Պատճառը Վաշինգտոնում տեղացած առատ ձյունն է
«Նեյզ.ամ»-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի փետրվարի 9-ին ծրագրված հանդիպումը ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հետաձգվել է:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտնել է, որ նախատեսված միջոցառումը տեղի չի ունենա Վաշինգտոնում այս օրերին տեղացած աննախադեպ առատ ձյան պատճառով, ինչի հետեւանքով մայրաքաղաքում ծանր իրավիճակ է ստեղծվել: «Ազատություն» ռադիոկայանն էլ նշում է, որ հանդիպման նոր ժամկետի մասին տեղեկություններ չկան:
ՀՅԴ Կալիֆոռնիայի պաշտոնաթերթ «Ասպարեզ» թերթն, իր հերթին, նշել է, թե հետաձգումը պետքարտուղարությանը հնարավորություն կտա հրավիրվածների վիճահարույց ցուցակում փոփոխություններ կատարելու: Լոբբիիստական մի շարք կառույցների պնդմամբՙ հրավիրվածների կազմում ակնհայտորեն նախապատվություն է տրվել նրանց, ովքեր աջակցում են հայ-թուրքական Արձանագրություններին:
Ստանալով փետրվարի 9-ին Հիլարի Քլինթոնի հետ հանդիպելու առաջարկը եւ ծանոթանալով հրավիրվածների ցուցակին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը պետքարտուղարին հորդորել է վերանայել կազմը, որում ընդգրկված են եղել Ամերիկայի հայկական համագումարը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արեւելյան եւ Արեւմտյան թեմերը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը, նշելով, որ հրավիրյալների ցանկը չի արտացոլում համայնքի իրողությունները: Այս մասին ավելի մանրամասն մեր հաջորդ համարում:
Ն. Մ.