«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2010-02-10 | #23, 2010-02-11 | #24, 2010-02-12


«ARTEXPO-2010»-Ըՙ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ

Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց նկարիչների միության սրահներում բացվող «ARTEXPO-2010» արվեստների ցուցահանդեսի մանրամասները: Արդեն երկրորդ տարին է, ինչ նախարարությունը ընտրել է հաշվետվության յուրօրինակ ձեւ. մշակութային ամենատարբեր կազմակերպություններ եւ կառույցներ (լինեն դրանք ՀԿ-ներ, թե պետական կառույցներ) մեկ հարկի տակ, կողք-կողքի ներկայացնում են արվեստի տարբեր ոլորտների նախորդ տարվա իրենց կատարած աշխատանքները, ձեռքբերումներն ու ծրագրերը, անում առաջարկներ: Նախորդ տարվա ցուցահանդեսին մասնակիցների երկու տասնյակի փոխարեն, այս տարի փետրվարի 12-ին եւ 13-ին կներկայացվեն հինգ տասնյակը գերազանցող մշակութային կազմակերպությունների տաղավարները: Իսկ նման ARTEXPO-ի նպատակը մեկն է, նշեց Հասմիկ Պողոսյանը. «Ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին»:

Մշակութային ցուցահանդեսի երկու օրերի ընթացքում կցուցադրվեն TV-ների պատրաստած 27 մշակութային ֆիլմեր, կգործի ստեղծագործական սրճարանը, որտեղ լայն քննարկումներ կկայանան: Այս տարի առաջին անգամ ցուցահանդեսին ներկա կլինեն պատվավոր հյուրեր, ովքեր այցելուներին կներկայացնեն իրենց ստեղծագործությունները, կանցկացնեն վարպետության դասընթացներ: Առաջին հյուրը ՌԴ-ից անվանի պրոդյուսեր եւ սցենարիստ Սաիդա Մամեդովան է, որին կինոսիրողները ճանաչում են «Ջուր», «Բորբոս», «Մահվան գաղտնիքնեը», «Սիրո գաղտնիքները», «Զգուշացե՛ք, սնունդ» փաստավավերագրական ֆիլմերից: Ցուցահանդեսի երկու օրերի ընթացքում առանձին շնորհանդեսային ծրագրերով կներկայանան 19 մշակութային կազմակերպություններ, թանգարաններ, թատրոններ, գրահրատարակչություններ եւ այլն: Առաջին անգամ նախարարությունն այս ցուցահանդեսի շրջանակներում սահմանել է 3 մրցանակՙ տաղավարների լավագույն ձեւավորման համար, որոնց հաղթողները կորոշվեն նաեւ լրատվամիջոցների հրապարակումների արդյունքում:

Պատասխանելով «Ազգի» հարցին, նախարարը նշեց, որ անցած տարվա մշակութային անդրանիկ ցուցահանդեսը նոր համագործակցության ծրագրերի առաջարկներ ստացավ մեր երկրում հավատարմագրված դեսպաններից, որի վառ ապացույցն էր բազմաթիվ փառատոներին մեր երկրի մասնակցությունը, նաեւ օտարերկրյա հայտնի խմբերի, անհատների համերգները, փառատոները Հայաստանում:

Ամփոփելով, նախարարը տեղեկացրեց, որ փետրվարին Տրետյակովսկու թանգարանում կբացվի Մարտիրոս Սարյանի կտավների ցուցադրությունը, իսկ հունիսին Երեւանում կկայանա «Աիդա» օպերայի առաջնախաղը, որը բեմադրելու համար հրավիրվել է իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր Կորատին եւ Հասմիկ Պապյանը, որին վստահվել է Աիդայի դերերգը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4