«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2010-02-12 | #25, 2010-02-13 | #26, 2010-02-16


ՉԵԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՅԱՐՈՄԻՐ ՇՏԵՏԻՆԱՆ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ԻՐ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

«Ազգային խտրականությունն «Ազատություն» ռադիոկայանում անվայել է, անազնիվ, ցինիկ, երեսպաշտական»

Չեխիայի Սենատի արտաքին պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ, Սենատի Ժողովրդավարության միջազգային աջակցության հանձնախմբի անդամ Յարոմիր Շտետինան նամակ է հղել ԱՄՆ Սենատի ու Կոնգրեսի արտաքին հանձնաժողովների նախագահներին ու փոխնախագահներինՙ սուր քննադատական որակումներ տալով ամերիկյան Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանում կադրային խտրական քաղաքականությանը: Նա «անվայել, անազնիվ, ցինիկ, երեսպաշտական» է գնահատել «Ազատություն» ռադիոկայանում գործող կադրային այն քաղաքականությունը, որի համաձայն լրագրողների ճնշող մեծամասնությունը միտումնաբար դրվել է իրավական վակուումում:

Շտետինան իր նամակում կրկին պարզաբանել է, որ ռադիոկայանի ամերիկացի աշխատակիցները պաշտպանված են ամերիկյան օրենքներով, չեխ աշխատակիցներըՙ Չեխիայի աշխատանքային օրենսգրքով, իսկ բոլոր մյուս երկրներից հրավիրյալ մասնագետներին «տրվում են այնպիսի աշխատանքային պայմանագրեր, որոնք միտումնաբար նրանց զրկում են որեւէ պաշտպանությունից»: Սենատոր Շտետինան իր ամերիկացի գործընկերներին կոչ է արել անհապաղ միջամտել ու վերջ դնել ազգային նման խտրականությանըՙ Չեխիայում «ամերիկյան ամենաաչքի ընկնող ցուցափեղկ հանդիսացող «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանում»:

Նշվում է, որ ռադիոկայանի աշխատակիցներն աշխատանքից կարող են հեռացվել «որեւէ պահի, ցանկացած պատճառով կամ առանց որեւէ պատճառի»: Խորվաթիայի քաղաքացի Սնեժանա Պելիվանն ու Հայաստանի քաղաքացի Աննա Կարապետյանը չեն համաձայնել վերցնել լռության դիմաց իրենց առաջարկված գումարն ու դիմել են դատարան: Չեխական դատարանները սահմանափակված լինելով դեռեւս խորհրդային շրջանից ուժի մեջ մնացած մի օրենքով, անկարող են շտկել իրավիճակը: Կարապետյանը դեռեւս սպասում է Չեխիայի Գերագույն դատարանի որոշմանը, իսկ Պելիվանի գործն արդեն Ստրասբուրգում գործող Մարդու իրավունքների դատարանում է, որտեղ իբրեւ պատասխանող հանդես է գալիս Չեխիան:

Ամերիկամետ քաղաքական գործիչ Յարոմիր Շտետինան իր ամերիկացի գործընկերներին ուղղված նամակում շեշտում է, որ Իրաքում, Աֆղանստանում եւ միջազգային բազմաթիվ հարցերում Չեխիան Ամերիկայի դաշնակիցն է: Չեխիան նաեւ շատ հյուրընկալ է եղել «Ազատություն» ռադիոկայանի համար, վերջինիս 1995-ից տեղ հատկացնելով Պրահայի կենտրոնումՙ նախկին կոմունիստական խորհրդարանի շենքում: Սակայն, ի պատասխան այդ հյուրընկալության, այժմ հարկադրված հայտնվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջեւ:

Շտետինայի համար նման նամակ գրելու խթան է եղել այս խնդրով փետրվարի 4-ին երկրի Սենատի լսմանը ներկայացված պատգամավորական հարցումը: Վերջին յոթ ամիսների ընթացքում Չեխիայի խորհրդարանն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում, ինչպես շեշտվում էՙ «աշխարհի 28 լեզուներով 20 երկրներում հեռարձակվող ու ժողովրդավարության արժեքներ տարածող» ռադիոկայանում տիրող ոչ ժողովրդավարական կացությանը: Ըստ որում, երկու անգամ էլ հարցում է ներկայացրել կոմունիստ պատգամավոր Վացլավ Էքսները:

Չեխիայում հրապարակվող ազդեցիկ «Լիդովե Նովինի» օրաթերթի խորհրդարանական թղթակիցն այս փաստին անդրադարձել է բավական խոսուն մի վերնագրով. «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների համար պայքարում է կոմունիստը»: Տասնամյակներ շարունակ «Ազատություն» ռադիոկայանի ու դրա լրագրողների դեմ պայքարած քաղաքական ուժի ներկայացուցիչն այժմ հանդես է գալիս ի պաշտպանություն նույն այդ ռադիոկայանի լրագրողների իրավունքների: Ավելի խոցելի հարված հարգարժան ռադիոկայանի համար դժվար էր մտածել, ըստ որումՙ հարված, որ նախապատրաստել են իրենց համար հենց ռադիոկայանի բարձրաստիճան ղեկավարները:

Յարոմիր Շտետինայի նամակնՙ ուղղված ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի իր գործընկերներին, կարող եք կարդալ նաեւ մեր ինտերնետային անգլերեն էջում:

ՀՐԱՆՏ ԴԱՐԲԻՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4