«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2010-02-09 | #22, 2010-02-10 | #23, 2010-02-11


ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը ավելի շատ մտահոգվեց հեռուստաեթերի խնդիրներով, երբ փոքրիկ թոռնիկը պապիկին «անակնկալ» մատուցեց ու օգտագործեց այն խոսքերը, որ հաճախ հնչում է եթերումՙ կրիմինալ բովանդակությամբ սերիալներում: Պապիկը սարսափեց թոռնիկի բառապաշարից, զայրացավ, հետո հասկացավ, որ այդ խնդիրը միայն իր դուռը չի թակել: «Այդ խնդիրը յուրաքանչյուր ընտանիքում դառնում է քննարկումների առարկա: Որքանո՞վ է եթերն իր բովանդակությամբ, ծրագրերի բարոյական հատվածով հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարում: Ակնհայտ է մեկ բան, որ հեռուստաընկերություններն օգտագործում են հանրային սեփականությունըՙ հեռուստաեթերը, եւ հանրությունն իրավունք ունի, որ իր սեփականությունն օգտագործվի իր համար արժեք ներկայացնող հեռուստածրագրերով», ասում է Հարությունյանը:

Հարցը քննարկվել է Հանրային խորհրդում, ստեղծվել է հեռուստաեթերի մշտական հանձնաժողով: Ցանկում ընդգրկված են հոգեբաններ, ռեժիսորներ, արվեստի գործիչներ: Խորհուրդն անցկացրել է մոնիտորինգ, կազմակերպել հանդիպումներ, հանդիպել են բողոքի մեծ ալիքի ու հասկացել, որ գուցե գործընթացն ուշացած է: Քանի որ հեռուստաեթերն ամենից շատ ազդում է երիտասարդների դաստիարակության ու մտածելակերպի վրա, ապա խորհրդի անդամները հանդիպում էին կազմակերպել ԵՊՀ ուսանողների հետ` նրանց հետ հարցերը քննարկելու, վտանգները տեսնելու ու բանավեճով ճիշտ եզրահանգման գալու: Որ եթերը պետք է փոխվի, Խոսրով Հարությունյանը կողմ է, սակայն մտավախություն ունի ՀՌԱՀ չափորոշիչների վերաբերյալ:

«Չափորոշիչները բազում հարցեր են պահանջում: Պետք է լինենք զգույշ, մեր նպատակը ինչ-որ մեկին արգելելը, պատժելը կամ ստեղծագործական ազատությունը կաշկանդելը չէ, մենք ընդամենը պետք է փորձենք բացատրել, որ կան հանրության համար գերակա հետաքրքրություններ, բարոյական արժեքներ` սկսած հայրենասիրությունից, վերջացրած ընտանիքով: Տեսնում եմ նաեւ վտանգ, որ այս բանաձեւերն օգտագործելով հնարավոր կլինի այս կամ այն հեռուստաընկերությանը լռեցնել», ասում է Խոսրով Հարությունյանը:

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանն էլ, ողջունելով ՀՌԱՀ չափորոշիչները, նկատում է, որ կան վիճահարույց, չպարզաբանված կետեր:

Մուսայելյանը նկատում է, որ թիրախային հատվածը դպրոցականներ են, որոնք ընտրության հնարավորություն չունեն, քանի որ չեն տիրապետում օտար լեզուների ու չեն կարող դիտել արտասահմանյան կամ ռուսական հաղորդումներ: «Դպրոցականների հետ հանդիպման ժամանակ հասկացանք, որ գռեհիկ հումորները, արտահայտությունները նոր մշակույթ են մտցնում դպրոց, ընտանիք: Հաջորդ թիրախը բանակն է, որ ծաղրվում է բոլոր հումորային հաղորդումներում: Պատկերացրեք այն զինվորների վիճակը, ովքեր ողջ օրվա ընթացքում սովորում են կարգ ու կանոն, կազմակերպվածություն, իսկ երեկոյան հեռուսատեսությամբ ծաղրվում են այդ օրենքները»:

Թիրախային խումբ է նաեւ սփյուռքը: Հանրային խորհուրդը բազմաթիվ հեռախոսազանգեր ու նամակներ է ստանում, որտեղ սփյուռքահայերն իրենց դժգոհությունն են արտահայտում այս կամ այն սերիալի, հաղորդման վերաբերյալ: Մուսայելյանը նկատում է, որ ներկայացվող հանցավոր հասարակությունը մտավախություն է առաջացնում օտարերկրյա ներդնողների մեջ:

«Մեզ ասում ենՙ ժամանակ տվեք, ամեն ինչ իր տեղը կգա, բայց մենք այդ ժամանակը չունենք, չենք կարող սպասել: Սա բխում է երկրի անվտանգության ռազմավարությունից»

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը վստահ է, որ այս նախաձեռնության նպատակը չէ թիրախ վերցնել այս կամ այն հեռուստատեսությանը, դերասանին. խնդիրն արտահայտչաձեւն է` լի ագրեսիայով: «Հրամցվում է ինչ-որ ժամանակ ընդհատակում գտնվող մարդկանց մշակույթ, ապրելակերպ ու ներկայացվում որպես մասսաների կյանք: Սուրբ ծննդյան տոնին բռնաբարության տեսարանը կամ ԱՄՆ-ից Հայաստան ուղարկած ծնողի կտրած գլուխը դարձնում են առօրյա, սովորական կյանք», ասաց Դեմոյանը` առաջարկելով ԵՊՀ ուսանողներին բանավիճել` նպաստելով հեռուստատեսության որակի բարձրացմանն ու անել ամեն ինչ, որ կրիմինալը վերանա հեռուստաեթերից:

Առաջարկ ընդունողները շատ էին, բայց անարդյունք: Բանավեճ չստացվեց: Ոմանք ցանկացան ուղղակի ամբիոնի մոտ հայտնվել ու ցուցադրել իրենց գեղեցիկ հայերենը, ոմանք կրկնեցին այն, ինչ բանախոսներն արդեն ասել էին, մի մասն էլ առաջարկեց առաջնահերթ ուշադրություն դարձնել Հանրային հեռուստաընկերության աշխատանքինՙ որպես պետական հեռուստատեսության, որը սնվում է հասարակության հարկերով եւ պետք է տարբերվի մասնավոր հեռուստաընկերություններից որակյալ հաղորդումներով:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4