«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2010-02-11 | #24, 2010-02-12 | #25, 2010-02-13


«ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԳՈՐԾԸՆԹԱՑԸՙ ՁԱԽՈՂՄԱՆ ՇԵՄԻՆ»

Գրում է Դեյվիդ Ֆիլիպսը «Բոստոն գլոբ» թերթում

Հ. ՉԱՔՐՅԱՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով եւ ուղերձին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պատասխանով հայ-թուրքական Արձանագրությունները վերստին օրակարգի առաջնային խնդիրը դարձան Հայաստանում: Որպես կանոն, երբ Հայաստանում օրակարգի խնդիր են դառնում Արձանագրությունները, ընդդիմադիր ուժերն իսկույն աշխուժանում են, օգտագործելու համար դրանք իբրեւ քաղաքական միավորներ վաստակելու, ազգային հարցերի նկատմամբ թվացյալ զգոնության հավելյալ դրսեւորումներով դրա մենաշնորհը ձեռքում պահելու եւ իշխանության դեմ պայքարելու արդյունավետ միջոց:

Նման մոտեցումն անխուսափելիորեն հանգեցնում է ինչպես Արձանագրությունների, այնպես էլ դրանց նկատմամբ հայկական կողմի որդեգրած դիրքորոշման անխնա շահարկմանը, իսկ շահարկումները, կամա թե ակամա, նպաստում են ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացից Թուրքիայի ակնկալած նկրտումների հիմնավորմանը, այլեւ ընդլայնում են գործընթացը սեփական շահերին ծառայեցնելու թուրքական կողմի հնարավորությունները:

Մինչդեռ ձախողվում են Լեռնային Ղարաբաղում «առաջընթաց» ապահովելու համար Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը ղարաբաղյան հակամարտությանՙ ի նպաստ Ադրբեջանի կարգավորմանը հանգեցնելու Անկարայի հաշվարկները: Դա ենթադրում է նորմալացման գործընթացի ձախողումը, եւ Թուրքիային կարծես չի հաջողվում խուսափել ձախողման պատասխանատվությունից:

Այլ կերպ, հայ-թուրքական Արձանագրությունների շուրջը Հայաստանի համար բարենպաստ իրավիճակ է ձեւավորվում, դրական է նաեւ քաղաքական զարգացումների ընթացքը միջազգային առումով: Մնում է, որ ընդդիմադիր մեծ ու փոքր ուժերը զերծ մնան ավելորդ շահարկումներից:

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Թուրքիա-Հայաստան գործընթացը ձախողման շեմին» վերնագրով «Բոստոն գլոբի» նախավերջին համարում Դեյվիդ Ֆիլիպսի հրապարակած հոդվածին, որի մասին տեղեկացրել է թուրքական «Դունյա Բյուլթենի» լրատվական գործակալության պաշտոնական կայքէջը: Ահա թե ինչ է գրել.

«Դեյվիդ Ֆիլիպս ստորագրությամբ հոդվածում հեղինակը գրում է. «Քանի դեռ հայ-թուրքական Արձանագրությունները չեն վավերացվել երկու երկրների խորհրդարաններում, նորմալացման գործընթացը տապալման շեմին է լինելու: Նման զարգացումը կարող է սրել հարեւան պետությունների միջեւ առկա լարվածությունը, միաժամանակ հետ կշպրտի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված ջանքերը»:

«Թուրքիա-Հայաստան ձախողման շեմին» վերնագրով հոդվածում հեղինակը հիշեցնում է Հայաստանի Սահմանադրական դատարանի Արձանագրությունների առնչությամբ վերապահումներով ընդունած որոշմանը թուրքական կողմի առարկման, ինչպես նաեւ պատճառաբության մասին, թե դա իր մեջ նախապայմաններ է պարունակում եւ Արձանագրությունները շեղում են բուն նպատակից:

Ապա հեղինակը շարունակում է. «Իրականում նախապայմաններ առաջադրող կողմը Թուրքիան է, որովհետեւ նա, ելնելով Արձանագրությունների հավելվածի պատմական հարցերի ենթահանձնաժողով ստեղծելու դրույթից, համառորեն փորձում է վիճարկելի դարձնել Հայոց ցեղասպանության եղելությունը»:

Հոդվածագիրը միաժամանակ կարծիք է հայտնում, որ առիթըՙ «չպետք է բաց թողնել եւ չպետք է հայ-թուրքական սահմանների բացման հարցը շաղկապվի ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ, բայց շաղկապվում է»: Այնուհետեւ հեղինակն ավելացնում է. «Եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայկական բանաձեւը, ապա Թուրքիան արդարացի կհամարի Արձանագրություններից հրաժարվելը, նույնիսկ կարճաժամկետ քաղաքական միավորներ կշահի վարչապետ Էրդողանը: Այդպիսի զարգացումը կգրգռի նաեւ թուրք ընտրողների ազգայնական զգացումները»:

Վերջում հոդվածագիրը եզրակացնում է. «Արձանագրությունների վավերացումով Թուրքիան կվերահաստատի «հարեւանների հետ խնդիրները զրոյականի հասցնելու» դիրքորոշման անկեղծությունն ու Եվրոմիության հետ հարաբերություններում կամրապնդի իր դիրքերը: Սահմանի բացումով վերջ կտրվի Հայաստանի մեկուսացվածությանն, ու դա կնպաստի երկու երկրների շահերին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը հնարավոր միջոցների գործադրմամբ պետք է կանխի նաեւ ամերիկյան շահերին վնասող դիվանագիտական այս նախաձեռնության ձախողումը: Նորմալացման գործընթացի ձախողումը ոչ միայն կմթագնի ԱՄՆ-ի հեղինակությունը, այլեւ կվնասի թուրք-ամերիկյան հարաբերություններին այն ժամանակ, երբ Իրաքի, Աֆղանստանի, Իրանի հարցերում Վաշինգտոնը Թուրքիայի աջակցության կարիքի մեջ է»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4