Հայտնի է, որ մայիսի 12-ին Կ. Պոլսի 85-րդ աթոռակից պատրիարքի ընտրություններն են, թեկնածուները երեքն ենՙ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հոգեւոր կրոնական ժողովի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի թեմի հոգեւոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը եւ Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Այդ առթիվ զրուցեցինք Սեպուհ սրբազանի հետՙ խնդրելով պատասխանել մեր մի քանի հարցերի:
- Սրբազան հայր, Դուք արդեն պարզաբանումներով հանդես եկել եք մի շարք լրատվամիջոցներով, այդ թվումՙ Պոլսի «Ակօս» եւ «Մարմարա» թերթերով, եւ հավաստել, որ համաձայնություն եք տվել մասնակցելու ընտրություններին: Գիտենք նաեւ, որ առաջիկայում մեկնելու եք Ստամբուլՙ շփվելու հայ համայնքի հետ, ծանոթանալու այնտեղ առկա խնդիրներին: Ի՞նչ կասեիք Գուգարաց թեմի բնակչությանն այդ առթիվ:
- Թեկնածությունս առաջադրելովՙ ամենեւին հավակնություն չունեմ արժանավորագույնը լինելու: Ցանկությունս էՙ թրքահայությանն ավելի լայն հնարավորություն ընձեռել ընտրություն կատարելու: Համոզված եմՙ որքան շատ լինեն թեկնածուները, այնքան ընտրությունն ավելի ճիշտ կլինի, իսկ ընտրյալն էլՙ ավելի լայն հեղինակություն ձեռք կբերի եւ իր ուժերին առավել վստահություն կունենա: Չէ՞ որ, ի վերջո, խոսքը Հայ եկեղեցու ծոցի մեջ իր կարեւորությամբ չորրորդ նվիրապետական աթոռի մասին է, իսկ այդ աթոռին բազմողն, իր կարողունակությամբ եւ շնորհներով, կոչված է առնվազն չորրորդը լինելու:
Շատ կուզեի, որ բոլոր թեկնածուները լիարժեք մասնակցեին ընտրությանը, եւ նրանց միջից ընտրվեր լավագույնը: Այդպիսով, վստահ եմ, ընտրազանգվածի իրավունքները եւս հարգված կլինեին:
- Ըստ Ձեզՙ տարբերություն չկա՞ աշխարհիկ եւ հոգեւոր ընտրությունների միջեւ:
- Կա՛, եւ պե՛տք է լինի: Քանի որ հոգեւոր ընտրություններ են, մենք պարտավոր ենք մնալ հոգեւոր պատշաճության շրջանակների մեջ եւ ջանալ, որ չնմանվեն աշխարհիկ ընտրություններինՙ իրենց հատուկ բոլոր բացասական դրսեւորումներով, զանազան շոուներով եւ այլն:
- Դուք ծնվել եք Մալաթիայում, հասակ առել Պոլիս-Ստամբուլում, այդուհանդերձ ոմանց կողմից մատնացույց է արվում Ձերՙ պոլսահայության կյանքին անծանոթ լինելու պարագան: Ի՞նչ կասեիք այդ մասին:
- Քավ լիցի ինձ համեմատվել Գարեգին Խաչատուրյան կամ Շնորհք Գալուստյան երանաշնորհ պատրիարքների հետ, սակայն նրանք նույնպես մինչ ընտրությունը հիմնականում անծանոթ էին պոլսահայության լայն խավերին եւ հայտնի էին միայն փոքրամասնությանը, այն էլՙ Թուրքիայից դուրս իրենց կատարած գործերով: Նույնն էր նաեւ Գարեգին Գազանճյան լուսահոգի պատրիարքի պարագայում...
- Ի վերջո, անծանոթ էիք նաեւ Լոռու եւ Տավուշի բնակչությանը, սակայն ավելի քան 13 տարի, Գուգարաց թեմի առաջնորդությունն ստանձնելով եւ թեմն ստեղծելով, զորացրիք այնՙ շուրջ 450 հազար հայ բնակչությամբ, որի մեծագույն մասն անհաղորդ էր Հայ եկեղեցուն եւ քրիստոնեության տարրական սկզբունքներին: Չենք կարող չասել, որ բավականին վաստակ ունեք: Վկանՙ այսօրվա բարեկարգ Գուգարաց թեմը:
- Դո՛ւք ասացիք: Շնորհակալություն: Նշեմ միայն, որ ողջ թրքահայությունը ամբողջապես չի կարող մի եպիսկոպոսի ճանաչել, սակայն համոզված եմ, որ ընտրության գնացող պատգամավորները պատշաճ կերպով ճանաչում են բոլոր թեկնածուներին, նրանց գործերն ու կարողությունները:
- Հետեւաբարՙ հոգեւոր ասպարեզում գոնե անծանոթ մեկը չեք. ցանկացողները կարող են Ձեր մասին տեղեկություններ ստանալ ե՛ւ քաջածանոթ անձանցից, ե՛ւ լրատվամիջոցներից, եւ՛ այլ աղբյուրներից:
- Հարկա՛վ:
- Սրբազան հայր, լոռեցիներս Ձեր հախուռն, սկզբունքային բնավորությունը եւ հատկապես պահանջկոտությունը շատ ենք գնահատում: Սակայն մտահոգ ենք` Ձեզ համար Թուրքիայում դժվար չի՞ լինի...:
- Մտահոգության պատճառներ շատ կան: Այնտեղ պետական ճնշումներն ավելի ծանր են, քան խորհրդային տարիներին Հայաստանում էր: Ի վերջո, Ստամբուլը Գուգարաց թեմը չէ, եւ դա ես շատ լավ գիտակցում եմ: Պատրիարքի աթոռը վայելքի աթոռ չէ, մեղմ ասած` ամենօրյա նահատակություն է պահանջվում: Սակայն իմ հոգին տանջող պարտքի գիտակցումն ինձ հանգիստ չի տալիս: Նախնիներիս հիշատակի եւ իմ ժողովրդի նկատմամբ բազում պարտքեր ունեմ: Սա նաեւ մի առիթ է` ծառայությամբ հատուցել ստամբուլահայությանը, որ ինձ անվճար կրթել ու հայեցի դաստիարակություն է տվել: Այս պահին դժվարանում եմ ընտրությունների ընթացքի եւ արդյունքի մասին որեւէ բան ասել: Նշեմ, սակայն, որ ես ծնունդով մալաթիացի եմ, քաղաքացիությամբ` հայաստանցի, եւ իմ թեկնածության նկատմամբ, անշուշտ, վճռորոշ են Թուրքիայի կառավարության վերաբերմունքն ու հայ համայնքի կեցվածքը:
Խորհուրդ մարդկանց, կամք Աստուծո: Ինչ որ լինելու է, թող Տիրոջ կամքով լինի:
Իսկ գալիք ընտրությունների առիթով իմ հոգեւոր եղբայրներ Գարեգին եւ Արամ սրբազաններին, եւ, եթե կլինեն այլ թեկնածուներ, բոլորին իմ եղբայրական անկեղծ սերն ու հարգանքն եմ փոխանցում: Աղոթում եմ, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կատարած իրենց ուխտին հավատարիմՙ անխռով ու անսասան շարունակեն ծառայել մեր Սուրբ եկեղեցուն ու բարեպաշտ ժողովրդին: Մենք իրավունք չունենք կորցնելու պատմության եւ ազգի առջեւ պատասխանատվության գիտակցությունը: Պիտի առաջնորդվենքՙ պատմական պահի լրջությունը նկատի առնելով: Այս պարագայում կարեւորը ոչ թե պատրիարքի գահին հասնելն է, այլ գահի ընձեռած հնարավորություններն ազգի ու ժողովրդի բարօրությանը ծառայեցնելու բարի կամքը:
Այս վճռորոշ պահին պոլսահայ համայնքի յուրաքանչյուր անդամից ակնկալում եմ առավել զսպվածություն եւ արժանապատիվ կեցվածք: Հույս եմ հայտնում, որ գոնե հոգեւոր լուրջ մարմնի ընտրություններին թույլ չենք տա, որ պառակտվածության, անմիաբանության, կարճատեսության դրսեւորումներ ի հայտ գան:
Աղոթում եմ եւ մաղթում, որ Բարձրյալը խաղաղության ու սիրո մեջ պահի ամենքիս:
- Ամե՛ն: Աստված օգնական:
Զրույցը վարեց ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ