Իսպանիայում առաջին ստուգողական հանդիպումը Դոնեցկի «Մետալուրգն» անցկացրեց Մարբելիա քաղաքումՙ ուժերը չափելով Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ: Այս խաղում էլ «Մետալուրգի» մեկնարկային կազմում էր Հենրիխ Մխիթարյանը, որն աչքի ընկավ ակտիվ գործողություններով: Առաջին խաղակեսում նա երկու անգամ սպառնաց «Լոկոմոտիվի» դարպասին: 26-րդ րոպեին խաբս տալով մրցակցի երեք պաշտպաններին, Հենրիխը մտավ տուգանային հրապարակ ու գնդակն ուղարկեց դարպասը: «Լոկոմոտիվի» դարպասապահ Գիլերմեն մեծ դժվարությամբ գնդակը հանեց անկյունային: 40-րդ րոպեին էլ սուր անկյան տակ Մխիթարյանի հարվածը հրաշքով հետ մղեց դարպասապահը:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Տրաորեն «Լոկոմոտիվին» հաշվի մեջ առաջ մղեց: Սակայն 1-0 հաշիվը երկար չպահպանվեց: 66-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը: Սոարեսից փոխանցում ստանալով, նա խաբս տվեց Կուզմինին եւ ընթացքից գնդակն ուղարկեց դարպասի անկյունըՙ փրկելով «Մետալուրգին» պարտությունից: 1-1 հաշիվը պահպանվեց մինչեւ խաղի ավարտը: 88-րդ րոպեին «Մետալուրգի» կազմում խաղադաշտ մտավ Արտակ Դաշյանըՙ փոխարինելով Պրիյմային:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ