ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` փետրվարի 10-ին, ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտումՙ «Չաթեմ Հաուզում»: Ելույթը վերնագրված էՙ «Անվտանգությունն ու արժեքները Հարավային Կովկասում»:
Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում` Նախիջեւանը, ինչ եղավ. մեկ հայ էլ չմնաց
«Անվտանգության թեմայով իմ ելույթներն իրականում ես սկսել եմ պատրաստել ավելի քան 20 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղում, երբ մի ողջ ժողովուրդ հայտնվեց բնաջնջման վտանգի առջեւ եւ միայն այն պատճառով, որ հայ է ու ցանկանում է ազատ ապրել», նշել է նախագահը: «Մենք հավատում ենք, որ միայն տարածաշրջանային համագործակցությունն ու երկխոսությունը կարող են հնարավոր դարձնել մեր ընդհանուր տեսլականը` խաղաղ ու կայուն տարածաշրջանի ձեւավորումը», ասել է Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ Հայաստանը միշտ էլ հանդես է եկել համագործակցության միջոցով հակասությունները հաղթահարելու դիրքերից: «Այդ ճանապարհով ենք մենք նաեւ պատրաստ առաջ շարժվել հայ ժողովրդի համար կարեւոր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ճանապարհին, մի հիմնախնդիր, որ անասելի մեծ ցավ ու կորուստներ է բերել իմ ժողովրդին»:
«Մենք ականատես ենք եղել ամենադաժան էթնիկ զտումների եւ տեղահանման քաղաքականության: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքը ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների եւ նոր էթնիկ զտումների: Մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ արդեն կարողացել է մի կողմից վերականգնել ստալինյան բռնապետության ժամանակ խաթարված պատմական արդարությունը, իսկ մյուս կողմից` երաշխավորել իր ֆիզիկական գոյատեւման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ: Այս գիտակցումով է, որ մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ, եւ այդ գիտակցումով է, որ մենք ընկալում ենք խաղաղության այս գործընթացն ու միջնորդական ջանքերը», հայտարարել է նախագահը` ըստ պաշտոնական կայքէջում տեղադրված ելույթի տեքստի:
Այդուհետեւ նախագահը ներկայացրել է Արցախի պատմությունը` պարզաբանումներով, որ Ղարաբաղը բռնակցվել է Ադրբեջանին Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, 1921 թվականինՙ այդ հայկական տարածքների վրա Ադրբեջանական ԽՍՀ կազմում ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով, ինչի հետ անհաշտ է մնացել ԼՂ ժողովուրդը: «Ուզում եմ միայն հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ճիշտ այնպես, ինչպես 15 միութենական հանրապետությունները, Խորհրդային Միության կազմից դուրս է եկել հենց խորհրդային օրենքների տառին, ինչպես նաեւ միջազգային բոլոր օրենքներին ու սկզբունքներին համապատասխան: Ցանկանում եմ ամփոփել ելույթիս այս հատվածը եւ կրկնել. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս...»:
Սերժ Սարգսյանի խոսքով, ղարաբաղյան խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում: «Սա այսօր արդեն գիտակցում են հիմնահարցով զբաղվող բոլոր կողմերը: Եվ չարժե որեւէ առիթով, խոսելով ԼՂ հակամարտության մասին, ընդգծված տոնայնություն տալ «տարածքային ամբողջականություն» հասկացությանը, առավել եւս, որ նույնիսկ այս հասկացության եզակիության ընդունումը ԼՂ հիմնախնդրի դեպքում ամենեւին էլ չի նշանակում այն, ինչ փորձ է անում ներկայացնել Ադրբեջանը»:
Հայաստանի նախագահն անդրադարձել է ինքնավարություն թողնելու մոտեցման անկենսունակությանը. «Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատեւման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել եւ այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու: Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում` Նախիջեւանը, ինչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյոք այդպիսի երաշխիքները կարելի՞ է հիմք ընդունել: Կասեքՙ այն ժամանակվա Ադրբեջանն ուրիշ էր, հիմիկվանը ուրիշ: Այս «ուրիշ» Ադրբեջանի պայմաններում 18 տարվա ընթացքում նույն Նախիջեւանում ավելի շատ հայկական-քրիստոնեական կոթողներ են ոչնչացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանող միջազգային կազմակերպություններն ուղղակի ոչինչ անել չկարողացան. նրանց Ադրբեջանը նույնիսկ այցելել եւ ավերված հայկական կոթողները, կատարված վանդալիզմի հետեւանքները տեսնել արգելեց»:
Սարգսյանը խոսել է Հարավային Կովկասում շարունակվող սպառազինությունների մրցավազքից, Ադրբեջանի կողմից սովորական սպառազինությունների համար գոյություն ունեցող բոլոր թույլատրելի չափաքանակները գերազանցելու փաստի` լուրջ գնահատականի չարժանանալուց: «Հայաստանն ու Ղարաբաղը երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի... բայց մենք գիտակցում ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի այն դեպքի համար, երբ ուրիշները ցանկանան դա»:
«Զավեշտն այնտեղ է հասել, որ հարյուրավոր միլիոններ մսխող ադրբեջանական քարոզչությունը ամենուր եւ անընդհատ փորձում է ագրեսորի պիտակ կպցնել Ղարաբաղին, մարդկանց, ովքեր ստիպված են եղել զենք վերցնել բառացիորեն չբնաջնջվելու համար: Նման գործելաոճը հիշեցնում է ֆրանսիական ասացվածքը. «Այս արարածը շատ կատաղի է. հենց հարձակվում ես` սկսում է պաշտպանվել»: Իրականությունն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ եւ միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյության իր իրավունքը, պաշտպանել իր արժեքները, իր եկեղեցիներն ու խաչքարերը», նշել է Սարգսյանը Լոնդոնում:
Ներկայացնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով եւ, որ ամենակարեւորն է, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով, նախագահը եզրակացրել է. «Անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները: Մեր համոզմունքն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հենվի մարդու իրավունքների եւ Ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա... Մենք հստակորեն բացառում ենք որեւէ ճնշման տակ Ղարաբաղի հարցում այնպիսի զիջումների գնալը, որոնք կվտանգեն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը, արժանավայել ապրելու իրավունքը»:
Հրահանգ` Արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով` վավերացման
«Հայաստանում վավերացման գործընթացն ընթանում է սահմանված կարգով եւ առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը` սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ: «Չաթեմ Հաուզ»-ի այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ հրահանգել իմ աշխատակիցներինՙ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով` վավերացման գործընթացն սկսելու համար», երեկ հայտարարել է նախագահը, վստահեցնելով, որ որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ բացառում է Թուրքիայի կողմից Արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն առանց նախապայմանների վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանում դրանց վավերացման տապալումը: «Մենք համաձայնել ենք ընթանալ առաջ առանց նախապայմանների` չպայմանավորելով մեր հարաբերությունները Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքով: Բայց եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է եւ ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելու դադարեցնել այս գործընթացը»:
Հայ-թուրքական գործընթացը ԼՂ հարցին կապելու թուրքական փորձերի առչնությամբ նախագահը հայտարարել է. «...Կարծում եմ, որ որպես գործելու եւ լուծումներ գտնելու ուղեցույց, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների արագ կարգավորումը կարող է դրական լիցքեր տալ եւ ուղեցույց հանդիսանալ ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Ավելին ասեմ, ես ինքս եմ պատրաստվում հրավիրել նախագահ Ալիեւին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը»:
Հանցագործություն ընդդեմ մարդկության ու քաղաքակրթության
«Երեկ ինձ հարցնում էին, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը Մեծ Բրիտանիային, եւ արդյոք ճանաչելով ցեղասպանությունը` Մեծ Բրիտանիան չի վնասի Կովկասի անվտանգությանը: Ես պատասխանեցի, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ: Այստեղ այլ աշխատանքի կարիք կա», անդրադառնալով ցեղասպանության ճանաչման խնդրինՙ ասել է նախագահը:
Նրա հիշեցմամբ, Հայոց ցեղասպանության մասին բրիտանացիները իրազեկվեցին Ջեյմս Բրայսի, Առնոլդ Թոյնբիի, Ուիլյամ Գլադստոնի, Լլոյդ Ջորջի հայտնի աշխատություններից եւ հայտարարություններից, Լոնդոնի քաղաքապետն ու Քենթրբերիի արքեպիսկոպոսը, բազում այլ նշանավոր բրիտանացիներ ցեղասպանության տարիներին հիմնեցին Հայ գաղթականների հիմնադրամը, նաեւ Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համահեղինակությամբ էր, որ 1915 թ. մայիսին ընդունվեց համատեղ մի հայտարարություն, որում հայերի դեմ իրագործված բռնություններն ու կոտորածները որակվեցին որպես «հանցագործություն ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության»:
Սերժ Սարգսյանն իր ելույթն ավարտել է հետեւյալ խոսքերով. «Թույլ տվեք ելույթս ավարտել հայ-բրիտանական բարեկամությունը խորհրդանշող մեծն Բայրոնից մեջբերումով. «Թերեւս դժվար լինի գտնել մի ազգի տարեգրություն, որն առավել զերծ լինի ոճրագործություններից, քան հայերինը ... սակայն ինչպիսին էլ լիներ նրանց ճակատագիրը, որը դառն է եղել, ինչպիսին էլ լինի նրանց ապագան, Հայաստանը հավետ կմնա աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը»:
Հ. Գ. Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում կարծես թե որոշ բաներ բարելավվելու, եթե ոչ բարեփոխվելու միտում են դրսեւորում. թերեւս եզակի անգամ է, որ արտերկրում ներկայացված ելույթն անմիջապես եւ ամբողջությամբ հասանելի դարձավ մեզ: