«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-02-05 | #20, 2010-02-06 | #21, 2010-02-09


ՏԵՐՅԱՆԸ` ՀԵՌՈՒ ԵՎ ՄՈՏ

Այսօր լրանում է Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակը

«Տաղանդավոր գրողները զարդարում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը»: Վահան Տերյանը սա ասում էր գրական կյանքն ու մարդուն, աշխարհն ու կյանքի երեւույթները ճանաչողի եւ ճանաչելի դարձնողի իր իմացությամբ, իր փորձով: Մենք նրա ասածը արդարացիորեն կարող ենք վերագրել իրեն` որպես մեր գրականությունը զարդարողի, իր քնարերգությամբ մեր հոգեւոր կյանքը հարստացնողի:

Այսօր, ինչպես ամեն տարվա այս օրը, առավոտից Հայոց Մեծերի Պանթեոնում կհավաքվեն Տերյանի պոեզիայի երկրպագուներ, կասեն գնահատանքի խոսքեր, նրա պոեզիայից նմուշներ կարտասանեն, կերգեն նրա տողերով գրված երգեր: Իրենց ուսուցիչների ուղեկցությամբ խումբ-խումբ աշակերտներ կգան, կգան ուսանողներ` սիրո արտահայտման տերյանական մեղմութունը պահած իրենց սիրելիներին ասվող խոսք որպես: Այս օրը Տերյանի հանդեպ այս նույն վերաբերմունքով Օրենբուրգի մշակույթի տանն են հավաքվում ռուս ընթերցողի համար գրված Լեոնիդ Բոլշակովի «74 օր անմահությունից առաջ կամ` Վահան Տերյանի վերջին գործուղումը» գրքի շնորհիվ Տերյանի կյանքին ու պոեզիային ծանոթ երիտասարդներ ու տարեցներ: «Վահան Տերյանի պատանի բարեկամներ» կազմակերպության անդամներն են կազմակերպում ամենամյա ցերեկույթը` «Տերյանի անունն այս քաղաքում մշտապես լսելի պահելու համար»: Այդ գիրքը, այդ միջոցառումը հայ պոետի հանդեպ ունեցած ջերմության, սիրո եւ ակնածանքի արտահայտություն է, Տերյանի հիշատակի խնկարկումի մի հրաշալի օրինակ:

Ամեն ինչի մեջ խորհուրդ դնողի մաքուր սովորությամբ մենք Մեծերի Պանթեոնում մի կտոր մասունք ենք ամփոփել ու շիրմաքար դրել: Բոլորս էլ գիտենք, որ Տերյանի շիրիմն այստեղ չէ` հեռավոր Օրենբուրգում է, գիտենք, բայց Տերյանին մեր կողքին պահելու բերկրանքն ունենալու հաճությամբ ուխտատեղի ենք դարձրել նրա անվամբ այս փոքրիկ անկյունը` իր գրչակից ընկերների կողքին: Նա ինչ է, կանխազգու՞մ էր հայրենիքից շատ հեռու եկող իր ողբերգական մահը: Այդ ի՜նչ զգացողություն, այդ ինչ կանխազգացում էր, որ նա պիտի գրեր.«Իմ գերեզմանը թող լինի հեռվում, /Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն. /Թող շուրջըս փռվի անանց լռություն, /Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան»: Նա սխալվեց միայն իրեն մոռանալու առումով, մնացածը, ավաղ, մարգարեական ճշտությամբ կատարվեց: Ավետիք Իսահակյանը պիտի կսկիծով վկայեր. «Մրրկաշունչ ստեպներում, հայրենի օջախից շատ հեռու, դառնագին հիվանդության ճիրաններում դադարեց բաբախել մի խորունկ սիրտ, դադարեց գործել մի մեծ ինտելեկտ, որ ծնված էր զգալու եւ խորհելու, ստեղծագործելու եւ իմաստավորելու մարդկային գոյությունը»:

Տերյանը, այո, իմաստավորեց իր կյանքը, նաեւ մեզ սովորեցրեց մաքուր ապրումներով իմաստավորել մեր աշխարհը, սովորեցրեց մեկ մեկու հանդեպ բարի ու քնարական մոտեցում ունենալ, սիրել միմյանց ու ապրել «բարձր զգացմունքների եւ մաքուր խոհերի աշխարհում»: Ի՜նչ բնորոշ գնահատանք է տվել Եղիշե Չարենցը` իր ավագ գրչակցի պոեզիան համարելով «նաիրյան խոսքերի գանձարան»: Հայ իրականության մեջ բոլոր ժամանակների համար Տերյանը մնում է բարձր արվեստների տիրակալը: Վկայությունը իր ժամանակակիցների անթաքույց խոստովանանքը հայ մշակույթում նրա զբաղեցրած անփոխելի տեղի ու դիրքի մասին ու նաեւ` մեր ժամանակի մշակույթի գործիչների գնահատանքը: Ահավասիկ, Տիգրան Մանսուրյանի վերաբերմունքը. «Կատարյալ պատկերներ, գույների, նրբերանգների, զգացողությունների անասելի ներդաշնակություն, ապրումի կատարյալ բյուրեղ վիճակ, եւ, մանավանդ այդքան լուռ ասված, առանց կոչականների, առանց արտաքին ժեստերի` զուտ ներհայաց, զուտ աչքի տեսածի մաքուր ապրում, անխաթար դրսից ներս եւ հետո` բանաստեղծություն... նա բերեց բանաստեղծական հսկա կուլտուրա...Մարգարե էր Տերյանը` լեզվի իմաստություններ բերող, շքեղություն ու լեզվի հետ համապատասխան կենցաղ բերող մարգարե»:

Խորհրդային տարիներին դպրոցական ու բուհական ձեռնարկներ գրողները մի քիչ այս զգացողությունն ունենային (կամ` իրավունք ունենային), որպեսզի Վահան Տերյան բանաստեղծին չներկայացնեին սոսկ աշնանային թախծոտ երգիչ: Այդ տարիներին դպրոցականին եւ ուսանողին հասու չէին բանաստեղծի հրապարակախոսական հոդվածները, նրա հրապարակային ելույթները, իր ժամանակի մամուլում ծավալած կրակոտ վիճաբանությունները` հայ գրականության ներկա վիճակի եւ անցնելիք ճանապարհի մասին: Էլ չենք ասում գրչակից ընկերներին ու մտերիմներին գրված նրա բազում նամակները, որոնցում պարզորոշ արտահայտված է հայրենի գրականության ու մշակույթի ներկայով ու ապագայով մտահոգ մարդու վերաբերմունքը:

Տերյանի դասերը ուսանելի են բոլոր ժամանակների սերունդներին` դրանք բոլոր ժամանակների համար ասված ու գրված մտքեր են` միայն դասականներին բնորոշ: Օրինակներից մեկը: Այսօր Եվրոպական ընտանիքին ինտեգրվող մեր երկրի առջեւ ի՞նչ մարտահրավերներ են դրված` դրանց մասին իր դատողությունները Տերյանն անում էր դեռ անցյալ դարասկզբին` հարյուր տարի մեր օրերից առաջ, եւ նրա այդ մտքերը նույնությամբ կրկնելի են ու այժմեկան այսօր էլ. «Կուլտուրական մի ազգ լինելու համար մենք պետք է ամբողջապես յուրացնենք Եվրոպայի ժամանակակից կուլտուրան եւ միայն այն ժամանակ կարող ենք ազգային կուլտուրա ստեղծել... մենք պետք է նախ դուրս գանք մեր այժմյան ազգային կճեպից եւ ընդգրկենք լայն հորիզոններ... Իսկական գեղարվեստի համար կարեւորը ոչ թե հագուստն է, արտաքինը, այլ ներքինը, հոգին...»: Ահա այսպես` կոնկրետ ասելիք, ուղղություն տվող ասելիք:

Հ. Գ. Միայն այսօ՞ր` իր ծննդյան օրը, թե՞ փորձենք մեծանուն պոետի ծննդյան 125-ամյակի տարին դարձնել տերյանական տարի, եւ ամեն օր այդ մեծ քնարերգուի պոեզիային հաղորդվելու առիթներ ստեղծենք, փորձենք ապրել այն զգացողությունը, ինչ ուներ ու ինչի մասին այդպես սիրով գրում էր Եղիշե Չարենցը. «...Մի զարմանալի՜ քնքուշ եւ խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ, գրասեղանիս դարակում պահված են Տերյանի-հասկանո՞ւմ եք-իսկական նրա ձեռագրերը... նրա ձեռքով գրված այդ թերթիկները... Երբ անչափ տխուր եմ լինում-հանում եմ եւ` նայում... Կարծես արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում...»:

Արժե, անշուշտ, որ մեր մեծերի հանդեպ այդ քնքուշ վերաբերմունքն ունենանք, եւ Տերյանի պարագայում, նրա` «Բարի հիշեք ինձ ձեր սրտում» հարցմանը սիրով պատասխանենք. «Մենք քեզ պահում ենք մեղքի պես թովիչ, ցավի պես խելառ ոսկեշղթա մեր հուշերում»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4