«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2010-02-09 | #22, 2010-02-10 | #23, 2010-02-11


17-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՎԻ ԲԵԿՈՐՆԵՐԸՙ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հնդկաստանում առաջին հայ համայնքները կազմավորվել են XVI դարում: Բնակիչները հիմնականում եղել են վաճառականներ, պետական եւ զինվորական ծառայողներ: Հնդկահայ համայնքները ստվարացել են XVII-XVIII դարերում, երբ բազմաթիվ պարսկահայեր, հատկապես Նոր Ջուղայից, բնակություն են հաստատել Հնդկաստանում: Հայերը հիմնականում բնակվել են շուրջ 20 քաղաքներում եւ առեւտրական կենտրոններում, ինչպիսիք էին Ագրան, Կալկաթան, Բոմբեյը, Մադրասը, Դաքան, Լահորը եւ Սուրաթը:

Այս վերջինըՙ Սուրաթը 17-րդ դարից սկսած եղել է նավաշինական քաղաք: Այնտեղ է կառուցվել «Գետաշ առեւտրական» նավը, որը ժամանակին հայկական առեւտրական նավ է եղել, առեւանգված վատահամբավ կապիտան Քիդի կողմից: Վիլյամ Քիդը (1645-1701) շոտլանդացի ծովահեն է եղել, որին կախաղան են բարձրացրել ծովահենության եւ սպանությունների մեղադրանքներով: «Նավի առեւանգումը փոխեց միջազգային առեւտրի ապագան», պարզաբանել են Պավել եւ Իզաբելլա Գալումյանները «Թայմս ըվ Ինդիա» թերթի թղթակցին:

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում տպագրված լրատվությունից տեղեկանում ենք, որ Պավելը ֆիզիկոս է եւ աշխատում է Ժնեւի միջուկային ուսումնասիրությունների եվրոպական կազմակերպությունում, իսկ Իզաբելլան թարգմանչուհի է: «Մենք 2007-ից ուսումնասիրում ենք այս խնդիրը եւ բավական նյութ արդեն հավաքել ենք: Նավը, որը Քիդը առեւանգել է 1698-ի հունվարի 30-ին, կառուցվել էր Սուրաթում 1645-ին: Նա պատկանել է հնդիկ առեւտրականներին, իսկ հետագայում վարձով է տրվել հայերին, որպեսզի ապրանքներ փոխադրեն դեպի Եվրոպա: Քիդը նավն առեւանգել է Արաբական ծովում, բայց Անգլիա վերադարձին ձերբակալվել է եւ մի քանի տարի տեւած դատավարությունից հետո կախաղան բարձրացվել: Բայց նա հասցրել էր նավն իր բեռներով դեպի Ամերիկա ուղեւորել իրեն հավատարիմ մարդկանց միջոցով», պատմում են Գալումյանները, ավելացնելով, որ նավի մնացորդները հայտնաբերվել են 2007-ին Դոմինիկյան Հանրապետության ափերի մոտ, որտեղ 1698-ին Քիդի նավաստիները փորձել են հրդեհել:

Այժմ, ըստ «Թայմս ըվ Ինդիայի» լրատվության, նավի բեկորները ցուցադրվելու են Դոմինիկյան Հանրապետությունում Բրիտանիայի, Մ. Նահանգների, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Հնդկաստանի համատեղ ջանքերով կառուցվող թանգարանում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4