին պարտության է մատնել 3-0 հաշվով: «Շիրակի» դարպասը խփած 5 գոլերից 4-ի հեղինակն Արման Մինասյանն է: Մեկ գոլ էլ իր օգտին է գրանցել Վարդան Պետրոսյանը: Ուլիսցիների հետ խաղում հաշիվը 11 մ հարվածով բացել է Լիբանանից թիմ վերադարձած փորձառու Ռոմեո Ջենեբյանը: Մյուս երկու գոլերի հեղինակներ են դարձել Ավետիք Կիրակոսյանն ու Վահագն Այվազյանը:
Մինչեւ առաջնության եւ գավաթի խաղարկության մեկնարկը «Իմպուլսը» եւս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում: Լավ ճանաչելով Վարուժան Սուքիասյանին, կարելի է վստահորեն փաստել, որ «Իմպուլսն» իր առջեւ լուրջ նպատակներ կդնի նաեւ բարձրագույն խմբում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ