«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2010-02-06 | #21, 2010-02-09 | #22, 2010-02-10


ՄԵՐ ԶՈՐԻՆ...

Ամենայն հայոց Զորին

Զորի Բալայանի մասին շատ է գրվել, ու դեռ էլի կգրվիՙ ամեն անգամ նորովի եւ յուրովի ամբողջացնելով գրող-հրապարակախոսի, ազգային-հասարակական գործչի, ճանապարհորդի նրա բազմաշերտ կերպարը: Մեր օրերի հերոսի կերպարաստեղծման գրավոր անդրադարձներից բացի (այդ ցանկում ես կդասեի նաեւ խռովահույզ ու հակասական ժամանակների գեղարվեստական տարեգրի իր ողջ ստեղծագործությունը), փոքր դեր չունի ժողովրդական բանահյուսության հավելումըՙ երբեմն իրարամերժ, երբեմն թյուրընկալ գնահատականներով: Այսպես աննկատ ու հաստատակամորեն Զորին դառնում է մեր իրականության կենդանի լեգենդներից մեկը, շարունակվող լեգենդ:

Թվում է, թե ամեն ինչ գիտենք այդ լեգենդի մասինՙ արցախյան տոհմիկ ակունքներից, «Հիպոկրատի գլխարկը» անդրանիկ գրքից, շնասահնակով Կամչատկայի տունդրաները նվաճելուց մինչեւ Արցախի ազատամարտը, մինչեւ «Կիլիկիա» եռահատորը եւ շուրջերկրյա ճանապարհորդությունը «Արմենիա» առագաստանավով...

Բայց ահա պատմաբան Համլետ Հարությունյանն իր հուշագրությամբ մեզ իսկական անակնկալ է մատուցումՙ ընթերցողի դատին հանձնելով պատմությանն ու հանրությանն անհայտ բալայանական գաղտնածածուկ դրվագներ:

Ու թեեւ անհատները պատմություն չեն կերտում, Զորին hայրենիքի նվիրյալ զավակի իր օրինակով ապացուցում է, որ առանց ռահվիրաների, առաջամարտիկ անհատների պատմությունը չի կարող կերտվել:

Գրքի առանցքում Զորի Բալայանի անուրանալի ներդրումն է արցախյան հիմնահարցի հանրայնացման գործում, «թիկունքում»ՙ միջազգային ասպարեզներում նրա ծավալած անդուլ, հիրավի առաքելական գործունեությունը, որը վկայում է մի ազատատենչ անհատի մեջ խտացած-բյուրեղացած խորաթափանց իմաստությունը, վիթխարի կենսափորձը, անվեհեր կամքն ու ոգու անկոտրում ուժը:

Սա Զորի Բալայանի անդրկուլիսյան դիվանագիտության յուրատեսակ մատյանն Է, որի ամենատպավորիչ Էջերից են նրա բանակցությունները ռուսական «Կրիկի», պետական ռազմաքաղաքական ու անվանի այլ գործիչների եւ Անգլիայի Lորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի հետ:

Ի դեպ, միանգամայն «խոպան» թեմա Է արծարծվում «Արցախ» հասարակական կազմակերպությանՙ զոհվածների ընտանիքների, վիրավոր ազատամարտիկների օգնության հիմնադրամին նվիրված գլխում, որտեղ ի հայտ են գալիս Զորիի զորեղ կապերն ու արդյունավետ գործակցությունը Սփյուռքի մեր հայրենակիցների հետ:

Սյուժեի ծավալմանը զուգընթաց ուրվագծվում Է նաեւ Համլետ Հարությունյանի կերպարը. պատմաբանի փաստարկվածություն, վերլուծական միտք, ականատեսի հավաստիություն, ինքնացուցադրման մարմաջի իսպառ բացակայություն եւ, իհարկե, մեծ, անսահման սեր իր հերոսի ու ծննդավայր Արցախի հանդեպ:

Պարզապես անհնար Է չհամաձայնել հեղինակի դիպուկ եզրահանգմանը. Զորի Բալայանի կյանքն ու գործը անձնազոհ սխրանքի խորհրդանիշ են:

Այսպիսին Է մեր Զորին... Ամենայն հայոց Զորին:

Կոչումըՙ գրող-հրապարակախոս:

Առաքելությունըՙ Արցախի դատը:

ճակատագիրըՙ հայ ժողովուրդը:

Ահա այս մասին Է Համլետ Հարությունյանի գիրքըՙ հիանալի նվեր Զորի Բալայանի ծննդյան 75-ամյակին:

ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4