«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#24, 2010-02-12 | #25, 2010-02-13 | #26, 2010-02-16


ՂԱԶԱԽՍՏԱՆ. «ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ ՀԱՐՑԻ (ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ) ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

ԵԱՀԿ գործող նախագահը ջերմագույն խոսքերով է հրաժեշտ տվել Բաքվին ու հիմա Երեւանում է

«Աստանան, լինելով ԵԱՀԿ գործող նախագահ, հույս ունի, որ 2010 բեկումնային կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եթե կողմերը հետեւողական լինեն ձեռք բերված պայմանավորվածություններում», պաշտոնական այցով Բաքվում գտնվելիս երեկ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը :

Ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում Ղազախստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Աստանան օգտագործում է հակամարտության լուծման բոլոր հնարավորությունները, իսկ վերջին պայմանավորվածություններն Աթենքում ու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում լավատեսություն են հաղորդում:

Սաուդաբաեւի խոսքերով, Բաքու այցելությունը, որին արդեն երեկ հաջորդել է ժամանումը Երեւան, խնդիր ունի տեսնելու ղարաբաղյան հակամարտության ողջ հիմնահարցերը: «Սա Ղազախստանի համար առաջնահերթություն է, որպես ԵԱՀԿ նախագահող երկրի, եւ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երբեւէ չի փոքրացրել հետաքրքրությունը այս հակամարտության հանդեպ: Մենք գիտենք հարցի պատմությունը եւ օգտագործում ենք բոլոր ռեսուրսները հակամարտութան լուծման համար», հայտարարել է Ղազախստանի արտգործնախարարը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ինչպես եւ Բաքվում, Երեւանում էլ նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները երկրի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, արտգործնախարարի հետ:

2010 թ. սկզբին ԵԱՀԿ նախագահությունը ստանձնած Ղազախստանը, ըստ կազմակերպության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, առաջին այցելությունը նախատեսել է հենց Հարավային Կովկաս, քանի որ այստեղ գործում են ԵԱՀԿ երկու գրասենյակներ` Երեւանում եւ Բաքվում:

«Ղազախստանը հետխորհրդային տարածքի առաջին երկիրն է, որ ընտրվել է ԵԱՀԿ նախագահող, եւ մենք ձգտում ենք ամբողջապես օգտագործել մեր ժողովուրդների պատմական մտերմությունն ու մտածելակերպի ընդհանրությունները, մեր երկրների ղեկավարներ Նուրսուլթան Նազարբաեւի եւ Իլհամ Ալիեւի բարի ու վստահալից հարաբերություններըՙ «ձգձգված հակամարտությունների» խաղաղ լուծման հնարավոր զարգացման հասնելու համար», ասել է Կանատ Սաուդաբաեւը:

Իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` Ղազախստանի արտգործնախարարը հայտարարել է, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք գոյություն չունի: Այս առնչությամբ էլ Ղազախստանը մտահոգություն է հայտնել շփման գծի միջադեպերի առումով:

Նշենք, որ անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր: Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, ադրբեջանական կողմը փոքր տրամաչափի հրազենից եւ դիպուկահար հրացաններից գնդակակոծել է ղարաբաղյան դիրքերը գրեթե բոլոր ուղղություններով:

«Թշնամու բոլոր գործողությունները համարժեք պատասխան են ստացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից», նշված է պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4