«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2010-02-06 | #21, 2010-02-09 | #22, 2010-02-10


ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎ. «ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿԱՅԱՆՈՒՄ Է»

Փետրվարի 6-ին Մյունխենում կայացած անվտանգության հարցերին վերաբերող համաժողովում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտության մեջ կարելի է արձանագրել առաջընթաց: «Այս խնդիրն, իհարկե, բավական դժվար լուծելի է, բայց պետք է նկատել, որ կողմերի միջեւ աստիճանաբար կայանում է փոխըմբռնում: Այն հարցերի շրջանակը, որոնք պետք է համաձայնվեցվեն երկկողմ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, գնալով նվազում է: Իսկ Ռուսաստանն ամեն ինչ է անում կողմերին օգնելու համար», ընդգծել է Լավրովը:

Հավելենք, որ երեկ, Մյունխենից վերադառնալիս, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին` Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանը հետքայլ է կատարել («Ազգ»-ը գրել էր այդ մասին նախորդ համարում): Սակայն, ինչպես պարզվում է հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի կարծիքով, «Ղարաբաղի հարցում առաջընթաց է գրանցվել»: Եթե գումարենք նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլհան Պոլուխովի երեկվա հայտարարությունը, թե Բաքուն բավական ինտենսիվ է գնահատում Մինսկի խմբի գործունեությունն ու ցանկանում է պահպանել նկատվող դինամիկան, ապա հասկանալի է դառնում, որ կամ Դավութօղլուն «լավ տեղեկացված» չէ գործընթացներին, կամ, ընդհակառակը, շատ ավելին է տեղեկացված, քան հակամարտող, բանակցող կողմ Ադրբեջանը կամ միջնորդ Ռուսաստանը, ինչն այնքան էլ համոզիչ չի թվում:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4