Հայ կոմպոզիտորի զորեղ երաժշտությունը իրար է բերում գործընկերների եռյակին
Տիգրան Մանսուրյանն ու Քիմ Քաշքաշյանը, երկուսն էլՙ ծագումով հայ, նշում են ավելի քան երկու տասնյակ տարվա համագործակցություն:
Ալտիստ Քիմ Քաշքաշյանը բազում նշանակալից կոմպոզիտորների մուսան է եղել, ի թիվս շատ ուրիշների, Լուչիանո Բերիոյի, Գեորգի Կուրտագի եւ Արվո Պյարտի հետ է աշխատել եւ նոր գործեր «բխեցրել» նրանցից: Բայց Տիգրան Մանսուրյանի հետ իր կապն ուրիշ է: Նրանք իրենց ավելի քան երկտասնամյա համագործակցությունը նշում են հայկական համերգների հազվագյուտ մի շարքովՙ հարվածային գործիքներ նվագող Ռոբին Շուլկովսկու հետ: Այս կարճատեւ շրջագայությունը, որի ընթացքում Մանսուրյանը դաշնամուր կնվագի ու կերգի, սկսում է չորեքշաբթի օրը Ջորդան Հոլում: Համերգի հայտագիրը ներառում է Մանսուրյանի երաժշտությունը, ինչպես նաեւ նրա մշակումները Կոմիտաս Վարդապետի գործերի, այն կոմպոզիտոր-երաժշտագետի, ով լայն շրջանակներում համարվում է առանցքային դեմք հայկական դասական երաժշտության մեջ: Մինչեւ 1915 թ. իր ձերբակալվելն ու աքսորվելը Կոմիտասը տարիներ շարունակ շրջել է գյուղական շրջաններում, ձայնագրել եւ մշակել է իր լսած հազարավոր ժողովրդական ու հոգեւոր երգերը: Թե՛ Քաշքաշյանը, թե՛ Մանսուրյանը հայկական ծագում ունեն, եւ ա՛յս երգերն ենՙ մի անգնահատելի կապ երկրի անցյալին, որ միացրել են նրանց:
Մեր հեռախոսազրույցի ընթացքում Քաշքաշյանը վերհիշեց 1980-ականների վերջերին իրՙ Կոմիտասի երգերի մշակումներ նվագելը. ինչպես ինքն է ասում` «նրանց հանդեպ քիչ թե շատ բնատպային մոտեցում տեսնելու» համար նա ճամփորդում է Հայաստան, որ լսի Մանսուրյանիՙ այդ երգերը նվագելն ու երգելը: Հանդիպումը փոխեց ամեն ինչ, առանցքային դարձավ:
- Ես անչափ հմայված էի իր արածով,- ասում է նա:- Այնքան հզոր էր, այնքան հուժկու, որ այդ դրվագից մի փոքրիկ ձայներիզային ձայնագրություն հետս բերեցի Մյունխեն (ECM Records-իՙ Քաշքաշյանի երաժշտությունը թողարկող ընկերության նստավայրը):
Այնտեղ նա միացրեց այդ ձայնագրությունը, որ լսեն իր պաշտոնակիցներից Մանֆրեդ Այխերըՙ ECM-ի հիմնադիրը, եւ Շուլկովսկին, ում հետ Քաշքաշյանը հաճախ էր աշխատում:
- Ու նստել էինք մենք երեքով, մեր աչքերինՙ արցունք,- վերհիշում է ալտահարը: - Որովհետեւ այնքան զգայացունց էր, մեզ համար ե՛ւ մտերմիկ, ե՛ւ հզոր, ե՛ւ եզակի: Ու այդ պահին մենք ասացինքՙ սրանով մի բան պետք է անենք:
Արդյունքը 2003 թ. «Հայրեն» անվանումով ձայնապնակն էր. այնտեղ եռյակը նվագում է Կոմիտասի երգերի մշակումներից ու Մանսուրյանի հեղինակած գործերից: Ձայնագրությունում Մանսուրյանի ձայնը հնչում է անմշակ ու համարյա ցավագնորեն կաշկանդվածՙ արհեստավարժ մի երգչից ձեր ակնկալածից տարբեր մի ամբողջ աշխարհ: Այնքան անսովոր է, որ ծրագրում դա բնորոշվում է ոչ թէ «երգեցողություն», այլ «վոկալ»: «Բայց հմայքը», ասում է Քաշքաշյանը, «ուրի՛շ բանի մեջ է»:
- Այդ անմշակությունը, որ դուք լսում եք, ու այդ չմարզվածի որակը իրականում թափանցում են անհավատալի խորությունը զգացմունքի ու գիտելիքիՙ ժողովրդի մասին, հողի մասին, ազգի հանգամանքների, իրավիճակի մասին. դա արյունն է,- ասում է նա:- Իսկապես կարծում եմ, որ սա մի բան է, որ պետք է անպայման ունկնդրել:
Կոմիտասի արածը հնագույն անցյալը բերելն էր մի ձեւի մեջ, որն արդի հայերը (նաեւ արեւմուտքցիները) կարող էին հասկանալ ու որդեգրել: Ինչ որ ձեւով, ասում է Քաշքաշյանը, Մանսուրյանի՛ երաժշտությունը նույն բանն է անում:
- Մենք իր մասին խոսում ենք իբրեւ ժամանակակից, եվրոպական կրթությամբ կոմպոզիտորի, որն իր տրամադրության տակ այդ բոլոր հնարներն ունի,- բացատրում է նա:- Բայց իր մասին խոսում ենք նաեւ իբրեւ իր արմատներն անցյալի հայ եկեղեցական եւ ժողովրդական երաժշտության մեջ ունեցողի: Ուրեմն, երբ Տիգրանի մի գործն եմ լսում, այս երկուսը ընկալում եմ: Դա իր ամբողջ երաժշտության ընդմիջեն անցնող կարմիր թելի նման է:
Երեքշաբթի օրվա համերգն սկսում է երեք տաղովՙ հնագույն հոգեւոր երգեր, որոնք Մանսուրյանը ձեւել է ալտի ու հարվածայինների համար: Ծրագրի մեջ է նաեւ կոմիտասյան երգերի երկու շարք, չորսըՙ Մանսուրյանի, իսկ երգերիցՙ փոխադրած ալտի ու դաշնամուրի համար, եւ ծավալուն մի դուետՙ Քաշքաշյանի ու Շուլկովսկու համար:
- Տեսեք, թե ինչպես ամեն ինչ սնվում է ամեն ինչից,- ասում է Քաշքաշյանը:- Դուք անպայման կզգաք ազգի համն ու հոտը, բնաշխարհի (թե՛ հուզական, թե՛ ֆիզիկական) համն ու հոտը այս բոլոր գործերումՙ թե՛ երկու տարի առաջ գրվածներում, թե՛ երկու դար առաջ գրվածներում:
Եթե այդպես է, դրա համար պարտական ենք ոչ միայն Կոմիտասին ու Մանսուրյանին, այլ նաեւ Քաշքաշյանի յուրահատուկ ձայնին: Իր կարիերայի ընթացքում նա ամենաներհակ լարային գործիքից ստեղծել է արտասովոր կերպով արտահայտիչ մի տոնՙ ստվերոտ, բայց եւ այնքան քնարական: Դա հատկապես բացահայտ է դարձել իր երկու վերջին ձայնապնակներում. «Աստուրիանա»-ն (2007) երգերի փոխադրումների մի շարք է Ռոբերտ Լեւինի հետ, իսկ «Նեհարոթ»-ը նվագախմբային ու կամերային երաժշտության այլազան, մռայլորեն գեղեցիկ մի հավաքածու է:
Երբ իր տոնի մասին ենք հարց տալիս Քաշքաշյանին, նա սխալվելու աստիճան համեստ է ու գերադասում է իր բացատրությունը կերտել ընդհանուր եզրերով.
- Բոլոր երաժիշտների փորձածը իրենց առաջարկված արտահայտիչ գործիքը վերցնել ու մի բան ասելն է, մի բան, որը, մի կողմից, ինչքան հնարավոր էՙ հարազատ է կոմպոզիտորին եւ մյուս կողմիցՙ արտահայտում է իրենց իսկ սրտերի ամենախորունկ, ամենաներքին ծալքերը: Ուղղակի ահագին առարկայականություն ու անհավատալի չափի փխրունություն ու քաջություն է պահանջում այդ բացվելը, ինքդ քեզ բաց թողնելը: Ու այս երկուսը միասին անելն ու միաժամանակ որոշ չափով ճշմարտություն պահպանելը հեշտ բան չէ: Բայց, կարծում եմ, բոլորս սրան ենք ձգտում:
ԴԱՎԻԹ ՈւԱՅՆԻՆԳԵՐ, «Բոստոն գլոբ»