«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2010-02-10 | #23, 2010-02-11 | #24, 2010-02-12


ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աբդուլլահ Գյուլը երեկ պատասխանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին: Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված ուղերձի համաձայնՙ ողջունելով նախագահին եւ հայ ժողովրդին, նա գոհունակությամբ է ընդունում Սերժ Սարգսյանի ուղերձում արված դատողությունները:

«Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկկողմ ջանքերը հակամարտություններով առկա մեր տարածաշրջանում նոր խաղաղության հույս են ծնել, որին աշխարհը իրապես տեղին հետաքրքրությամբ է հետեւում: Ես ընդունում եմ այդ տեսակետը: Անհրաժեշտ է մեր ժողովուրդների միջեւ երկար ժամանակ` առկա նախապաշարմունքները հաղթահարելու եւ փոխադարձ ըմբռնումը եւ վստահությունը վերականգնելու համար: Սրանք մեր երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցող գլխավոր գործոններն են: Անհրաժեշտ է, որ չկասկածեք մեր վճռականությանը այս գործընթացում, քանի դեռ առկա է փոխադարձ համաձայնություն` ձգտելու կարգավորել հարաբերությունները»:

Գյուլը համաձայն է նախագահ Սարգսյանի այն մտքին, որ պատասխանատու ղեկավարությունը պետք է կանգնի իր խոսքի հետեւում եւ աջակցի այդ խոսքերի իրականացմանը: «Հարգելով դա, շարունակելու ենք ավելի առաջ տանել մեր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված փոխհամաձայնությունը: Պետք է հասկանանք, որ պատմական նշանակություն ունեցող այս գործընթացի արդյունքները կախված են երկկողմ պարտավորությունների կատարումից եւ բավարար քաղաքական խիզախությունից»:

Թուրքիայի նախագահը նշել է, որ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների համար շարունակական խաղաղության, անվտանգության բարգավաճման եւ համագործակցության ապահովումը պետք է կազմի երկու երկրների նախագահների ապագայի համատեղ նպատակը: Նա նշել է, որ շարունակելու է անձամբ զբաղվել առկա գործընթացով` հույս ունենալով, որ մեր երկրների համար գործընթացը կհասնի համոզիչ արդյունքի:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4