«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում երեկ կայացավ «Խոսիր ինձ հետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նվիրված է գրող, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանին, որի ծննդյան 75-ամյակը լրացավ երեկ:
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը «ՀայԱրտ» կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանն է: «Ֆիլմը ստեղծվել է 4 տարի առաջ, Մ.Նահանգներում: Հրանտ Մաթեւոսյանի հետ բազմաթիվ հարցազրույցներ եմ ունեցել, եւ, փաստորեն, այս ֆիլմը ստեղծել եմ սեփական արխիվի տեսանյութերով: Ամբողջ սցենարը գրողի եւ ընթերցողի երկխոսություն է: Տվյալ դեպքում, ես առաջին հերթին ընթերցող եմ ու հետո միայն ռեժիսոր», ասաց է Ռիտա Շառոյանը : Ֆիլմի տեւողությունը 25 րոպե է, որի ընթացքում գրողն իր զրուցակցի հետ խոսում է կյանքի փիլիսոփայության եւ բազում այլ հարցերի մասին:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ