ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը 2 հորիզոնականով նահանջել է եւ այժմ 321 վարկանիշով 102-րդ տեղում է: Ադրբեջանի հավաքականը պահպանել է տեղը 114-րդ հորիզոնականում: Վրացիները 122-րդ տեղում են: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից ամենաբարձր տեղը զբաղեցնում են ռուսները (13-րդ տեղ), որոնց հաջորդում են ուկրաինացիները (24-րդ տեղ): 100 լավագույնների ցանկում տեղ են զբաղեցրել նաեւ Լատվիայի (49-րդ), Լիտվայի (62-րդ), Ուզբեկստանի (75-րդ), Բելառուսի (80-րդ) եւ Մոլդովայի (96-րդ) հավաքականները:
Նախկինի պես ցուցակը գլխավորում է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին: Անփոփոխ են մնացել նաեւ 2-9-րդ տեղերում գտնվող հավաքականների ցուցանիշները. Բրազիլիա, Հոլանդիա, Իտալիա, Պորտուգալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Արգենտինա, Անգլիա: Իսկ ահա լավագույն տասնյակը եզրափակում է Եգիպտոսի հավաքականը, որը 14 տեղով առաջադիմել է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ եգիպտացիներն օրերս դարձան Աֆրիկայի գավաթակիր: Եգիպտոսի հավաքականը լավագույն տասնյակից դուրս թողեց Խորվաթիայի ընտրանուն: Ամենամեծ առաջընթացն ունեցել է Եմենի հավաքականը, որը 25 տեղով բարձրացել էՙ զբաղեցնելով 105-րդ հորիզոնականը: Իսկ ահա Նիկարագուայի ընտրանին 29 տեղով նահանջել է եւ այժմ 162-րդն է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ