«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2010-02-05 | #20, 2010-02-06 | #21, 2010-02-09


ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՃ ԳՏՆՎԵՑ

ՀՀ հավաքականն ընդգրկվեց «B» խմբում

Վարշավայում անցկացված վիճակահանությամբ հայտնի դարձան 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցները: Հարկ է խոստովանել, որ դեռ երբեք վիճակահանությունն այսքան բարեհաճ չէր գտնվել մեր ընտրանու հանդեպ: ՀՀ հավաքականն ընդգրկվեց ընտրական «B» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռուսաստանի , Սլովակիայի , Իռլանդիայի , Մակեդոնիայի եւ Անդորրայի հավաքականները: Ընտրական մյուս խմբերի կազմն այսպիսին է.

«A» խումբ. Գերմանիա, Թուրքիա, Ավստրիա, Բելգիա, Ղազախստան, Ադրբեջան:

«C» խումբ. Իտալիա, Սերբիա, Հս. Իռլանդիա, Սլովենիա, Էստոնիա, Ֆարերներ:

«D» խումբ. Ֆրանսիա, Ռումինիա, Բոսնիա, Բելառուս, Ալբանիա, Լյուքսեմբուրգ:

«E» խումբ. Հոլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մոլդովա, Սան Մարինո:

«F» խումբ. Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Լատվիա, Վրաստան, Մալթա:

«G» խումբ. Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Չեռնոգորիա:

«H» խումբ. Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա:

«I» խումբ. Իսպանիա, Չեխիա, Շոտլանդիա, Լիտվա, Լիխտենշտեյն:

Եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերի հաղթողները, 2-րդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունքի հասած թիմը: Մյուս 4 ուղեգրերը անցումային խաղերում կվիճարկեն 2-րդ տեղ գրաված մյուս 8 հավաքականները:

Եվրո-2012-ի վիճակահանությունն անցկացրեց ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, որին օգնում էին Ուկրաինայից Օլեգ Բլոխինն ու Անդրեյ Շեւչենկոն, Լեհաստանիցՙ Անջեյ Շարմախն ու Զբիգնեւ Բոնեկը:

Սկզբում ընտրական վեց խմբերում բաշխվեցին 6-րդ զամբյուղում հայտնված հավաքականները: Հետաքրքրական է, որ առաջինը հանվեց Ադրբեջանը, որը տեղաբաշխվեց «A» խմբում: Երբ հերթը հասավ 5-րդ զամբյուղին, Բոնեկն առաջինը հանեց Հայաստանի հավաքականին, որը պետք է տեղ զբաղեցներ «A» խմբում: Սակայն քանի որ ՈւԵՖԱ-ն նախապես հայտարարել էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականները չեն ընդգրկվի միեւնույն խմբում, ուստի ՀՀ հավաքականը տեղ զբաղեցրեց «B» խմբում:

Կարծում ենք շատերը կհամաձայնվեն, որ վիճակահանությունը շատ հաջող ստացվեց մեզ համար: 1-ին զամբյուղում ընդգրկված հավաքականներից Ռուսաստանը թերեւս ամենահարմարն է մեզ համար: Սլովակիան թեեւ աշխարհի առաջնության մասնակից է, սակայն կարելի է հավասար պայքար մղել: 3-րդ զամբյուղից ավելի նախընտրելի կլիներ Հս. Իռլանդիան Իռլանդիայի փոխարեն: Մակեդոնացիներն առանձնապես ուժեղ չեն, իսկ Անդորրայի հավաքականը մեր համար շատ հարմար մրցակից է, որին բազմիցս հաղթել ենք:

Իհարկե, ամեն ինչ կախված է մեր ֆուտբոլիստներից, թե ինչպիսի՞ խաղամակարդակով կներկայանան մրցաշարին: Նաեւ կարեւոր է, թե ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը: Պակաս կարեւոր չէ նաեւ խաղացանկը: Ի դեպ, Ռուսաստանի ներկայացուցիչներն առաջարկել են փետրվարի 18-ին հավաքվել Մոսկվայում եւ քննարկել ընտրական «B» խմբի խաղացանկը:

Իսկ այժմ անդրադառնանք մեր մրցակիցներին: Նրանցից երեքիՙ Մակեդոնիայի, Ռուսաստանի եւ Անդորրայի հավաքականների հետ մեր ընտրանին նախկինում արդեն հանդիպել է: Առաջին հանդիպումը կայացել է մակեդոնացիների հետ 1996-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Հայաստանի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում ընտրական մրցաշարին: 1995-ի մայիսի 10-ին Երեւանում մակեդոնացիների հետ խաղում հայ ֆուտբոլիստներին վերջապես հաջողվեց բացել գոլերի հաշիվն ընտրական մրցաշարում: Մինչ այդ անցկացրած 4 հանդիպումներում մեր հավաքականը միեւնույն 0-2 հաշվով պարտվել էր Բելգիայի, Կիպրոսի եւ Իսպանիայի հավաքականներին ու 0-0 էր խաղացել Կիպրոսի հետ: Եվ ահա «Հրազդան» մարզադաշտում խաղի 22-րդ րոպեին Ռազմիկ Գրիգորյանը գրավեց մակեդոնացիների դարպասը: Ընդմիջումից քիչ անց Արմեն Շահգելդյանը կրկնապատկեց հաշիվը: Թվում էր, թե դաշտի տերերը կհաղթեն, սակայն մակեդոնացիներին հաջողվեց 2 գոլ խփել ու խաղն ավարտել ոչ-ոքի (2-2):

Սեպտեմբերի 6-ին Սկոպիեյում մեր հավաքականը Սամվել Դարբինյանի գլխավորությամբ ընտրական մրցաշարում առաջին հաղթանակը տոնեցՙ 2-1 հաշվով պարտության մատնելով Մակեդոնիայի ֆուտբոլիստներին: Ընդ որում առաջինը հաջողության էին հասել մակեդոնացիները, սակայն հետագայում Ռազմիկ Գրիգորյանն եւ Արմեն Շահգելդյանը գրավեցին մրցակցի դարպասը:

Մակեդոնացիների հետ կայացած հաջորդ երկու հանդիպումներում մեր հավաքականը պարտվել է: 2006-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հյուրընկալվելիս մեր ֆուտբոլիստները Բեռնար Կազոնիի օրոք պարտվել են 0-3 հաշվով, իսկ Երեւանում Հենկ Վիսմանի գլխավորությամբ զիջել են մեկ գնդակի տարբերությամբ (1-2):

ՌԴ հավաքականի հետ մեր հավաքականի ճանապարհները հատվել են 2000-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ 1999-ին կայացած երկու հանդիպումներում էլ հաղթել են ռուսները (Երեւանումՙ 3-0, Մոսկվայումՙ 2-0):

Իսկ ահա Անդորրայի հավաքականի հետ կայացած 6 հանդիպումներից 5-ում հաղթել են հայերը, մեկն ավարտվել է ոչ-ոքի: 2000-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեր հավաքականը Սուրեն Բարսեղյանի օրոք 2 խաղում էլ հաղթել է: Երեւանում մերոնք հաղթեցին 3-1 հաշվով: 2 գոլ խփեց Տիգրան Եսայանը, մեկ անգամ աչքի ընկավ Գառնիկ Ավալյանը: Հյուրընկալվելիս Արթուր Պետրոսյանը, Տիգրան Եսայանն ու Արմեն Շահգելդյանը 3 անպատասխան գնդակ խփեցին:

2002-ին մրցակցի դաշտում կայացած ընկերական խաղում մեր հավաքականը հաղթեց շնորհիվ Արմեն Շահգելդյանի եւ Արման Քարամյանի խփած գոլերի: Միակ ոչ-ոքին գրանցվել է 2007-ի փետրվարին Անդորրայում կայացած ընկերական խաղում (0-0), որում մեր հավաքականը գլխավորում էր Իան Պորտերֆիլդը: Իսկ մինչ այդ մեր ֆուտբոլիստները եւս 2 հաղթանակ էին տոնել անդորրացիների նկատմամբ 2006-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Ճիշտ է, Երեւանում Բեռնար Կազոնիի գլխավորությամբ մերոնք դժվարությամբ հաղթեցին 2-1 հաշվով (գոլերըՙ Արա Հակոբյան, Ռոմիկ Խաչատրյան): Իսկ ահա հյուրընկալվելիս գրանցվեց խոշոր հաշիվ (3-0) Հենկ Վիսմանի գլխավորությամբ: Աչքի ընկան Արամ եւ Արա Հակոբյանները, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց անդորրացի Սոնեխեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4