ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Երկրի տնտեսական անվտանգությունը ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից է: Հայաստանի տիպի պետության համար, երբ առկա են ռեսուրսների սահմանափակ հնարավորություններ, առաջնային խնդիր է դառնում արտադրության գործոնների (մարդ, հող, կապիտալ եւ ձեռնարկատիրական կարողություն) ճիշտ կառավարման միջոցով արտադրողականության բարձր մակարդակի ապահովումը տնտեսության բոլոր ճյուղերում:
Հայաստանի տնտեսական զարգացման այլ տարբերակ չկա, քան ներմուծման փոխարինումը եւ արտահանմանն ուղղված քաղաքականությունը: Ցավոք, մեզանում դեռեւս հակառակ միտումներն են: Նախորդ տարվա պաշտոնական տվյալներով ներմուծումը գերազանցում է արտահանմանը մոտ 5 անգամ: Պարադոքսն այն է, որ մեզանում հակառակ պատկերն է միայն ուղեղների արտահանման գծով: Անկում է գրանցված արդյունաբերական արտադրանքի ոլորտում: Իսկ դա նշանակում է, որ մենք առավելապես սպառողական, այլ ոչ թե արտադրող տնտեսական համակարգ ունենք: Եթե այս վիճակը պահպանվի, ապա մի քանի տարի անց Հայաստանը կարող է ամբողջությամբ վերածվել «բանանային երկրի», որը գոյատեւում է միայն դրսի վարկերի, գրանտների, հումանիտար օգնությունների, ազգականների ու բարեկամների օգնությունների եւ սփյուռքահայերի միանգամյա կարոտախտային այցելությունների հաշվին:
Կարծում եմ, որ նման հեռանկարի որեւէ բանական մարդ չի կարող համակերպվել: Հետեւաբար, օրակարգային հարց է դառնում ՀՀ տնտեսական համակարգի վերակառուցումը, ինչպես նաեւ պետական այնպիսի քաղաքականության մշակումը, որը Հայաստանը կդարձնի արտադրող եւ արտահանող պետություն:
Նշված խնդրի լուծման ճանապարհներից մեկը ինովացիոն տնտեսության կառուցման խթանիչների ներդրումն է: Նոր տեխնոլոգիաներ, ժամանակակից մենեջմենթ եւ հայրենասեր չինովնիկություն, որը դրսեւորվում է հայրենական արտադրության աջակցությամբ` ահա՛ հաջողության այն բանաձեւը, որի օգնությամբ շատ երկրներ դարձել են միջազգային կամ գոնե տարածաշրջանի մակարդակով տնտեսապես հզոր պետություններ:
Ինովացիոն տնտեսությունը գիտելիքահենք արտադրությունների եւ մենեջմենթի միասնական համակարգն է, որտեղ ամենահիմնական գործոնը դառնում է մարդը: Այստեղ ավելորդ չէ նշել, որ այսօր Հայաստանն ունի ոչ միայն եւ ոչ այնքան աշխատատեղերի խնդիր, որքան որակյալ աշխատուժի, որի պակասը զգացվում է բիզնեսի բոլոր մակարդակներում, այնինչ նախկինում մենք որպես առավելություն էինք դիտարկում մեզ մոտ առկա որակյալ կադրերի բանակը: Ասվածը հատկապես վերաբերում էր գիտության ասպարեզին:
Խորհրդային կարգերը մեզ թողել էին լուրջ գիտական ժառանգություն: Հայ գիտնականների աշխատությունները անբաժանելի մասն էին կազմում համաշխարային գիտական ներուժի, թվարկեմ միայն մի քանի անունՙ Վիկտոր Համբարձումյան, Գրիգոր Գյուրզադյան, Սերգեյ Մերգելյան, Արմենակ Մնջոյան, Արտեմ եւ Իսակ Ալիխանյաններ այս թվարկումը դեռ երկար կարելի է շաունակել:
Հիմա լրիվ այլ պատկեր է: Խորհրդային միության փլուզումից հետո մեծ թափ առած արտագաղթն իր հետ տարավ նաեւ հազարավոր գիտաշխատողներ, գիտության մեր հսկաների ստեղծած գիտահետազոտական ինստիտուտները - այլ գիտական օջախներ ամայացան, քանդվեցին իսկ որոշները թալանվեցին: Սկսվեց «ուղեղների արտահոսքը»:
Ռուսաստանի Դաշնությունը եւ Ար-մուտքը, ի տարբերություն մեր այդ տարիների իշխանության, չափազանց բարձր գնահատելով հայ գիտնականի միտքն ու նրա ներուժը, մեր գիտնականների համար ստեղծեցին աշխատանքային բարեկեցիկ պայմաններ, ինչը չարվեց Հայրենիքում, - հայ գիտական միտքը սկսեց ծառայել օտարին: Այսօր ողջ աշխարհում` Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում եւ Ռուսաստանում արդեն գերակայող է դարձել այն միտումը, որ իրենց երկրներ ներգաղթելու հնարավորություն են տալիս առավելապես, բարձրագույն կրթությամբ,որեւէ ասպարեզում մասնագիտացած, երիտասարդ ընտանիքներին: Այսօր Հայաստանում այն աստիճան է սրվել արհեստավարժ կադրերի դեֆիցիտը, որ հայրենական արտադրությունը կանգնած է կադրային աղետի եզրին: Դժվար է գտնել ոչ միայն արհեստավարժ հաշվապահներ, ֆինանսիստներ, դիզայներներ, այլեւ արհեստավարժ արհեստավորներ (եռակցողներ, փականագործներ, հյուսներ եւ այլն): Առանց առաջավոր գիտական ներուժի մենք ազգովին կնմանվենք թաթար-մոնղոլական քոչվոր ցեղերին: Միգուցե ազգովին սկսենք ոչխար պահել, սակայն նույնիսկ արհեստավարժ եւ աշխատասեր ոչխարապահներ չունենք: Այսօր այդ գործը փայլուն կատարում են եզդիները, ինչի շնորհիվ հարգանքի արժանի են: Այս թեմային կանդրադառնանք հետագայում: Հայրենական խոշոր արտադրողները համակարգաստեղծ հիմնարկներ են եւ ոչ միայն աշխատատեղ են ստեղծում, այլեւ ստեղծում ու պահպանում են աշխատանքային դպրոցը: Հայրենական արտադրողների շնորհիվ է, որ երկրի լավագույն մասնագետների մի մասը դեռ շարունակում է ապրել եւ աշխատել հայրենի հողում: Ի տարբերություն հայրենական արտադրողների, ներմուծողները գրեթե լումա չունեն ուղեղների արտահոսքը կանխելու գործում եւ նույնիսկ նպաստում են դրան: Կան դեպքեր, երբ Հայաստան է ներմուծվում այն ընկերությունների արտադրանքը, որոնց լավագույն մասնագետները Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցներն են:
Ճիշտ է, գիտությունների թեկնածուների եւ դոկտորների քանակի առումով միգուցե մենք այսօր ունենք ավելի մեծ թիվ, քան 90-ականների սկզբին էր , բայց որակական առումով բացասական հաշվեկշիռն ակնհայտ է: Հիմա այնպիսի մարդիկ են գիտական ոլորտներում դիպլոմներով աչքի ընկնում, որ իսկական գիտնականները, երեւի, ամոթից լռում են, բայց սա այլ խոսակցության թեմա է:
Կուզենայի բոլորիս ուշադրությունը կենտրոնացնել «գիտակրթական համակարգ-տնտեսության իրական հատված փոխհարաբերություններին, որոնք ներկայիս Հայաստանում գրեթե չեն գործում: Իսկ եթե մենք ուզում ենք ինովացիոն տնտեսություն ունենալ եւ աշխատանքի միջազգային կամ տարածաշրջանային բաժանման մեջ գտնել մեր հաստատուն տեղը, ապա միանշանակ է, որ, պատկերավոր ասած, մեր ուղեղները պետք է ոչ թե արտահանվեն, այլ ընդհակառակըՙ պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց ունակություններն իրացնեն Հայաստանում: Այլապես մենք տարեցտարի կվերածվենք զարգացած երկրների անորակ ապրանքների սպառման շուկայի:
Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում կա պետական մոտեցում: Համապատասխան ֆոնդերի միջոցով ֆինանսավորվում են գիտական ծրագրերը, որոնք ունեն գործնական նշանակություն, նանոտեխնոլոգիաների ոլորտում կան հատուկ պետական ծրագրեր, այդ իսկ պատճառով գիտություն-տնտեսություն կապը առավել էֆեկտիվ է, իսկ պետական ներդրումները այդ ոլորտում շահավետ: Էլ չեմ խոսում զարգացած շուկայական երկրների մասին, որտեղ շատ ամուր հիմքերի վրա է դրված գիտելիքատար տնտեսության համակարգը:
Անշուշտ, մենք չունենք ՌԴ ֆինանսական հնարավորությունները, բայց պետք է ձգտենք մեր ունեցածի չափով տեր կանգնել մեր գիտական պոտենցիալին, որպեսզի մարդիկ չլքեն Հայաստանը:
Այսօր հին սերնդի մասնագետները ծերանում են, իսկ նոր սերունդը, կրթական համակարգի թերի եւ կոռումպացված լինելու պատճառով, շատ է զիջում հներին: Նոր սերնդի այն փոքրաթիվ հատվածը, որն ունի մասնագիտական բարձր մակարդակ, տարբեր պատճառներով հիասթափված կամ դժգոհ, լքում է երկիրը եւ իր մտքով ու կարողություններով հզորացնում օտար պետությունները: Մենք չենք կարող Ազգային Ժողովում մշակել այնպիսի օրենքներ, որոնք կարգելեն մեր երիտասարդ մասնագետներին լքել հայրենիքը: Սակայն կարող ենք ունենալ այնպիսի օրենքներ, որոնք կաջակցեն հայրենական արդյունաբերությանը: Դա էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ երկրի մարդկային մտավոր կարողությունները կծառայեցնի մեր երկրի տնտեսության զարգացմանը: Այս ձեւով մեր գիտաշխատողները, մասնագետները եւ արհեստավորները հնարավորություն կունենան աշխատելու հայրենական որեւէ արդյունաբերական ձեռնարկությունում, պատշաճ կերպով վարձատրվեն եւ արժանապատվորեն ապրեն իրենց հայրենիքում, առանց արտագաղթելու մասին հետին մտքերի: Հուսով եմ, որ մեր կառավարությունը սա քաջ գիտակցում է:
Ուղեղների արտահոսքը մեր վաղվա հետընթացի հիմնական նախապայմանն է դառնալու, եթե արդեն չի դարձել: Սա այն դեպքն է, երբ արտահանումն ի վնաս մեզ է: Ուստի կարիք կա վերանայելու եւ բարեփոխելու պետության վերաբերմունքը հայրենական արտադրության եւ տեղական կադրերի պատրաստման ու պահպանման նկատմամբ: Առանց զարգացած հայրենական արտադրության մենք չենք կարողանա երբեւէ ունենալ տնտեսական նվաճումներ եւ բարեկեցիկ կյանք ապահովել մեր երկրի քաղաքացիների համար: