Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հենց այսպես որակեց Թուրքիայի հետ տարվող գործընթացները: Ավելին, Սահակյանի կարծիքով «ողջամիտ ժամկետները» սպառվել են, եւ Հայաստանը վճռականորեն կարող է հետ կանչել Արձանագրությունների իր ստորագրությունը. «Հենց այս նպատակով էլ երեկ կառավարությունը հավանություն տվեց միջազգային պայմանագրերի օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծին», շեշտեց Սահակյանը: Իսկ գործընթացի կասեցումը, ըստ հանրապետական գործչի, կնշանակի միայն Թուրքիայի դիվանագիտական պարտությունը, Հայաստանը որեւէ կորուստ չի ունենա. «Բան չենք գտել, որ կորցնենք», նկատեց Սահակյանը:
Իսկ թե ի՞նչ կարիք կա, այդ դեպքում, նախագահի որոշմամբ Արձանագրությունները ԱԺ ուղարկելու, Սահակյանը «բացատրեց», որ դա զուտ տեխնիկական հարց է եւ այսօր անպայման կմտնի խորհրդարան: «Մինչեւ Մեջլիսը չվավերացնի Արձանագրությունները, մենք դրանք չենք էլ քննարկելու», վստահեցրեց Գալուստ Սահակյանը: Պատգամավորը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից վավերացման գործընթացի նկատելի ձգձգումը շարունակական լինելու դեպքում Հայաստանը, հետ բերելով իր ստորագրությունը, նոր գործընթաց կսկսի Թուրքիայի հետ. «Քանի որ մենք թուրքերի հետ բավականին տեւական հարցեր ունենք, որոնք իրենց լուծումն են պահանջում», նշեց Սահակյանը` հավելելով, որ դրանցից կարեւորագույնը, անշուշտ, Հայոց ցեղասպանության ճանաչումն է Թուրքիայի կողմից, ինչպես նաեւ հայ ժողովրդի պահանջատիրական իրավունքների հարգումը. «Պետք է հասկանալ, որ այս երկու հարցերում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ այլք, ընդամենը «մանր խողովակներ» են. սա ամբողջ հայության խնդիրն է», ընդգծեց Սահակյանը:
Ղարաբաղյան հակամարտության հետ կապված, մանավանդ Անկարայի ցանկության` միջամտելու այս բանակցություններում, հանրապետական գործիչը նշեց, թե այն, ինչ խոսում են Անկարայում եւ Բաքվում Ղարաբաղի մասին, Հայաստանին ոչ պետք է տարօրինակ թվա, ոչ էլ պետք է լուրջ ընդունել. «Թուրքերն ու ադրբեջանցիներն ինչ ուզում են, թող խոսեն. նրանք նույն ժողովուրդն են, բայց Թուրքիան երբեք չի հայտնվի ղարաբաղյան բանակցությունների սեղանի շուրջը, դրան Հայաստանը, ավելին` Մինսկի խումբը կտրուկ դեմ են», վստահեցրեց Սահակյանը: Իսկ Հայաստանի դիրքորոշումները, ըստ հանրապետականի, ավելի պարզ ու հասկանալի դարձան նախագահ Սարգսյանի լոնդոնյան ելույթից հետո. «Դա մեր հայտարարությունն էր ուղղված ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Մինսկի խմբին. Ղարաբաղը երբեք չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այժմ», շեշտեց Սահակյանը: Վերջինիս խոսքերովՙ այսօր բանակցություններում առաջնահերթ քննարկվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը. «Միայն կարգավիճակի որոշումից հետո կողմերը` Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ, կորոշեն նաեւ «այլ հարցերի» ճակատագիրը: Ի դեպ, այս մոտեցումը ընդունում են նաեւ Մինսկի խմբի համանախագահները», հավաստիացրեց Սահակյանը` մեկ անգամ եւս շեշտելով, որ Ղարաբաղի հարցը վաղուց արդեն լուծված է, մենք այս առումով որեւէ խնդիր չունենք:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հնարավորությանը, ապա Գալուստ Սահակյանը դա չի տեսնում, նախ, որովհետեւ Բաքուն պատրաստ չէ դրան, ապա նաեւ. «Մինսկի խմբի համանախագահները վերջերս ընդգծեցին, որ պատերազմի վերսկսման պարագայում տարածքային ամբողջականության հարցն այլեւս չի կարող լինել քննարկման առարկա. կմնա միայն ազգերի ինքնորոշման իրավունքը», շեշտեց Սահակյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ