Պոլսո հայոց Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի ծայրաստիճան անառողջ վիճակի պատճառով պատրիարքական աթոռի շուրջը ծավալված իրադարձությունները կարծես տանում են հանգուցալուծման: Ավելի շուտ` կտանեն հանգուցալուծման, եթե վերջապես Պոլսո հայ համայնքն, ի դեմս կրոնական ժողովի (հոգեւոր խորհրդի) եւ աթոռակից պատրիարքի ընտրության նախաձեռնող հանձնաժողովի, փոխհամաձայնեցված որոշում կայացնի` պատրիարքի, թե՞ աթոռակից պատրիարքի ընտրություններ են անցկացվելու: Այս մասին բավական հանգամանալից հեռախոսազրույց ունեցանք, ինչպես գրել էինք երեկ, Պոլսո «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քոչունյանի հետ:
Արա Քոչունյան . - Մոտավորապես երկու տարի է, ինչ թուրքահայ համայնքի օրակարգում է պատրիարքական աթոռի համար նոր գահակալ ընտրելու անհրաժեշտությունը: Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի առողջական վիճակի անշրջելի վատթարացման, նրա հիշողության կորստի հետեւանքով մի միջանկյալ ժամանակաշրջան եղավ համայնքային կյանքում, արդեն երկու տարի, որ պատրիարաքական փոխանորդ Շահան արքեպիսկոպոս Սվաճյանը եւ կրոնական ժողովի ատենապետ ու աթոռի լուսարարապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը միասնաբար գլխավորում են պատրիարքարանի գործունեությունը: Պատրիարքի բացակայությամբ միակ օրինավոր մարմինն է կրոնական ժողովը, որն ընտրված մարմին է ժողովրդի կողմից, հետեւաբար գործերը տնօրինում է: Գործընթացը բնականոն հունի մեջ էր, արդեն նոր գահակալի ընտրության մասին անհրաժեշտ դիմումներ պետք է կատարվեին, որպեսզի պաշտոնական թույտվություն լիներ, եւ նոր պատրիարքն ընտրվեր: Մինչ այդ, ըստ համայնքների պատմության մեջ արձանագրված նախընթացների, ձեւավորվեց եւ համայնքային մարմինների ղեկավարների կողմից գործի լծվեց նախաձեռնող մարմինը, որը ողջ ընտրական պրոցեսը կազմակերպող, առաջ տանող, համակարգող անկողմնակալ, անաչառ մարմին է համայնքի ներսում: Այսուհանդերձ` կրոնական ժողովի եւ նախաձեռնող մարմնի միջեւ տարաձայնություններ առաջ եկան, որովհետեւ կրոնական ժողովը, նկատի առնելով, որ Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը կենդանի է, ցանկանում է աթոռակից պատրիարքի ընտրություն, իսկ նախաձեռնող մարմինը բացարձակապես աթոռակից պատրիարքի ընտրության կողմնակից չէր: Այս պահի դրությամբ` այս տարակարծությամբ առաջացած փակուղային վիճակից դուրս գալու ջանքերի որոնումների մեջ է համայնքը: Երկուշաբթի, 8 փետրվարի, նախաձեռնող մարմինը համայնքային մարմինների ղեկավարների հետ խորհրդակցություն ունեցավ, իսկ առաջիկա երկուշաբթի ավելի ընդլայնված կազմով արդեն լիագումար խորհրդակցություն պիտի տեղի ունենա, որպեսզի ելքի որոնումների ճանապարհին առաջաընթաց գրանցելը կարելի լինի: Ճիշտն ասած` այսօրվա դրությամբ համայնքի ներսում բավական վերապահություններ կան խնդրո առարկայի վերաբերյալ, եւ որոշ շրջանակներ արդեն արդարորեն մատնանշում են, որ կրոնական ժողովն իր իրավասությունների շրջագծից դուրս է գալիս. ստամբուլահայությունը ներկայացուցչական ընդհանրական հարցերի վերաբերյալ ունի շատ նուրբ հավասարակշռություններ, եւ մեր աթոռի նախընթաց ավանդույթների մեջ բացարձակապես գոյություն չունի աթոռակցության դրությունը:
- Անձամբ Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է` պատրիա՞րք, թե՞ աթոռակից պատրիարք:
- Ստամբուլի պատրիարքության պատմության մեջ բացարձակապես աթոռակից պատրիարքներ չեն եղել, կան ուրիշ նրբություններ եւս: Հայ առաքելական եկեղեցու մեջ աթոռակցական դրությունը եղել է կաթողիկոսների պարագայում, ընդ որում` մոտիկ անցյալում արդեն Կիլիկիայում աթոռակցությունը խնդրո առարկա է դարձել: Աթոռակցության նրբությունն այն է, որ աթոռակցի գիտությամբ պետք է դա լինի, բայց Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը գիտակցությունը կորցրած է, որեւէ ձեւով հավանություն տալու հնարավորություն չունի: Այսինքն` Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի բարոյական արժանապատվության վերաբերյալ նախանձախնդրություն ցուցաբերելու պարագան, այո, կա, բայց արդյունքը բոլորովին հակառակ կացությունն է առաջացնում, որովհետեւ հենց պատրիարք Մութաֆյանի իրավասությունների դեմ ոտնձգության նշանակությունն է ստանում աթոռակցության պարագան, քանի որ առանց պատրիարքի գիտակցության իրեն աթոռակից ընտրել փաստորեն հնարավոր չէ: Այս պայմաններում կրոնական ժողովն էլ մատնված է մի ուրիշ խնդրահարույց վիճակի` կրոնական ժողովի իրավասությունները ներառում են այն ժամանակահատվածը, երբ պետք է պատրիարք ընտրվի, ժողովն իրավասություն ունի մեր եկեղեցական իրավունքի համաձայն տնօրինություններ կատարել` մինչեւ նոր պատրիարքի ընտրությունը: Այսինքն` եթե կրոնական ժողովը հիմիկվանից ասում է, որ աթոռակից պատրիարք պետք է ընտրվի, փաստորեն արդեն իր իրավասության շրջանի ավարտից հետո կսկսի նոր շրջանը տնօրինելու ձգտումներ դրսեւորել եւ կամա-ակամա բացարձակապես անընդունելի իրավիճակ առաջացնել: Աթոռակցության հանգամանքը Թուրքիայի հայ համայնքի իրավունքների տեսակետով հետքայլ է նշանակում, որովհետեւ ինչ-որ ձեւով սերունդների առաջ պատասխանատու կացություն է առաջացնում եւ առաջիկայում նորմալ պատրիարքական ընտրություններ անելու հնարավորության եւ կամ կարելիությունների առումով սահմանափակումների վտանգ է սպառնում:
- Իսկ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ խորհրդակցելու խնդիր չկա՞:
- Մենք իմացանք, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի վերջին ժողովների ընթացքում քննարկվել է խնդիրը` թե՛ պատրիարքական փոխանորդ Շահան արքեպիսկոպոս Սվաճյանը եւ թե՛ կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մասնակցել են Գերագույն հոգեւոր խորհրդի զանազան նիստերին, բայց քանի որ պատրիարքական աթոռի եւ տեղական առանձնահատկությունների խնդիր է, Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն առավել չափով նախընտրում է հարգել տեղի նախընտրությունները եւ թույլ է տալիս, որ ժողովուրդն ազատ կողմնորոշվի, որեւէ միջամտություն խնդրո առարկա չէ:
- Ի՞նչ զարգացումներ են հավանական:
- Այս պահի դրությամբ` համայնքում առաջացել է բարդ կացություն, որն այդքան ճգնաժամային սահմանի կացություն դեռեւս չի առաջացրել, այսինքնՙ համայնքը շատ ալեկոծյալ չէ, մարդիկ փորձում են որոշում կայացնել եւ կողմնորոշվել, սակայն պատրիարքական ընտրության գործընթացի ներկա առկախված վիճակը եթե երկարաձգվի, հայտնի չէ` ի՞նչ կստացվի: Որովհետեւ պիտի հաշվի առնենք նաեւՙ ո՞րն է խնդրի լուծման համար որոշում կայացնելիք եւ կամ ազդեցություն ունենալիք հոգեւորականների` պատրիարքի թեկնածության պարագան, որը որոշում կայացնելիս ավելի ամբոխավարության վտանգ է պարունակում: Թեկնածուները կողմ են արտահայտվում հոգեւորականների տված աթոռակցության որոշմանը: (Անշուշտ, քանի որ աթոռակից ընտրվածը հետագայում ինքնաբերաբար կդառնա լիիրավ եւ լիարժեք պատրիարքՙ առանց ընտրական գլխացավանքի: Մ. Խ.)
Թեկնածուները, հաչս ժողովրդի, երեւի չեն ցանկանում բարոյական կերպարը խանգարողի կամ, ասենք, Մեսրոպ պատրիարքի պարագայի զգացական հանգամանքին շատ կտրուկ որոշումների գնացած լինել, եւ այդ բանն էլ հարցը տանում է ամբոխավարության, որովհետեւ այստեղ Մեսրոպ պատրիարքի բարոյական իրավունքներին կամ արժանապատվությանը սպառնացող որեւէ երեւույթ չկա, բայց դեմագոգիաներով փորձում են այս գործընթացն առաջ տանել, իսկ մենք էլ փորձում ենք առանց մեծ ցնցումների համայնքը դուրս բերել այդ սուտ երկընտրանքից եւ ընտրական գործընթացը վերադարձնել իր բնականոն հուն:
- Ի՞նչ եք փորձում, ի՞նչ միջոցներ կան դրա համար:
- Մեր` թերթի հրատարակություններով ենք փորձում. աշխարհական այն գործիչները, որոնք իմանում են, որ այս հարցի կտրվածքով մեր եկեղեցին աշխարհականների իրավունքների տեսակետից է լուրջ հակասություն առաջացնում, փորձում են համայնքի ներսում այնպիսի հավասարակշռություն ապահովել, որը թե՛ չի մաշեցնի կրոնական ժողովի բարոյական հանգամանքը, թեՙ միեւնույն ժամանակ, ապօրինի որոշումներ կայացնելու վտանգից զերծ կպահի համայնքը:
- Երեք թեկնածուներից ո՞վ ավելի հեղինակություն կամ, ինչպես ասում են, շանս ունի ընտրվելու Ձեր կարծիքով:
- Տեսականորեն բոլորն էլ ունեն: Թե՛ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, թե՛ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, թե՛ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, որը վաղը թե մյուս օրն արդեն գալիս է Ստամբուլ: Բայց վարչական խնդրի լուծման համար ավելի ազդեցություն ունի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, քանի որ ինքը գլխավորում է կրոնական ժողովը եւ փաստացի իշխանություն է:
- Ի՞նչ ժամկետներում կարող է այդ հարցը լուծվել:
- Այս պահի դրությամբ դժվար է ժամկետ պատկերացնել, թեեւ տարեսկզբին ասվում էր, թե Զատկին նոր գահակալ արդեն կլինի: Բայց այս տարաձայնությունը որ առաջացավ, պետությանն ուղղված դիմումի արդյունքն էր` առանց պետական թույլտվության հնարավոր չէ գործն առաջ տանել: Հիմա համայնքն աշխատում է այս փակուղուց դուրս գալ, որ որոշվի` աթոռակի՞ց, թե՞ սովորական պատրիարք, դրանից հետո պիտի սպասենք պետության թույտվությանը, որպեսզի ամեն ինչը օրենքի շրջանակում լինի:
- Թուրքական իշխանությունները խառնվո՞ւմ են իրավիճակին` անուղղակի ազդեցությունների մասին եմ հարցնում:
- Ոչ, համայնքում այդ կարգի անհանգստություն չկա:
Հարցազրույցը վարեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ