«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2010-02-10 | #23, 2010-02-11 | #24, 2010-02-12


ԻՍՐԱՅԵԼԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԻՐԱՆԱԿԱՆ «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»

«Այդպես չեն խոսում երկու դիվանագետները, այդպես խոսում են երկու ընկերները», այսպես է մեկնաբանել «Ադրբեջան-Իսրայել» միջազգային ասոցիացիայի նախագահ, նախկին իսրայելցի պատգամավոր Իոսիֆ Շագալը Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի` ադրբեջանցի իր գործընկերոջՙ Էլմար Մամեդյարովի հետ ունեցած զրույցը: Ի դեպ, Շագալը Լիբերմանի գլխավորած պատվիրակության կազմում Բաքվում էր, որտեղ լուրջ երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ:

Շագալն ընդգծել է, որ Լիբերման-Մամեդյարով հանդիպումը եղել է «հիասքանչ եւ բարեկամական»: Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական կապերը լավ զարգացում են ապրում. «Ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ հասնում է 4 մլրդ դոլարի: Եվ մենք հուսով ենք, որ Բաքուն, այսքանից հետո, կբացի վերջապես իր դեսպանատունը Թել-Ավիվում», շեշտել է Շագալը: Սակայն Բաքուն այս վերջինի հաշվով այնքան էլ չի շտապում, մասնավորապես իսրայելա-ադրբեջանական վերջին հանդիպումներում որեւէ նման խոսակցություն չի եղել, բացի այդ, եւ ամենակարեւորը` Իսրայելի «թշնամի» Իրանը նույնպես Ադրբեջանի «ընկերն» է, իսկ Թեհրանը «նրանցից» չէ, որ կներեն Բաքվին նման «դավաճանության» համար:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վերջինս զգուշությամբ է նայում Ադրբեջանի «շեղումներին», մասնավորապես նույն Շագալը, մեկնաբանելով Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի Բաքու սպասվող այցը, հայտարարել է. «Մենք Իրանը չենք, որ Ադրբեջանին հարցնենք, թե ինչո՞ւ է «ինչ-որ» մեկին հրավիրում, դա մեր գործը չէ»: Պաղեստինին վերաբերող հարցին պատասխանելիս, այն էլ Բաքվում, թե ինչո՞ւ է հանկարծ Շագալը «հիշում» Իրանին, ավելին` համեմատում Իսրայելի հետ, կարծում ենք հասկանալի է. Թել-Ավիվը Բաքվին լուրջ դաշնակից է տեսնում տարածաշրջանում եւ չի պատրաստվում նրան «կիսել» Թեհրանի հետ: Ի դեպ, ադրբեջանա-իրանական «ընկերությունը» նույնպես հետաքրքրական զարգացումներ է ապրում: Վերջերս Իրանը միակողմանի կասեցրեց Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը: Իսկ Իսրայելը Բաքվում, իհարկե նույն պայմանավորվածությունը ձեռք բերեց. այսուհետեւ այդ երկրի եւ Ադրբեջանի միջեւ վիզային ռեժիմը կվերանա առայժմ միայն դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Այս ամենը ընդամենն ընդգծում է, որ իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները վերջին ժամանակներում լուրջ զարգացումներ են ապրում: Եթե նախկինում դրանք արտահայտվում էին միայն տնտեսկան կապերի եւ երկկողմ ծրագրերի տեսքով, ապա այսօր Իսրայելը մուսուլմանական Բաքվին նաեւ քաղաքական եւ ռազմավարական դաշնակից է համարում: Ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը սա պայմանավորում է «երկու ժողովուրդների միջեւ եղած ավանդական բարի հարաբերություններով»: «Ադրբեջանում ապրող հրեաների եւ ադրբեջանցիների միջեւ կրոնների տարբերությունը ոչ մի դեր չի խաղացել ջերմ հարաբերություններ ստեղծելիս», նշել է Մուսաբեկովը : Իսկ եթե ավելի քաղաքական տեսք տանք այս ամենին, ապա Իսրայելի համար շատ կարեւոր են ադրբեջանական ռեսուրսները, իսկ Բաքուն, իհարկե, կարող է օգտագործել Իսրայելինՙ նույն ռեսուրսները արտահանելիս: Ի դեպ, Մուսաբեկովը նաեւ խոսել է իսրայելա-ադրբեջանական խորացող ռազմական շփումներից: «Ազգ» -ը փետրվարի 10-ի համարում գրել էր, որ Ադրբեջանը վերածվել է իսրայելական հետախուզական կենտրոնի, ընդ որում դա հաստատում է իսրայելական մամուլը: Բնականաբար ակնհայտ է դառնում, որ Իսրայելն այս տարածաշրջանում զգուշանալու կարիք ունի միայն Ադրբեջանի «մեկ-այլ ընկեր» Իրանից: Հետեւաբար Բաքուն, մտնելով Երեւանի հետ «ո՞վ ավելի շատ ընկեր ունի» խաղի մեջ, բավական երկերեսանի է պահում իրեն. Իսրայելի եւ Իրանի հետ միաժամանակյա ընկերություն անողին հենց այդ որակավորումն արժե տալ, մանավանդ հաշվի առնելով, որ Բաքվի «եղբայր» Թուրքիան նույնպես այնքան էլ «սիրալիր» չի դարձել Թել-Ավիվի նկատմամբ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4