«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-02-05 | #20, 2010-02-06 | #21, 2010-02-09


ԹՈՒՐՔԻԱՆ «ԱՊՐԻԼԻ 24»-ԻՑ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ

Դավութօղլուն մեղադրում է հայկական կողմին ու խոսում հայ-թուրքական հարաբերություններում սկսվող «սառցապատումից»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայ-թուրքական գործընթացը, սահմանի բացման բանակցություններն ու այս ուղղությամբ տրամաբանությանը համահունչ ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման պահից աղմուկն ու դժգոհությունը գրեթե համատարած էին: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, ըստ Արձանագրությունների, ձգտող բանակցույթուններին մասնակցություն ունեցած ուժերից զատ մնացածն առիթ ու հնարավորություն ունեին դժգոհություն կամ գոնե մտահոգություն հայտնելու:

Մի որոշ ժամանակ անց արդեն դժվար է գնահատել, թե ով եւ ինչու է դժգոհում, առավել եւս արդեն իսկ խոսում դժվարությունների, խնդիրների, պայմանների ու նախապայմանների առաջացման, առաջ քաշման ու էլ չգիտես ինչպես հայ-թուրքական հարաբերություններում խոչընդոտների ձեւավորման մասին: Սակայն, երբ այդ մասին բարձրաձայնում են Թուրքիայից, այն էլ բարձրագույն ղեկավարույան մակարդակով, կարելի է ամենայն հանգստությամբ ենթադրել, որ գործընթացն առնվազն «սառեցվել է», ճիշտ այնպես, ինչպես մարմանդ կրակի վրա «սառեցված են» մնում ղարաբաղյան հակամարտությունն ու դրա նման էլի մի քանիսը մեր տարածաշրջանում:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցելությունը Մյունխեն հետաքրքրությունների բավականին զգալի շրջանակով կարելի է բնութագրել, սակայն առավել հետաքրքրական են մի քանի դրվագներ: Թուրքայի ԱԳ նախարարը Մյունխենից վերադառնալիս թուրք լրագրողներին ասել է, թե իրեն անհանգստացնում են վերջին շրջանում տեղի ունեցած երեք իրադարձություններ, որոնք, ըստ թուրք դիվանագետի, չեն կարող պատահականություն լինել:

Մասնավորապես, Դավութօղլուին, ամենից առաջ, պարզվում է, անհանգստացնում է արդեն իսկ բարձրաձայնված մի հարց, այն է` Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը թուրքական կողմն անընդունելի է որակել:

Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարին մտահոգում է Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը «Ղարաբաղի խնդրի կարգավորման խնդրում հայկական կողմի հետքայլը»: Սա էլ բնավ նորությունների ոլորտից չէ, քանի որ Թուրքիան ամենայն բծախնդրությամբ ու մեծ հաճախականությամբ, ու թերեւս հասկանալի նկրտումներով, մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առնչությամբ, իբր վերջինս անգործ ու անբարեխիղճ կեցվածք ու գործելակերպ ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Նորությունը, որ եւ սպասելի էր, թերեւս վերջին մտահոգությունն է, որ արտահայտել է թուրք դիվանագետը: Նրա խոսքերով, մտահոգիչ է ԱՄՆ Կոնգրես Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծի ներկայացումը այս օրերին, զարգացումների այս պահին: Նշենք, որ բանաձեւի նախագիծը ստորագրել է 137 կոնգրեսական, եւ այն կարող է արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել ու քվեարկվել մարտի 4-ին:

Դավութօղլուն հայտարարել է, որ անցյալ տարի օգոստոսին ստորագրված Արձանագրությունների ֆոնին ԱՄՆ Կոնգրես նախագծի ներկայացումը «ճնշում է, որի ազդեցության տակ Թուրքիան քայլեր չի անի»: Բնականաբար, թուրքական դիվանագիտության լավագույն ավանդույթների համաձայն, ակնկալվող ճնշմանը Թուրքիան իրենն է հակադրում այն ներկայացմամբ, թե նախագիծը կարող է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի մտցնել:

Դավութօղլուի մեկնաբանությամբ, Կոնգրես նման նախագծի այս պահին ներկայացումը պատահական չէ, բայց Թուրքիան էլ այն երկիրը չէ, որի հետ «կարելի է խոսել ճնշումների լեզվով»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ է ներկայացվել կոնգրեսականներ Ադամ Շիֆֆի , Ջորջ Ռադանովիչի , Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Կիրկի կողմից, որով ԱՄՆ նախագահին եւ կառավարությանը կոչ է արվում ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ կատարված վայրագությունները, որոնք խլեցին 1,5 մլն. հայերի կյանքը:

«Այդ փաստը միանգամայն պարզ է, փաստագրված եւ ենթակա չէ քննարկման: Մեկուկես միլիոն հայեր կանխամտածված սպանվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Եթե մենք մտադիր ենք դադարեցնել Դարֆուրի ցեղասպանությունը եւ կանխել ապագա ցեղասպանությունները, ապա պետք է դատապարտենք մարդկության դեմ այդ հանցագործությունները, որտեղ եւ երբ էլ դրանք կատարված լինեն: Ցեղասպանության ժխտմանը համամասնակից լինելը հակասում է եւ միշտ էլ հակասելու է մեր ազգային շահերին: Քանի դեռ կենդանի են Ցեղասպանությունը վերապրած անգամ մի քանի հայեր, մենք բարոյական պարտականություն ունենք հիշելու անցյալը», հայտնել է Ադամ Շիֆֆը :

Անցյալ շաբաթ բանաձեւի հեղինակները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ էին հղել, որում բարձր էին գնահատել նրա սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նամակում նաեւ կոչ էր պարունակվում` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարել ապրիլի 24-ի ԱՄՆ հայ համայնքին ուղղված ամենամյա դիմումում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4