(Համարյա «Որոգայթ»)
Էկրանին խոշոր պլանով գրվում է` «Կգա ժամանակ, երբ փամփուշտներին կփոխարինեն ընտրաթերթիկները: Բացահայտենք Եվրոպան»: Էկրանը դանդաղ մթնում է:
Փողոցի մի ծայրում հավաքվածները եռագույն դրոշներ են թափահարում: Էկրանին խոշոր պլանով գրվում է` «Առաջ, Հայաստան»: Էկրանը դանդաղ մթնում է:
Փողոցի մյուս ծայրում հավաքվածները եռագույն դրոշներ են թափահարում: Էկրանին խոշոր պլանով գրվում է` «Պայքար, պայքար մինչ վերջ»: Էկրանը դանդաղ մթնում է:
Փողոցի մեջտեղում հավաքվածները տարտամ հայացքներով, մտահոգ ու ցավատանջ դեմքերով, իրար են նայում: Նրանցից մեկն ասում է.
Էս ուր են առաջ տանում, առջեւում ինչ է սպասում:
Մեկ ուրիշը կասկածոտ հայացքով դեսուդեն նայելով ասում է.
Էդ ում եւ ինչի դեմ են պայքարում: Էդ պայքարի վերջն ի՞նչն է :
Էկրանին խոշոր տառերով գրվում է` «Հայաստանը ժողովրդավարական երկիր է»:
Կադրի տակից հնչում է` «Ժողովրդավարական» երկրում դժվար բան է իշխանություն լինելը: Իսկ ո՞վ ասաց, որ հեշտ է նաեւ ընդդիմություն լինելը: Դրանց երկուսի գործն էլ բարդ է ու դաժան, դրանք կարծես ստեղծված են իրար օրուարեւ չտալու համար: Մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Բայց դրան հավատացողների թիվը դեռեւս չի շատանում: Կան մարդիկ, որոնց թվում է, թե իշխանությունը մի ավար է, որին տիրանում են ըմբշամարտում, բազկամարտումՙ հակառակորդին հաղթելու միջոցով: Պարզ է, որ ընդդիմությունն էլ, պարտվելով է կռվում, պիտի ամեն ինչ անի իշխանության ձեռքից այդ ավարը հետ խլելու համար: Ոմանց թվում է, թե «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» կարգախոսը մենք օգտագործում ենք եվրոպացիներին դուր գալու համար:
Իսկ իրականում...
Կադրում ցուցադրվում է, թե ինչպես իշխանությունը մատները մոմ արած վառում է` ժողովրդին ապացուցելու, որ ինքը դիվուդադար չունի նրա մասին մտածելով:
Հաջորդ կադրում ընդդիմությունը ժողովրդին համոզում է, որ պետք չէ հավատալ, իշխանության մատներն իսկական չեն, հարկատուների փողերով իշխանությունն իր մատների վրա չհրկիզվող շերտ է քաշել, այդ ամենը իմիտացիա է:
Ընդդիմությունը լուրեր է տարածում, որ իշխանության աչքի վերեւ ունք կա:
Դրան հաջորդող կադրում ոստիկաններն ու հատուկջոկատայինները նրանց շրջապատում են ու ասում.
- Սրբապղծություն է իշխանության աչքի վրա ունք տեսնելը, դրանով որոշել եք քանդել մեր պետականության հիմքերը, դուք հաստատ
Արեւմուքի կամ Արեւելքի, Հյուսիսի կամ Հարավի գործակալներ եք, մենք ստույգ տվյալներ ունենք, որ դուք բռնի իշխանափոխության ծրագրեր եք մշակել:
Իշխանությունը լավ գիտի, որ եթե լսի ընդդիմությանը, կատարի այն, ինչ նա է ուզում, ապա վերջինս մի օր կգա, կասի.
- Եթե խելքդ չի հասնում, ամեն ինչ մեր ասածով ես անում, դա քո տեղը չէ, վեր կաց, մենք ենք նստելու:
Եթե իշխանությունը բանի տեղ չդնի ընդդիմության ասածները, անի այն, ինչ խելքին է փչում, ընդդիմությունը ձայնն աշխարհ գցած կասի.
- Վայ, հարայ, հասեք, մեր իշխանությունը ավտորիտար է, երկրում բռնատիրություն, ռազմական խունտա, օլիգոպոլիա ու պլուտոկրատիա է ստեղծվել:
Դրանից հետո իշխանությունը ստիպված բանուգործը թողած աշխարհին պիտի ապացուցի, որ իրենց երկրում նորմալ ժողովրդավարական պետություն է ստեղծվում: Իսկ աշխարհի համար «ժողովրդավարությունը» պարտադիր օգտագործվող համեմունք է, առանց դրա երկիրը դառնահամ կդառնա:
Զանգը հնչում է, դասն սկսվում է: Դասը վարող դասատուն դասարան չի մտնում. օպտիմալացման ծրագրով նրա հաստիքը ժամանակավորապես կրճատվել է: Օգտվելով առիթիցՙ աշակերտները դասի ժամանակ «իշխանություն-ընդդիմություն» են խաղում: Նրանք մերթ թռչում են աթոռների վրա` իշխանություն դառնում, մերթ ընկնում հատակին` ընդդիմության վերածվում: Այս ամենը երկար է շարունակվում: Դասամիջոցի զանգն էլ հակառակի պես հինգ տարին մեկ է հնչում:
Այս խաղի մեջ գլխավոր գործող անձը դասատուն է: Սակայն դասատուն, որին Ջոկեր են անվանում, ոչ մի կերպ չի բացահայտվում: Կռահեքՙ ո՞վ է Ջոկերը եւ ե՞րբ է ինքնաբացահայտվելու:
ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հրազդան