«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2010-02-10 | #23, 2010-02-11 | #24, 2010-02-12


ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

Մեր օրերի երկարաշունչ ֆիլմաշարերի տխուր հետեւանքների մասին շատ է ահազանգվել: Իսկապես, կասկած չի հարուցում, որ «ուսանելի» լավ դաս քաղած նոր սերունդը մոտ ապագայում արձագանքելու է անկանխատեսելի քայլերով առօրյա կյանքի բոլոր ոլորտներում: Խոսքը զուտ ամենազոր դոլարի եւ սանձարձակ, անխորտակ կոռուպցիայի առկայության պայմաններում զորբաների ճանապարհը հատելու համարձակություն դրսեւորած, սրան-նրան որեւէ ժամանակ եւ, գլխավորը, անպատիժ սատկեցնելու (տերմինը վերցված է ֆիլմերից) մասին չէ, թեեւ, ըստ էության, հենց սա է սցենարների առանցքային միտումը: Այլեւս կարծես ոչ ոքի չի զարմացնում եւ այն, որ հերոսների լեզուն կիսագողական է (վնատուրի, բրատ ջան, սուչար, հարիֆ, լոխ...), լեզունՙ կիսատ-պռատ ռուսերենով (վաբշե, դաժե, կարոչե, դավայ, աբիժնիկ...): Անձամբ ինձ ոչ պակաս է նյարդայնացնում, որ այդ լեզուն կիսագրագետ է, երբեմն էլ գռեհիկ: Սա, ի դեպ, միայն ֆիլմաշարերին չի վերաբերում: Հեռուստատեսային ելույթների ժամանակ լեզվաոճական բազում մեղանչումներ, պարզապես անհեթեթություններ են շարունակ թույլ տալիս, այսպես կոչված, շոումենները, առանձին երգիչներ, ԱԺ պատգամավորներ ու նույնիսկ բարձր պաշտոններ զբաղեցնողներ (ձեր մոտ, քո համար, նախագան, բարձր ծափահարություններ, ձեր անունը ուղարկեք, առաջի անգամ, խոսամ, իրավացի եմ 100 տոկոս եւ այլն, եւ այլն): Հիմա էլ համաճարակի պես տարածվել են ականջ ծակող «ուզում եմ ասեմ» (երգեմ, սովորեմ, խնդրեմ...) տարօրինակ արտահայտություններ, այսինքնՙ դիմորոշ հոդերի անտեղի կրկնություններ: Ակամա մտածում եմՙ հնարավո՞ր է երեւակայել, որ մի պատահական մուժիկ երբեւէ թույլ տա մոտավորապես այսպիսի արտահայտությունՙ «Хочу скажу, что...»:

Ինչ խոսք, մոսկովյան հեռուստահաղորդաշարերում էլ գռեհկության պակաս չի զգացվում, եթե չասեմ ավելին: Սակայն լեզվական ու քերականական կանոններն այստեղ պահում են սրբորեն, եւ դա հասկանալի էՙ վարկանիշի, հեղինակության հարց է, հետոՙ ռեժիսոր կա, ստուդիայի պատասխանատու, որոնց ուշադրությունից չի վրիպի որեւէ անփութություն: Ավելին ասեմ, թեկուզ լեզվական աննշան սայթաքում, բառերի կրկնություն, նույնիսկ ոչ ճիշտ շեշտադրումՙ «մեղավորն» անպայման ներողություն է հայցում: Մեզ մոտ, սակայն, քաղաքավարության այդ տակտը կարծես օրենքով է արգելված: Լեզվական ի՞նչ կուլտուրայի մասին է խոսքը, երբ ինտելեկտուալ համարվող «Սեւ եւ սպիտակ» հեռուստախաղի ժամանակ աջ ու ձախ ոտնատակ է արվում մայրենին, իսկ երգիչ-երգչուհիների մրցույթների ժյուրիների անդամներն ասես դարձել են մեկ հատիկ բառիՙ «շատի» գերիներՙ «շատ հավանեցի», «շատ զգացված եմ», «շատ-շատ ապրեք»: Ինչպես չասեսՙ շատ չեղա՞վ, մի՞թե այդ կախարդական բառը չունի հոմանիշներ:

Հաճախակի լսելով այս ամենը, մի ավելորդ անգամ համոզվում եմ, թե որքան ցածր, եթե չասեմՙ ողորմելի վիճակում է հայոց լեզվի դասավանդման գործը հանրակրթական դպրոցներում, եւ պատահակա՞ն են արդյոք այն անբավարար գնահատականները, որ ապագա ուսանողները ստանում են ընդունելության քննություններ հանձնելիս:

Անդրադառնալով ֆիլմաշարերում տեղ գտած լեզվական աղճատումներին, չի կարելի անտեսել եւս մեկ բոլորովին խորթ երեւույթՙ ռուսերենից կատարված բառացի, իմաՙ անմիտ, արհեստական, իրենց էությամբ տրամաբանությունից զուրկ փոխառությունները: Սա, հարկ է նկատել, վաղեմի ավանդություն ունի, ուստի խոր արմատներ է արձակել: Ունայնախոս չլինելու համար բերեմ ասածս հաստատող մի քանի բնորոշ օրինակներՙ վերցված ե՛ւ կինոնկարներից, ե՛ւ, ցավոք, գրական ստեղծագործություններից. «Կյանքում ինչ տեսակի սրիկաների ասես չեմ հանդիպել»: Անմիջապես զգացվում է ռուսական մտածելակերպի ազդեցությունը. «Каких только мерзавцев не встретил я в жизни»: Ներեցեք, ինչպես թե «չեմ հանդիպել», չէ՞ որ խոսքը ճիշտ հակառակը, կայացած բազում հանդիպումների մասին է: Դե արի ու հասկացիրՙ հանդիպե՞լ է, թեՙ ոչ:

Մի՞թե օտարամոլություն չէ այն, երբ ամեն օր լսում ենքՙ «բանը նրանում է» կոշտ ու կոպիտ խոսքերը (дело в том), եւ մի՞թե պարզ ու սահուն չի հնչում «բանն այն է»: Նույնը կարելի է ասել եւ «խոսքը գնում է»-ի մասին (речь идет): Մեկը հարցնող լինիՙ ո՞ւր է գնում եւ եթե գնում է, կարո՞ղ է հետ էլ գալ: Հարկ չկա գնալու կամ գալու մասին հիշեցնել, այլ ուղղակի ասելՙ «խոսքը այսինչի կամ այնինչի մասին է»: Մեզանում շատ է տարածված «դուրս է գալիս» զավեշտական արտահայտությունը, որ օգտագործվում է նախադասություններում, ասենք, այսպիսիՙ «դուրս է գալիս, նա է կրակել...» (выходит, он стрелял): Այս դեպքում ինչպես կհնչեր մեկ այլ նման նախադասությունՙ «դուրս է գալիս, նա ներս է մտել»: Սակայն կատակը մի կողմ, պարզապես ո՞ւմ համար հասկանալի չէ, որ խոսքն, իհարկե, դուրս ու ներս անելու մասին չէ, որ ասածի հայերեն իմաստը բոլորովին այլ էՙ պարզվում է, ստացվում է ուրեմն...

Ֆիլմերից մեկում քննիչը պետք է զեկուցիՙ «Պարզեցինք, որ նա է (անունը կարեւոր չէ) կատարել սպանությունը»: «Ինչի՞ց վերցրիր», այս խելաթափ հարցով իր հետաքրքրությունն է արտահայտում շեֆը (с чего взял?): Որպես ծիծաղելի պատասխան կարելի էր ասելՙ «սեղանի վրայից»: Սակայն եթե լրջորեն խոսենք, ապա դժվար չէ հասկանալ, որ պետի հայերեն հարցը պետք է հնչեր այսպեսՙ դու համոզվա՞ծ ես, կամ ինչո՞ւ ես այդպես կարծում:

Հար ու նման օրինակներ կարելի է էլի բերել, բայց այսքանն էլ բավական է, որպեսզի համոզվենքՙ ռուսական մտածելակերպով շարադրանքներն ուղղակի մեռցնում են մայրենիի կենդանի լեզուն, նրա ոգին, հետեւաբար վերջապես ժամանակն է հետեւություններ անելու, այն մաքրելու աղբից: Սա, ի դեպ, հավասարապես վերաբերում է նաեւ սոսկ տերմիններին:

Մի առիթով հանճարեղ Ա. Էյնշտեյնը (թե ինչու ոչ Էյնշտայնՙ չեմ հասկանում) ասել է. «Միայն երկու հավերժ, անվերջ բան կաՙ տիեզերքն ու հիմարությունը: Թեեւ տիեզերքի պարագայում ես այնքան էլ համոզված չեմ»: Սա, պետք է խոստովանել, ինչ-որ չափով առնչություն ունի նաեւ մեր լեզվի հետ: Ահավասիկ, սփյուռքից մեր հայրենակիցներն անկեղծորեն զարմանում են եւ լիաթոք ծիծաղում, երբ «Ինչպե՞ս ես» հերթապահ հարցին հայաստանցի հյուրը մի տեսակ անտարբեր պատասխանում է. «Ոչինչ»: Ոչի՞նչ, բայց եղբայր սիրելի, դա, կներեք, ոչինչ էլ չի արտահայտում: Մեկը ժամանակին ասել էՙ «Hurezo», ապա թարգմանաբար տարածվել, ու արմատացել է մեզանում: Ինչպե՞ս ազատվել մոլախոտից, ճարը չենք կարողանում գտնել, եւ վերջ:

Մեկ այլ օրինակ, մի 30 տարի առաջ ինչ-որ մեկի խելքին փչել է բարձրաձայն, հավանաբար լեցուն ավտոբուսում կամ ժողովում իր դժգոհությունն արտահայտել, որ իրեն բնակարան են հատկացրել Երեւանի ծայրամասում, բոլորից ու ամեն ինչից շատ հեռու, որ ինքը այժմ, կարելի է ասել, ապրում է Բանգլադեշում: Եվ խնդրեմ, այդ անունն այսօր կարող եք կարդալ երթուղային փոխադրամիջոցների ցուցանակի վրա: Այդքան հեշտ ու դյուրին կերպով երեւի միայն մենք կարող ենք սեփականացնել օտարոտի անվանումները: Տեղին է ասել, որ տառացիորեն օրերս թերթերից մեկում տպագրվել էր «Բանգլադեշի» հեղինակի պատմությունն այն մասին, թե ինչպես է ծնունդ առել ու երեւանյան գրանցում ստացել այդ ասիական երկիրը: Մնում է թաղապետին խնդրել նրա անունով կոչել նոր փողոցներից մեկը:

Որպես մարզական լրագրողՙ չեմ կարող առիթը չօգտագործել եւ չառաջարկել փոխել եւս մեկ տարածված տերմին, թեեւ համոզված եմՙ ընդդիմախոսների թիվը փոքր չի լինի: Խոսքը «շախմատի» մասին է, մի տերմին, որի ոչ մատն է հայերեն, ոչ էլ, առավել եւսՙ «շախը»: Ասում ու զգում եմ զայրացածների հարցըՙ ինչպե՞ս թե, շախմատից է՞լ հրաժարվենք: Ի՞նչ կա որ, եւ ի՞նչ կասեն նրանք ի պատասխան հակառակ հարցինՙ այդ ինչպե՞ս պատահեց, որ մենք կուլ գնացինք ուրիշների հորդորներին եւ հրաժարվեցինք մեզ ավելի հոգեհարազատ ճատրակ տերմինից: Էլ չեմ ասում, որ սփյուռքում այսօր էլ ե՛ւ խոսակցական լեզվում, ե՛ւ մամուլում գործածվում է հենց ճատրակ: Այն էլ ասեմ, որ ճատրակ բառն են օգտագործում նաեւ վրացիները (մեր հարեւաններն ընդհանրապես ազգայնացրել են մարզաձեւերի անվանումներըՙ ի՞նչ ֆուտբոլ կամ բասկետբոլ, թենիս կամ վոլեյբոլ):

Օտարամոլության հարցերում, սա պետք է ցավով ընդգծել, մենք հաստատապես առաջին դիրքերն ենք զբաղեցնում եւ եթե չհրաժարվենք խելակորույս միտումից, մոտ ապագայում վստահորեն տեղ կգտնենք գինեսյան ռեկորդների գրքում: Ռուսական ֆիլմերից մեկում ոստիկանը ներս մտնելով պետի առանձնասենյակ, զեկուցում է. «Վնասազերծվել է մի ավազակախումբ, ձերբակալվել է եւ ղեկավարըՙ Համլետը»: «Ի՞նչ է, հա՞յ է», հետաքրքրվում է պետը, համոզված լինելով, որ չի սխալվում: Այո, մեծն Շեքսպիրի նկատմամբ անհուն սերը մենք հավաստիացրել ենքՙ անմահացնելով նրա ստեղծագործությունների գրեթե բոլոր հերոսներին: Տեղին է հիշեցնել մի դրվագ Լենինի մասին պատմող մի ֆիլմից: Նա գանգատվում է Նադեժդա Կոնստանտինովնային, ասելով. «Տես, թե ինչ սոսկալի անուններ ունեն մեր ղեկավար ընկերներըՙ Ստալին, Մոլոտով, Կամենեւ...»: Գլխավոր առաջնորդի մտքով էլ չէր անցնի, թե մենք ինչ անուններ ենք տալու մեր նորածիններին ու դրանով ապացուցելու մեր նվիրվածությունը կոմունիզմի մեծ գործինՙ Լենդրոշ եւ Լենվել, Վիլեն ու Վլադիլեն, Ֆելիքս ու Լավրենտ, Վիստալ ու Մելս, Կառլեն ու Մառլեն, տո, Ֆրունզե ու Շչորս ու նույնիսկ Սնայպեր... Արժե՞ շարունակել: Երեւի արժե, մանավանդ որ զավակներին հայկական անուններից զրկելու ստոր միտումը, ավաղ, շարունակվում է: Վերջերս թերթերից մեկում կարդացի, որ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը մեկնում է արտասահման, հասկանալի է, պետական կարեւոր հարցեր քննարկելու:

Բայց ինձ գրավեցին մեկնողներից մի քանիսի անունները (ազգանուններն իմաստ չունի ներկայացնել)ՙ Սերյոժա, Գրիշա, Վալոդյա... Ի՞նչ եք կարծում, այս դեպքում հարմար չէ՞ր լինի, եթե պատվիրակության ղեկավարն էլ լիներ մի ինչ-որ Կոլյա Վանյաեւիչ:

Տերմին-անվանումների հետ կապվածՙ վերջապես եւս մեկ հիվանդագին սովորության մասին, երբ գերի մնալով զուտ ռուսական սկզբունքներին, նույնը պարտադրում ենք եւ մեր լեզվին, թեեւ բոլորի համար հասկանալի է դրա արհեստական իմաստը: Դասական մի օրինակՙ Մեքսիկա եւ Մեխիկո, երկրի եւ մայրաքաղաքի անունները, որ կազմված են նույն արմատից: Բայց Էյնշտեյնի համոզմունքը հաստատող մեկը ժամանակին նպատակահարմար է գտել լատինական x տառը մի դեպքում թողնել այդպիսին, իսկ մյուսն օգտագորթել որպես ռուսական x (խ):

Այդպես ծնունդ առավ ու նաեւ մեզանում հաստատվեց մայրաքաղաքի Մեխիկո անունը: Տեքսասըՙ Տեխաս: Միայն հասկանալի չէ, թե ինչո՞ւ այս սկզբունքից ելնելով, ասում ենք տաքսի եւ ոչ տախի, քսերոքս եւ ոչ խերոխ, Օքսֆորդ եւ ոչ Օխֆորդ: Բայց ուրախացնող նորույթ էլ կա. գոնե համակարգիչների հետ գործ ունեցողները շտկել են որոշ տերմիններՙ ասում են ոչ թե դուբլ, այլՙ դաբլ, ոչ թե միկրո, այլՙ մայկրո... Համոզված եմ, այս միտումը, թեկուզ դժվարությամբ, զարգացում է ստանալու: Ամեն դեպքում, անվանումների հարցում հարկ է հարազատ մնալ արմատներին ու մերժել արհեստականությունը:

Հասկանում եմ, գուցե ծայրահեղ առաջարկություններ եմ անում, գուցե ինչ-որ բանում նաեւ սխալվում եմ: Ուրախ կլինեմ, եթե լեզվաբաններն ուղղեն ինձ: Մի բանում սակայն կասկած չունեմՙ մեր մայրենի լեզվի մեջ արհեստականորեն մուտք գործած օտարոտի բառերի խորթ արտահայտություններից, ամեն տեսակի լեզվական աղբից պետք է ազատվել: Հայոց լեզուն հարկ է զտել ու մաքրել, որքան շուտՙ այնքան լավ:

ՄԻՍԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4