Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բուքինգհեմյան պալատում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ընդունել է Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստանի եվրոինտեգրման գործընթացին, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող խնդիրներ:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը լոնդոնյան իր կեցավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին: Հանդիպմանը քննարկվել են հայ-բրիտանական հարաբերություններին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Միացյալ Թագավորության հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմանն ու առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, շահագրգիռ է տարբեր ուղղություններով գործակցության ընդլայնման հարցում: Վստահություն է հայտնվել, որ Եվրոմիության Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը հնարավորությունների լայն շրջանակ է բացում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության զարգացման համար:
Դեյվիդ Միլիբենդը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի նախագահի ջանքերը եւ նշել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է այդ գործընթացին ու շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում:
Վինձորյան պալատում կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը արքայազն Չարլզի հետ: Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել արքայազն Չարլզի եւ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի նախաձեռնած «Երեւան` իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելությանը եւ դրան հաջորդած համերգին` աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի եւ մեցցոսոպրանո Դարիգա Նազարբաեւայի մասնակցությամբ: «Երեւան` իմ սեր» նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում, որոնք Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ կծառայեն մեր հասարակության սոցիալապես խոցելի շերտերին ու օժտված երեխաներին:
Սերժ Սարգսյանը Լոնդոնում առանձին հանդիպում է ունեցել նաեւ իր աշխատանքային այցի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների եւ ճանաչված հասարակական գործիչների հետ:
Ա. Հ.