«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-02-05 | #20, 2010-02-06 | #21, 2010-02-09


ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործՙ ՀՀ մշակույթի նախարարի նախկին խորհրդական, աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության ներկայիս պետ Արեգ Հայրապետյանի նկատմամբՙ պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազությանն ուղարկված ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված անօրինականությունները «Ինօրիենթ» ՍՊ ընկերության վերաբերյալ, ստուգմամբ պարզվել է, որ Արեգ Հայրապետյանը ՀՀ մշակույթի նախարարի 2007 թ. մայիսի 8-ի թիվ 233-Ա հրամանով եղել է ՀՀ օրենքով նախարարությանը հատկացված 19.010.000 դրամի շրջանակներում մեկ անձից ծառայությունների գնման գործընթացի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ: Պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով Արեգ Հայրապետյանը «Ինօրիենթ» ՍՊԸ-ի հետ գնման մշտական պայմանագիր է կնքել, ու նախատեսված 19.010.000 դրամը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ ստորագրել է փաստացի չկատարված աշխատանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ 4 կեղծ եզրակացությունները: Այնուհետեւ մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը, նաեւ օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, ստորագրել է պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները, ինչի հետեւանքով հափշտակել է 19 միլիոն 010.000 հազար դրամ առանձնապես խոշոր չափերի գումարՙ պետությանը պատճառելով էական նյութական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

«Ազգը» ՀՀ մշակույթի նախարարության հայտարարությունը ստացավՙ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ հարուցելու մասին տարածած հայտարարությունից հետո: Նախարարության հայտարարությունում նշված է, որ մշակույթի որոշ ոլորտի իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության համար, սահմանված կարգով դիմել է «Պետական գնումների գործակալությանը»ՙ մրցույթ կազմակերպելու համար: Սակայն հայտարարված մրցույթին մասնակցելու որեւէ հայտ չի ներկայացվել եւ մրցույթը հայտարարվել է չկայացած: Այնուհետեւ օրենքով սահմանված կարգով կնքվել է մեկ անձից աշխատանքների գնման պայմանագիրՙ 2008-2013 թթ. մշակույթի զարգացման, ռազմավարության եւ այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եւ այդ բոլորը առկա են նախարարությունում, եւ մինչեւ օրս այդ փաստաթղթերի հիման վրա ձեւավորվում ու իրականացվում են մշակույթի տարբեր ոլորտներում կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը: «Նախարարությունը պատրաստվում է ամենայնս աջակցել գործի բազմակողմ ու օբյեկտիվ քննությանը եւ նախաքննության մարմնին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու նյութերը», նշված է հայտարարության մեջ:

ՄԱՐԻԵԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4