Հանրային կարծիքն արտահայտել փորձող լրատվամիջոցները երկրից ոչխարի արտահանումը այնպիսի ձեւերով են ներկայացնում, կարծես այս սովորական տնտեսական գործընթացը համազգային նշանակության հիմնախնդիր է: Ոմանք արտահանումը կապելով մանր եղջերավորի մայրական կազմի նվազման հետՙ այստեղ գյուղի կործանում են կանխատեսում, մյուսները գտնում են, որ ամեն ինչ վերահսկվում է, անհանգստանալու հարկ չկա: Բայց չգիտես ինչու չի նշվում հանրության այն մասի կարծիքը, ովքեր դեռեւս 1980-ականներին էին պահանջում սահմանափակել մանր եղջերավորի գլխաքանակը, որի ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվեցին: Փորձենք այսօրվա իրողությունը ներկայացնել հետեւյալ հարցադրումը դնելով. այդ ի՞նչ պատահեց, որ հանկարծ իրանական գործարար միջավայրը, որ տիրապետում է ահռելի բարերար տարածքային միջոցների, հայաստանյան ոչխարի պահանջ զգաց: ՀՀ-ից տարեկան անգամ 100 հզ. գլուխ այս անասնատեսակի ներմուծման պարագայում բուն մսի քանակը չի հասնում 1000 տոննայի, որը 70 մլն բնակչություն ունեցող երկրի 1 բնակչի հաշվով տարեկան սպառումը հասցնում է 150 գրամի: Մասամբ ծանոթ լինելով 2008 թվականին սկսված այս գործընթացին, կարող եմ նշել, որ Իրան կամ իրանական կողմ ձեւակերպումներն այստեղ գրեթե ավելորդ են, քանզի արտահանումը կանխատեսեցին եւ իրականացնում են ոչնչով աչքի չընկնող գործարարներ, ովքեր հնարավորություն չունեին միանգամյա վճարումով ձեռք բերել, ասենք, Ուրուգվայից տարածաշրջան հասցվող 40 հզ. գլուխ այս անասնատեսակը: Հիշենք, որ դեկտեմբերին հարավամերիկյան այս երկրի աղետի ենթարկված նավի վրա 43 հզ. գլուխ մանր եղջերավոր կար: Ուրուգվայն իրեն կարող է 10 մլն գլուխ մանր եղջերավոր պահելու շռայլություն թույլ տալ, քանզի անասունը շուրջ տարին արոտավայրում է: Հիշեցնեմ, որ մոտ 4 մլն բնակչով երկիրը նաեւ 12 մլն գլուխ խոշոր եղջերավոր է պահում, 14 մլն հավ, երբ մեր ցուցանիշները հազիվ 600 հզ. եւ 4 մլն են:
Սակայն վերադառնանք քննարկվող նյութին, Ռեւազի ոչխարներին, քանզի ոչխար մատակարարողների թվում կլինի նաեւ հանրահայտ այս անունը կրող մեր նոր անասնապահը: 1975-ին Իրանի բնակչությունը 32 մլն էր, պահվող մանր եղջերավորի գլխաքանակըՙ 30 մլն: 2000-ին արդեն բնակչությունը 65 մլն էր, մանրըՙ 81 մլն: Ընդհանրապես մանր եղջերավորի հանդեպ հետաքրքրությունը հատուկ է խոզի մսի սպառումից հրաժարված ազգերին: Կարծում եմ, համոզիչ է, որ ՀՀ-ից ներկրված 100 հզ. գլուխ ոչխարը որեւէ էական նշանակություն չունի հարեւան երկրի պարենային ապահովության խնդրում: Այն հայ անասնապահի համար էլ ոգեւորության գործոն չի դառնա, եթե արտահանումը կազմի 200-300 հզ. գլուխ, ինչպիսի ոգեւորության նախանշաններ ուրվագծվում են ՀՀ գյուղնախարարության պաշտոնյաների պահվածքում: Նման զարգացումների դեպքում հարկ կլինի մեր 30 հզ. քկմ տարածքում մանր եղջերավորի գլխաքանակը հասցնել երբեմնի 2,5 մլն-ի, որը 80-ականներին ՀՍՍՀ ղեկավարության դիրքորոշման արդյունքում սահմանափակվեց: 2000-ականներին այս ցուցանիշը 500-600 հզ. է, որը կարելի է դիտարկել խիստ պայմանական, քանզի ՀՀ-ում անասնագլխաքանակի իրական հաշվառում չի կատարվում: Այսուհանդերձ ինչ թիվ է նշվածը. փորձենք քննարկել ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացվող որոշակի վիճակագրության օգնությամբ:
Թուրքիայում 1980-ականների կեսերին բնակչությունը 50 մլն էր, պահվող մանր եղջերավորըՙ մոտ 70 մլն: Երկրի տնտեսվարական միտքը նման վիճակագրությունում լավատեսության նշաններ չտեսնելով, քանզի տարածքներն անխնա ոչնչացնող այս անասնատեսակները կաթնատվության ու մսաճի պահանջարկ բավարարող ցուցանիշներ չեն ապահովում, երկրի տնտեսությունը կողմնորոշեց դեպի թռչնի մսի արտադրություն: Խնդրեմ, ծանոթացեք. ներկայիս Թուրքիայի բնակչությունը անցնում է 75 մլն-ից, երկրում պահվող մանր անասնագլխաքանակը 32 մլն է, հավըՙ 350 մլն: Թռչնի մսի արտադրության 1 մլն տոննա ցուցանիշով երկիրը համաշխարհային դասակարգման 20-յակի մեջ է, 1 բնակչի հաշվով տարեկան 15 կգ արդյունքով, երբ մեր արտադրածը դրա հազիվ 10 տոկոսն է: Իսկ գուցե այս ուղղությամբ են ընթանում նաեւ Իրանում: Հարցին փաստարկված պատասխանելու նպատակով բացեցինք ԱՄՆ-ում 1868 թվականից լույս ընծայվող «Համաշխարհային թվեր ու փաստեր» տեղեկատուի 2006 եւ 2008 թվականների Իրանին վերաբերող նյութերը: Ի՞նչ ենք նկատում. յուրօրինակ գործընթաց, որի մասին մեր հարեւանները գերադասում են չբարձրաձայնել: 2006 թվականի համար այծերի դիմաց նշված է 26,5 մլն, ոչխարՙ 54 մլն, 2008-ին համապատասխանաբար 25,5 մլն եւ 53,8 մլն., իսկ 280 մլն հավը դարձել է 420 մլն: Ստացվում է, որ արեւմտյան հարեւանի օրինակով իրանյան տնտեսվարական միտքը երկրի տնտեսությունը ոչ էապես արդյունավետ մանր եղջերավորի ոլորտից ուղղորդում է դեպի առավել արդյունավետ թռչնի մսի արտադրություն: 2000 թվականի 826 հզ տոննա այս մսատեսակի արտադրությունը 2007-ին հասցվել է 1,4 մլն տոննայի: Ահա որտեղ է պետք գործել, պարոնայք ՀՀ կառավարիչներ, ովքեր համանման ահազանգումներն ընդամենը ի գիտություն են ընդունում, երբ գործել է պետք: Թե՛ Թուրքիայում, թե՛ Իրանում նախընտրում են զարկ տալ վաղուց արդեն թիվ 1 մշակաբույս հռչակված եգիպտացորենի հատիկի արտադրությանը, քանզի առավելագույն արդյունավետություն է ապահովում թե՛ բերքատվության, թե՛ անասնակերի նպատակով օգտագործելու արդյունքում: Չտեսնելու տալով այս պարզ գործընթացը, մեր կառավարիչներն ու գյուղոլորտի պատասխանատուները գերադասում են ցորենի ու գարու արտադրությունն ավելացնել, այնպես որ, հնարավոր է, մի օր էլ մեր հարեւանները կողմնորոշվեն դեպի Հայաստանում աճեցվող ցորենը. ինչ է, մեր դաշտերն այս մշակաբույսի տակ ենք դնելու ինչ է թե արտահանելու տե՞ղ ունենք: Այսպիսի տնտեսվարումը գրոշ չարժե, երբ 1000 տոննա ոչխարի մսի արտահանման դիմաց պարտադրված ենք 30-40 հզ. տոննա մսատեսակների ներկրում իրականացնել: Ի տարբերություն էական արդյունավետություն ապահովող խոշոր եղջերավորի, խոզի ու հավի, որոնց վերաբերյալ ՄԱԿ-ը վիճակագրություն է իրականացնում, մանր եղջերավորի պարագայում հաշվառում պարզապես չի տարվում, եւ մանր եղջերավորի գլխաքանակի նվազումը պարենային ապահովության առումով որպես անհանգստացնող գործոն չի դիտարկվում: Թվերի միջոցով խոսենք. երբեմնի ԽՍՀՄ-ի մաս կազմող Լատվիայում 1990-ին պահվում էր 200 հզ. գլուխ մանր եղջերավոր, հիմա 55 հզ. է: Համաշխարհային գյուղատնտեսության առաջատար ԱՄՆ-ում, որից հարկ է սովորել ու սովորել, 1940-ին, երբ երկրի բնակչությունը 130 մլն էր, պահվում էր 50 մլն գլուխ ոչխար, հիմաՙ 5 մլն գլուխ: Երկիր մոլորակի հազիվ մի քանի պետություններում է առայժմ մանր եղջերավորի գլխաքանակի աճ արձանագրվում, որոնց տարածքներն այս երեւույթը վտանգավոր չեն դարձնում:
Այսօր Հայաստանում անասնապահի վիճակը գրեթե ողբալի է, եւ լավ օրից չէ, որ նա իրեն մի կերպ պահող մայրացու ոչխարն էլ է վաճառքի հանում, ինչ է, թե չզրկվի բանկում գրավ դրած իր համեստ բնակարանից: Այս ողբերգության մեջ պարզապես անբարո է անգամ մխիթարանքի փնտրտուքը, որն իրականացնում են ոլորտի պատասխանատուները:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, 2006-08 թթ. ՀՀ գյուղնախարարի խորհրդական