Կիպրոսում ուսումնամարզական հավաքի մեջ գտնվող «Փյունիկն» ու «Միկան» ստուգողական առաջին հանդիպումներն անցկացրին: «Փյունիկը» ուժերը չափեց Մինսկի «Դինամոյի» հետ: Հայաստանի չեմպիոնը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ու պարտվեց 0-3 հաշվով:
Այդ խաղում «Փյունիկը» խաղադաշտ է մտել հետեւյալ կազմով. Էդվարդ Հովհաննիսյան, Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուզբաշյան, Վահագն Մինասյան, Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան, Գեւորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Մարկոս, Ալբերտ Թադեւոսյան: Փոխարինման են դուրս եկել Արամ Հովսեփյանը, Արգին Նազարյանն ու Վարազդատ Հարոյանը:
Հաջորդ խաղը փյունիկցիները կանցկացնեն փետրվարի 15-ինՙ մրցելով սերբական թիմերից մեկի հետ:
Պարտություն կրեց նաեւ «Միկան», որի մրցակիցը Կիպրոսի Նիսու քաղաքի ՄԵԱՊ թիմն էր: Առաջինը հաջողության հասան դաշտի տերերըՙ մոտ 30 մետրից գրավելով «Միկայի» դարպասապահ Կլեւինսկասի դարպասը: Իսկ մինչ այդ «Միկայի» ֆուտբոլիստներ Մոնտենեգրոն, Դեմելը, Էդիլսոնը, Էդնեյը կարող էին գրավել մրցակցի դարպասը: Միայն առաջին խաղակեսի վերջին Ալեքսին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Ընդմիջումից հետո դաշտի տերերին հաջողվեց խփել հաղթական գնդակը ու խաղը շահել 2-1 հաշվով: ՄԵԱՊ-ը հանդես է գալիս Կիպրոսի առաջնության առաջին խմբում եւ ընթանում է 7-րդ տեղում:
Նշենք, որ 2-րդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ լիտվացի 28-ամյա հարձակվող Մինդաուգաս Գրիգալեւիչյուսը, որն անցյալ տարի հանդես էր գալիս «Վետրայում»: Խաղին ներկա է գտնվել Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թիմուր Կեցբայանՙ հետեւելու «Միկայի» դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլու ելույթին: 37-ամյա փորձառու դարպասապահը Վրաստանի ազգային հավաքականի թեկնածու է:
Ստուգողական առաջին խաղում «Միկայի» կազմն այսպիսին էր. Սաուլիուս Կլեւինսկաս (Սոսո Գրիշիկաշվիլի, 46), Ալեքս, Հրայր Մկոյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Հրաչյա Միքայելյան (Գեւորգ Պողոսյան, 50), Աղվան Մկրտչյան, Պեդրո Լոպես (Նարեկ Բեգլարյան, 55), Ուլիսես Մոնտենեգրո, Էդնեյ (Միքայել Պողոսյան, 75), Ժունիոր Էդիլսոն, Բոտի Դեմել (Մինդաուգաս Գրիգալեւիչյուս, 63):
Հաջորդ խաղը «Միկան» կանցկացնի փետրվարի 15-ինՙ մրցելով Կիեւի «Դինամոյի» երիտասարդական կազմի հետ: