Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների «Չաթեմ Հաուզ» թագավորական ինստիտուտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը դեռ երկար ժամանակ կքննարկեն: Երեկ արդեն քաղաքական գործիչները մեկնաբանել են նախագահի ելույթը:
ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին բավարարել են նախագահի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ընդհանուր առմամբ դաշնակցական գործիչը ելույթը գնահատել է դրական, սակայն դժգոհություններ ունի հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ: «Անհասկանալի է, մինչեւ ե՞րբ է պատրաստվում նախագահը Թուրքիային հնարավորություն տալ: Համոզված ենք, որ անցել է ժամանակը, որ Հայաստանը հայտարարի, թե Թուրքիայի ոչ անկեղծ կեցվածքի պատճառով այս գործընթացն արդեն տապալվել է, նրան նոր հնարավորություն տալու պատճառ չկա»:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն էլ բացասական գնահատեց նախագահի ելույթի հատկապես ղարաբաղյան հատվածը: «Եթե ելույթը միամիտ հայ մարդը լսի, տպավորություն կարող է ունենալ` ինչ լավ խոսեց երկրի նախագահը. կարծես կարծր կեցվածք դրսեւորեց Ղարաբաղի հարցում: Բոլորովին այդպես չէ: Հենց երեկ նա հրապարակայնորեն թուրքական կողմին հասկացրեց, որ պատրաստ է վերադարձնել ազատագրված տարածքները: Նա խոսում էր ԼՂԻՄ-ի մասին, խնդրում աշխարհին` ասելով, որ ԼՂԻՄ-ը մենք չենք կարող զիջել: Մնացածի մասին երբ չի ասում, նշանակում է` մնացածը պատրաստ է զիջել», նկատում է Սեֆիլյանը: Ըստ նրա, եթե նախագահ Սարգսյանը համոզված լինի, որ չի կորցնի իր աթոռը, այսօր կստորագրի Արցախի ազատագրված տարածքների վերադարձման փաստաթուղթը: «Արցախում կա այն ներուժն ու զինվորական, սպայական կազմը, որը պատրաստ է չենթարկվել այդ հրամանին»:
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նախագահի ելույթի հատկապես այն հատվածը, որտեղ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը կհրավիրվի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը.«Դրանով սեփական օրինակով տարածաշրջանի մյուս երկրների ղեկավարներին ցույց է տալիս, որ ամեն խնդիր կարելի է լուծել ոչ թե ռազմական, այլ` բանակցությունների ճանապարհով»: Շարմազանովը վստահ է, որ նախագահն իր ելույթում հավատարիմ մնաց ստանձնած պարտավորություններին` նշելով, որ Արձանագրությունները կուղարկվեն ԱԺ` մեկ անգամ եւս փաստելով, որ Հայաստանը վստահելի գործընկեր է: «Նախագահը մեկ անգամ եւս պատրաստակամություն հայտնեց եւ նշեց, որ մենք Արձանագրությունները վավերացնելու խնդիր չունենք, եթե Թուրքիան դրանք վավերացնի: Ավելին, նախագահը շատ հստակ նշեց, որ եթե հաստատվեն այն կասկածները, որ Թուրքիայի նպատակը ոչ թե Արձանագրությունները վավերացնելն է, այլ` գործընթացը ձգձգելը, գործընթացը կդադարեցվի»:
«Ընդամենը արտաքին աշխարհի առջեւ «պուպուշ» երեւալու հերթական փորձ»: Սա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի տեսակետն է: «Կարծես թե իշխանությունները արագացված գործընթացի կողմնակից են եւ սրանով փորձում են հավաստիացնել, որ ինչ տեսքով ստորագրել են, այնպես էլ պատրաստ են վավերացնել Արձանագրությունները»: Մարտիրոսյանը նախագահի ելույթից հետո էլ շարունակել է մնալ այն համոզմանը, որ իշխանություններն իրենց վերցրած պարտավորություններն ու արտաքին աշխարհի թելադրանքն ամբողջովին պատրաստ են իրացնել` առանց հաշվի առնելու Հայաստանի ազգային եւ պետական շահերը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ