«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2010-02-11 | #24, 2010-02-12 | #25, 2010-02-13


ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՕՍԼՈ

Օսլոյում կայանալիք «Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնին Հայաստանը ներկայացնող երգիչների մրցապայքարը նմանվեց քաղաքական ընտրության` միայն այն տարբերությամբ որ քվեաթերթիկներ չկային, թե չէ հաստատ կլիներ նաեւ լցոնում: Ներկայացված 10 թեկնածուներից հիմնական պայքարը երեքի` Ռազմիկ Ամյանի, Էմիի եւ Եվա Ռիվասի միջեւ է, եւ ամենայն հավանականությամբ հենց այս եռյակից մեկն էլ կմեկնի Օսլո: Երգչուհի էմիին «Եվրոտեսիլի» ճանապարհին էր վաղուց, բայց հենց այս տարի շրջանառվեցին նրա հավանական մասնակցության լուրերը: Ողջ տարվա ընթացքում հայ երգիչները տեղի-անտեղի տալիս էին նրա ու Միհրանի անունըՙ որպես հիմնական թեկնածուների, հետո էլ կարծես իրենց ուղղելով ասում. «Դե կարծում ենք, որ հենց նրանք կգան, նրանք արժանի են»:

Ռազմիկ Ամյանն էլ «Եվրոտեսիլ» ուղեւորվել էր երկու տարի առաջ, բայց որպես բեք-վոկալ, ու նրա մասնակցությունը նույնպես կանխատեսելի էր: Հանրությանն անհայտ Եվա Ռիվասին հայտնի կատարողների հետ մրցակցությունը չվախեցրեց: Երգչուհու անունը երկու շաբաթում դարձավ հայտնի:

Մինչ Օսլո ուղեւորվելը մեր աստղերը հասցրեցին միմյանց հասցեին լավ ցեխ շպրտել: Եթե Ամյանն իրեն փորձեց պահել ջենտլմենին վայել, ապա աղջիկները, ավելի ճիշտՙ նրանց «ֆանատները», ամենայն հավանականությամբ երգչուհիների պրոդյուսերների միջամտությամբ, նախ սոցիալական կայքերում, հետո մամուլով սկսեցին միմյանց վիրավորել, հիշել հովանավորներին, ով ինչ ձայնային դիապազոն ունի, ով ում բարեկամն է ու ինչի է ընդունակ:

Բայց քանի որ աղջիկներից որեւէ մեկը չկարողացավ մյուսին վախեցնել, ապա պայքարը հասավ այնտեղ, որ նրանք որոշեցին ոչ թե միմյանց վիրավորել, այլ դիմել ավելի քաղաքակիրթ մեթոդի` գովազդել սեփական անձը, բայց ուրիշների շուրթերով: Աշխարհահռչակ երգիչ Ռիկի Մարտինը տեսահոլովակով կոչ արեց քվեարկել Էմիի եւ Միհրանի օգտին: Եվա Ռիվասի երգի շնորհանդեսին էլ Երեւան ժամանեց 1956թ. Շվեյցարիայում կայացած «Եվրոտեսիլ» երգի առաջին մրցույթի հաղթող Լիս Ասիան` ասելով, որ Եվան արժանի է մասնակցելու «Եվրոտեսիլին»: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, երգչուհիների պրոդյուսերները հսկայական գումարներ են ծախսել նախապատրաստական աշխատանքների համար: Ասում են, որ Էմիին եւ Միհրանը ծախսել են մոտ 20.000 դոլար գումար շոուի համար: Նմանտիպ գումար է ծախսել նաեւ Ռիվասի պրոդյուսերը:

Թե ով կդառնա հաղթողՙ պարզ կլինի փետրվարի 14-ին: Ոճային առումով երգերը տարբեր են: Ռազմիկ Ամյանի My love երգը հիշեցնում է արեւելյան երաժշտություն: Ունենալով հզոր ու գեղեցիկ ձայնՙ երգիչը կարող էր ընտրության հարցում ավելի ճիշտ որոշում կայացնել ու արաբական մուղամով երգ չներկայացնել հանդիսատեսին: Ժամանակակից ամերիկյան ոճում են ներկայանում Էմիին ու Միհրանը: «Հեյ» (Let me hear you say) երգը ամերիկյան փոփ ու ռեփի խառնուրդ է: Իսկ Եվա Ռիվասի Apricot Stone (ծիրանի կորիզ) կատարումը համեմված է արեւելյան սոուսով` արդեն պարտադիր դարձած դուդուկի ուղեկցությամբ: Խնդիրը այն է, թե եվրոպացի հեռուստադիտողն ինչպես կընկալի ծիրանի կորիզի հանդեպ հայ երգչուհու «պաշտամունքը»: Եթե երգն ուղղված է միայն սփյուռքահայ լսարանին, որ մայիսին հաստատ կարոտած կլինի ծիրանին, իհարկե, ճիշտ քայլ է, բայց եվրոպացին գուցե չհասկանա «Ծիրանի կորիզի» իմաստը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, կիրակի նախօրոք ներկայացված 10 մասնակիցների փոխարեն ելույթ կունենան 9: Երգչուհի Սոնյայի պրոդյուսերը հայտարարել է, որ նա չի մասնակցի մրցույթին առողջական խնդիրների պատճառով: Մի շարք ֆորումներում լուրեր են տարածվել, որ թուրք երգչուհի Հադիսեի երգերի կոմպոզիտորը հայտարարել է, որ Սոնյայի երգը Հադիսեի երգի պատճենումն է` չնչին փոփոխությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4