«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2010-02-06 | #21, 2010-02-09 | #22, 2010-02-10


ՄԱՐԴՈՒ ԱՆՈՒՆԸ ՆՐԱ ԿԵՐՊԱՐՆ Է

Զորի Բալայանն ասպետ է բառիս իսկական իմաստով: Նա ապրում է բարձր, ռոմանտիկ լույսի մեջ: Խիզախություն եւ բարոյականություն, արիություն եւ քնքշանք: Զինվոր, մարտիկ, աներկյուղ գլադիատորՙ հայության քաղաքական ասպարեզում:

Նա տարիք չունի, որովհետեւ գալիս է դարերի խորքից. Մամիկոնյանների ժամանակներից, գուցեեւ ավելի հեռվիցՙ Հայկի ժամանակներից: Նրանք հայերի հավերժական ուղեկիցներն են, ազգն է նրանց ծնում:

Ասպետները հաճախ անըմբռնելի են, հաճախՙ մենավոր:

Զորիկն այդպիսին է իմ պատկերացումների մեջ: Մենք մտերմացանք Ղարաբաղյան շարժման նոր ալիքի վրա: Դժվարությամբ ճանաչեցի նրան: Հեշտ չէ նրա էությունն ըմբռնելը: Նա այնքան էլ բացսիրտ չէ: Որպես իսկական տղամարդ` չի սիրում անկեղծանալ, այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է հաճախ:

Իմաստնությունը հեռու է ցուցամոլությունից: Պայքարը նրա գոյության միջոցն է: Արցախըՙ նրա մոտակա նպատակը: Պայքար հանուն արդարության, հանուն ճշմարտության, ա՛յն ճշմարտության, որ անհամատեղելի է դիվանագիտական խորամանկությունների հետ, հեռու է մանր խարդավանքներից:

Գեղեցկությունը չի կարող փրկել աշխարհը. մարդկությունն արդեն բավականաչափ տեսել է դրանից:

Աշխարհը կարող է փրկել դաժան ճշմարտությունը: Նա համոզված է դրանում:

Զորին հավատում է մարդկանց, բայց ավելի շատ վստահում է գործին: Կլուծվի՞ Ղարաբաղի հարցըՙ նույնպիսի կրքով նա կնախաձեռնի Նախիջեւանի հարցը, որովհետեւ դա նպատակի շարունակությունն է, արդարության ոտնահարման եւս մեկ օղակ:

Նա իր մեջ կրում է հայության երազանքը, իսկ այդ երազանքի սահմանն ընդարձակ է:

Նրա ուժը թշնամու հանդեպ ատելության մեջ չէ, նման զգացումը ժանտախտի պես ավերիչ Է ու կործանարար: Նրա ուժը հայրենիքի սիրո մեջ է, ուստիեւ` այլոց հանդեպ հարգանքի մեջ: Այ թե որտեղ Է նա անխոնջ:

Նրա եռանդը բազմիցս ապշեցրել է ինձ: Նա գործունյա Է ինչպես ժողովրդի ոգին, ինչպես ոգու աշխատանքից ծնվող ժողովրդի իմաստնությունը:

Նա իսկապես իր մեջ ներծծել Է ժողովրդական ամենայն բան:

Նա հայրենասեր Է առանց շաղակրատանքի, վարող եզ:

Նա խստապահանջ Է իր եւ գթասիրտՙ այլոց հանդեպՙ որպես իսկական քրիստոնյա: Նա մեր հիշողության պահապանն Է: Քանի դեռ կան այդպիսիք, մեր հիշողությունը չ՛ի քնի, չի՛ մեռնի: Նրա միտքը ե՛ւ ժամանակակից Է, ե՛ւ ավանդական:

Նա մեր պատմության արթուն զինվորն Է, որ պատասխան Է պահանջում չլուծված բոլոր հարցերի համար:

Զորիկը պարզ Է, բայց նրա համառությունը ուժասպառ կարող Է անել հակառակորդին: Կաթիլը քար Է ծակում...

Նա չի խորշում սեւ աշխատանքից, քանզի իսկական մտավորական Է: Նա սիրում Է բարեկամներին: Մշտապես բարեկամներ Է որոնում իր ժողովրդի համար: Անխոնջ Է եւ այս հարցում:

Նա ընտանիք ունի, որ սրբություն Է իր համար, որովհետեւ իսկական հայ Է: Նրա բարոյականությունն այդ ակունքից Է սկզբնավորվում:

Նա, ինչպես իր պապը, հարգում է հացը, հարգում է իր ազգին, հարգում Է արդարությունը, հարգում Է իր ժողովրդին:

Նա ժամանակից դուրս անհատականություն Է, շարժող, արարող ուժ:

Նա կարկառուն անհատականություն Է:

Զորի Բալայանն աներկյուղ եւ անբասիր ասպետ Է:

Մենք պարտավոր ենք նրան ճանաչել:

Սոս Սարգսյան

«... Զորի Բալայանը Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից մեկն է, նրանից ուղղակի Ղարաբաղի շունչ է փչում եւ հայրենիքի սեր»:

Ա. Դ. Սախարով

«... Բալայանը ազգայնամոլ անձնավորություն է, ըստ որում` թունդ ազգայնամոլ, երդվյա՛լ, մենավոր գայլ: Տաղանդավոր է, շատ արագ է կողմնորոշվում»:

Մ. Ս. Գորբաչով

«... Ուզում եմ համբուրել Զորիի ճակատը այն բանի համար, որ սովորեցնում է մեզ, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը»:

Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա

«Թանկագին Զորի: Օրերս ես Ձեզ նամակ եմ ուղարկել եւ կարծում եմ, այն դեռ Կամչատկա չի հասել: Նամակում սրտանց շնորհակալություն եմ հայտնել Ձեզ «Կամչատսկի կոմսոմոլեց» թերթում հրապարակած «Մեծ հեռազգացը» ակնարկի համար եւ խնդրել եմ, որ զգույշ լինեք «հեռազգաց» տերմինի հետ: Բանն այն է, որ այսօր ինձ հյուր էին եկել մտերիմ ընկերներս, ովքեր, բարձր գնահատելով Ձեզ ոչ միայն որպես տաղանդավոր գրողի, այլեւ տաղանդավոր հոգեբանի, ուշադրություն դարձրին «հեռազգաց» բառի վրա: Խնդրում եմ, մի ուղարկեք Ձեր ակնարկը ոչ մեկին, հատկապես` Մոսկվա: Ես եւ ընկերներս գտնում ենք, որ, բազմիցս է այդպես եղել, ինձ կզրկեն հյուրախաղերից, ասել է թե` մի կտոր հացից:

Երբեք չեմ մոռանա Ձեր հարմարավետ, հայկական օջախը Պետրոպավլովսկ Կամչատսկիում, Ձեր ֆանտաստիկ հյուրընկալությունը եւ հատկապես կալմար ձկան խորովածը, որ «Մեսինգ» էիք անվանել: Անպայման կկատարեմ Ձեզ տված խոստումս եւ նորից կայցելեմ Կամչատկա: Եվ, իհարկե, կմնամ Ձեր տանը...»

Լեգենդար հոգեվերլուծաբան Վոլֆ Մեսինգի նամակից

«Ղարաբաղ» աշխարհագրական անվանումն առաջին անգամ լսել եմ Զորի Բալայանից, Սախարովին նվիրված համաժողովում, 1991 թ. մայիսին Մոսկվայում: Իր հայրենիքում տիրող վիճակի մասին կրքոտ ելույթով նա ինձ եւ տասներեք երկրներից ժամանած իմ գործընկերներին գերեց: Երկու օր անց մեր ամբողջ խումբը, որի կազմում էին աշխարհահռչակ գիտնականներ, հայտնի օրենսգետներ, դադարեցրեց աշխատանքը համաժողովում եւ Բալայանի հետ մեկնեց Հայաստան, այնուհետեւ` Ղարաբաղ: Մենք տեսանք, թե ինչպես են սիրում եւ հարգում Զորիին ոչ միայն Հայաստանում եւ Արցախում, այլեւ` Մոսկվայում: Իսկ հետագայում դրանում համոզվեցինք հայկական Սփյուռք կատարած մեր բազմաթիվ ուղեւորությունների ժամանակ, որոնց բոլոր երթուղիներն ու ծրագրերը կազմում էր միայն Զորին, ով վարակել էր մեզ Ղարաբաղի հանդեպ իր սիրով: Սեր, առանց որի չէր լինի այն ամենը, ինչը մեզ հաջողվեց իրականացնել Արցախում բազում տարիների ընթացքում, բարեգործական եւ լրատվական առաքելության շրջանակներում: Չէին լինի բազմաթիվ մշտական ելույթները Լորդերի պալատում, Ղարաբաղի ճակատագրի մասին իմ եւ գործընկերներիս հոդվածները աշխարհի տպագիր հրատարակություններում: Չէին լինի իմ մենագրություններն ու գրքերն այն մասին, որ Ղարաբաղում է վճռվում նաեւ համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության ճակատագիրը:

Նա ինձ միշտ «քույր» է անվանում: Ես էլ Զորիին «եղբայր» եմ անվանում: Եվ հպարտ եմ դրանով:

Քերոլայն Քոքս

Սիրելի Զորի.

Ավագ քրոջ ջերմությամբ ու կորովով շնորհավորում եմ յոթանասունամյակդՙ լցված դժվար մանկությամբ, սրտաբեկ պատանությամբ, հախուռն, արկածաշատ երիտասարդությամբ, խանդավառ, նպատակասլաց հասունացումով ու հիմա էլ յոթանասունը բոլորած մարդու ծանր, հաշվեկշռային խոհերով: Աստվածատուր քո շնորհներում բնականորեն միանում են գրողը, հրապարակագիրը, եռանդուն գործիչը, սրտացավ ընկերը, պատվախնդիր ամուսինը, որդիապաշտ հայրը, հոգատար ազգականը, այս ամենի հետՙ իր ժողովրդին, իր ծննդավայր Ղարաբաղին միստիկայի հասնող սիրով նվիրված զավակը: Այս էլ 30-40 տարի ընկած երկրեերկիր, դռնեդուռ, Մոսկվայի, Երեւանի պաշտոնական անձանց, նշանավոր անհատների կաբինետները մտնել-ելնելով, նամակներ ու դիմումներ ներկայացնելով, բացատրելով, հորդորելով, այնուհետեւ Ստեփանակերտի, Երեւանի հրապարակներում տասնամյակներով ցասումն ու վիրավորանքը զսպած ժողովրդին ոտքի հանելով, ազատագրական կռվի մղելով, քո ողջ էությամբ, հոգով, սրտով, խոսքով, գրքով դու մոտեցրիր երանելի այն պահը, երբ Շուշվա բարձունքից Ղազանչեցոց եկեղեցու վաղուց լռած զանգերը հաղթանակ ղողանջեցին համայն հայաշխարհի վրա:

Թանկագին Զորի, ես ուրախ եմ, որ մասնակից եմ եղել քո անխոնջ մաքառումներին` չնայած տարիքային տարբերությանը, մեր կյանքի մի ահագին հատված քայլել ենք միասին: Ես գիտեմ, որ հիմա փոքր-ինչ տարբեր են մեր համակրանքներն ու հակակրանքները, տարբեր են մեր կարդացած գրքերն ու մեր հավաքատեղիները, բայց այն էլ գիտեմ, որ այս խառնակ օրերում, երբ նախկին մարտիկներից ոմանք կառչել են աթոռներից ու թեքվել փողավորների կողմը, գայթակղվել բենզինի հոտով ու ադամանդի փայլով, դու մնացիր ղարաբաղյան կռվի խրամատներում, Աշոտ Ղուլյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի ու հազարավոր զոհյալների հիշատակի հետ, վիրավոր ազատամարտիկների, որդեկորույս մայրերի ու որբացած մանուկների կողքին: Այս ամենից բացի դու թանկ ես ինձ համար նաեւ նրանով, որ մնացել ես օրեցօր սակավացող թելերից մեկը, որ կապում է ինձ իմ կենսագրության ամենաոգեշունչ հատվածին, կապում է մեր ղարաբաղյան անցյալին, որ անցյալ չէ բոլորովին, այլ շարունակում է մնալ ներկա եւ կապել, միացրել մեզ իր տագնապներով, օտար ատյաններում սառնասիրտ առուծախի առարկա դարձած իր ողբերգությամբ, իր դժվարին ճակատագրով եւ իր հերոսական կերպարով:

Կրկին ու կրկին շնորհավորում եմ քեզ` զարմանում ու հիանում քեզնով, որ չնայած ժամանակի հեղաբեկումներին, չնայած քո սրտի գործերի մեջ վիրաբույժների բազմակի միջամտություններին, դու նույն ռոմանտիկն ես ու նույն խենթը, որ շարունակում է իր հանդուգն նավարկությունը կյանքի հորդահոս ջրերովՙ սկսած սիբիրյան լայնահուն գետերում լողացող ինքնաշեն լաստից, մինչեւ հայոց դարերի ալիքներն ակոսող «Կիլիկիա» առագաստանավը:

- Ողջ լեր, - կասեին մեր թանձրամորուս կիլիկյան հայրերը:

Սիլվա Կապուտիկյան

«Կիլիկիայի» նավարկությունը Եվրոպայի շուրջն արեց ամենակարեւորը: Այն գործնականում հիշեցրեց ոչ այնքան մեր հայրենակիցներին, որքան ողջ աշխարհին, որ չի կարելի, անիմաստ է եւ նույնիսկ մեղք է Հայաստանն ընդհանրապես դիտարկել այսօրվա Հայաստանի Հանրապետության շրջանակներում»:

Եվ այսպես, ապագայի մեջ գծագրվում է հավաքական մի հայրենիք, որի մի թեւը Հայաստանն է, մյուսը` հինգ աշխարհամասերի սփյուռքը, եւ երկուսի արանքումՙ Արցախը: Ուրեմն ապագայի մեջ տեսանելի է նավարկություն դեպի հինգ աշխարհամասերՙ «Արմենիա» անունը կրող առագաստանավով, եւ աշխարհը կիմանա, որ հայկական սփյուռքի պատմությունը մարդկության պատմության մի մասնիկն է», ազգային վերածննդի մեր երազանքը, որի խորհրդանիշը եղավ «Կիլիկիա. նավարկություն յոթ ծովերով» նախագիծը: Այդ նախագծի իմաստն ավելին է, քան «պտույտը Եվրոպայի շուրջը»: Դա փիլիսոփայությունն է այն «թարմ հոսանքի»... որ անհրաժեշտ է մեր ժողովրդին եւ առանձնապես այսօր»: Իր եռագրությունն այսպես է ավարտում Զորի Բալայանը: Ինձ մնում է ասել, որ Զորիի եռագրությունը այդ թարմ հոսանքի փիլիսոփայության գիտությունն է, բացառիկ ու անկրկնելի մի ստեղծագործություն է, որ մտավոր մշակույթի պատմության մեջ կմնա որպես հայ դասական մատենագրության հուշարձաններից մեկը:

Սերգեյ Սարինյան

Զորիին շնորհակալ եմ նաեւ այն բանի համար, որ նա, որպես իր երկիրը սիրող հմուտ ուղեկցորդ, ծանոթացրեց ինձ Հայաստանի տեսարժան վայրերին եւ հրաշալի մարդկանց: Չեմ կարող անտեսել, որ նրան ամենուր ընդունում էին հարազատի պես: Չեմ կարող մոռանալ, թե ինչպիսի ջերմությամբ էր նրա մասին արտահայտվում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:

Հենց Զորին է ինձ ծանոթացրել մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի հետ, եւ հենց այդ ժամանակ ենք մենք Դիլիջանի առողջարանում ունկնդրել դեռեւս անհայտ տերտերյանական սիմֆոնիաները:

Սերգեյ Միխալկով


Նկար 1. Թատերական հրապարակ, 27 փետրվար, 1988:

Նկար 2. Ալեք եւ Ռիչարդ Մանուկյանների հետ:

Նկար 3. Առաջին հայ աստղագնաց Ջեյմս Բաղյանի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4