«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2010-02-02 | #17, 2010-02-03 | #18, 2010-02-04


ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Երեկ, ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, «7-ի գործով» դատապարտյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կրկին վատացել է: Այդ լուրը ճշտելու համար «Ազգը» խնդրեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանին պարզաբանել: «ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժիշկների եզրակացության համաձայն, փետրվարի 3-ին դատապարտյալ Ս. Միքայելյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցՙ սրտի մասնագիտական հետազոտության», նշեց պրն Բաբայանը:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն տիկին Լիդա Մուրադյանն իր հերթին նշեց. «Ս. Միքայելյանը հիվանդանոց է բերվել առավոտյան 10.30-ի սահմաններում, «ստենոկարդիա» նախնական ախտորոշմամբ: Ինձ թվում է, սրտի սուր ստենոկարդիա ախտորոշումը հիվանդը ուներ նաեւ գաղութում, որի մասին նշված էր համապատասխան նամակում, սրտի կորոնար անոթների զոնդավորում» անցկացնելու պահանջի առկայությամբ: Զոնդավորումից պարզվել էՙ սրտի առաջնային պատը սնող զարկերակի միջին հատվածի 85-90 տոկոս նեղացում, որը կարիք ունի միջամտության: Ազդրային զարկերակի միջոցով տեղադրվում է զսպանակ, ինչպես ժողովուրդն է ասում, նեղացած անոթի մեջ, ու այն բացվում եւ ծառայում է հետագա վտանգներից ապահովելու համար: Իսկ ինչ վերաբերում է դեկտեմբերին կատարված քթի շրջանում, ճակատային մասում վիրահատությանը, ինչպես հաղորդել է գաղութի բժիշկը (ունեցել էր ֆրոնտիտ, սինոցիտ եւ այլն), դա կապ չունի ներկա վիճակի հետ, որովհետեւ նրա գանգատները վերաբերում են սրտի ինչ-որ հիվանդությանը եւ արդեն, ինչպես նշեցի, կատարվել է համապատասխան զննություն ու պարզվել է հիվանդի առողջական վիճակի վատացման պատճառը», նշեց տիկին Մուրադյանը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4