Ֆուտբոլի 2012-ի Եվրոպայի առաջնության վիճակահանությունից հետո «B» խմբում ընդգրկված հավաքականների մարզիչներն իրենց կարծիքն են հայտնել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջում, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:
Վարդան Մինասյան (Հայաստան)-Չեմ կարծում, թե մեզ հեշտ խումբ է բաժին հասել: Սլովակիան աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր է նվաճել, իսկ Իռլանդիան ու Ռուսաստանը հանդես են եկել ընտրական մրցաշարի անցումային խաղերում: Մեզ բաժին են ընկել բարդ եւ ուժեղ մրցակիցներ: Չի կարելի հաշվի չնստել նաեւ Մակեդոնիայի հավաքականի հետ, որի հետ հանդիպումներում եւս հեշտ չի լինի: Սակայն մենք կձգտենք արժանավայել խաղ ցուցադրել եւ խմբում բարձր տեղ գրավել: Մեզ մոտ ներկայումս սերնդափոխություն է տեղի ունենում, այնպես որ մեր երիտասարդ ֆուտբոլիստների համար Ռուսաստանի, Իռլանդիայի եւ Սլովակիայի հավաքականների հետ հանդիպումները շատ օգտակար կլինեն:
Գուս Հիդինգ (Ռուսաստան)-Բավարարված եմ վիճակահանության արդյունքներով: Մեր խումբը լավն է, մարտական, որտեղ լուրջ պայքար է սպասվում: Իհարկե, մեր առաջնահերթ խնդիրն է լինել առաջինը: Հուսով եմ, որ դա ՌԴ հավաքականին կհաջողվի, թեեւ պետք է արժանին մատուցել իռլանդացիներին ու սլովակներին, որոնք վերջին տարիներին նվաճումների են հասել: Վերջին շրջանում ՌԴ հավաքականն առաջադիմել է, որի արդյունքում վիճակահանության ժամանակ ընդգրկվել էր առաջին զամբյուղում: Դա նշանակում է, որ խմբի հաղթողի գլխավոր հավակնորդը մենք ենք: Միայն այսքանը: Մենք չենք մոռանում, որ չկարողացանք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել: Ուստի հաղթողի հավակնորդ լինելը դեռ չի նշանակում, որ վերջնագիծը կհատենք առաջին հորիզոնականում:
Վլադիմիր Վայս (Սլովակիա)-Նույն իրավիճակն է, ինչ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ: Այն ժամանակ մասնագետների մի մասը գտնում էր, որ մենք դժվարին խմբում ենք հայտնվել: Մյուսների կարծիքով մեր բախտը բերել էր: Այժմ մենք ավելի փորձառու ենք ու գիտենք, թե ինչպես դրական արդյունքի հասնենք բարձրակարգ թիմերի նկատմամբ: Միեւնույն ժամանակ հարկավոր է հետնապահների հետ էլ հաջող խաղալ:
Ջովանի Տրապատոնի (Իռլանդիա)-Քանի դեռ հանդիպումները չեն սկսվել, դժվար է ասել, թե որոնք են դժվար, որոնքՙ հեշտ: Բոլոր խմբերն էլ հավասարազոր են: Մեր խմբում ընդհանուր ֆոնի վրա առանձնանում են Ռուսաստանն ու Սլովակիան: Սակայն մենք արդեն ապացուցել ենք, որ ցանկացած մրցակցի հետ կարող ենք հավասար պայքար մղել, լինի թեկուզ Իտալիան կամ Ֆրանսիան: Մենք կարող ենք խաղալ նույնպիսի ոգեւորությամբ ու հավատով, ինչպես աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում էինք հանդես գալիս: Կարեւոր է նաեւ, որպեսզի մենք խաղանք այնպես, ինչպես վերջին հանդիպումներում:
Միրսադ Յոնուզ (Մակեդոնիա)-Մենք գոհ ենք վիճակահանության արդյունքներից: Բոլոր հավաքականներն էլ մեզ ծանոթ են, հանդիպել ենք տարբեր ընտրական մրցաշարերում: Կարծում եմ, լավ հնարավորություն ունենք խմբում գրավելու 2-րդ տեղը, եթե խաղանք այնպես, ինչպես վերջին կես տարում: Մրցակիցներին վերաբերում ենք որպես հավասար հնարավորություններ ունեցող հավաքականներ:
Կոլդո Ալվարես (Անդորրա)-Խմբում հաղթողի հավակնորդներ եմ համարում Ռուսաստանի եւ Սլովակիայի հավաքականներին: Իռլանդացիներն ատլետիկ կազմվածքով, կամային հատկանիշներով են օժտված, ուստի նույնպես կարող են անակնկալ մատուցել: Ռուսների հետ վերջին շրջանում վատ չենք խաղացել, կաշխատենք այս անգամ էլ նրանց համար խնդիրներ առաջացնել: